նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, April 9, 2010

Respect: Վիլյամ Սարոյան: Մանկիկ /հատված չորրորդ/

IV

   Աշխարհը ճերմակ էր ձմեռային այն սառնամանիքի օրը, երբ նա մեր դպրոց եկավ ու մտավ դասասենյակ` իր հետ բերելով Սիեռա Նևադայի ցրտաշունչ քամին, լեռնային կենդանիների հանդարտ զգոնությունը, թռչող բազեների լռությունն ու նազանքը: Նա` այդ բարձրահասակ, կլոր լիքը դեմքով, ծանր սև մազերով ամերիկուհին: Նա հոր հետ սայլով էր եկել: Նա ազատություն տեսած իմաստուն աչքեր ուներ: Կեցվածքը հաստատուն էր, շարժումները` նազանի: Խոսքը մեղմ էր ու կոշտ: Ամերիկան ու մենք բոլորս շրջվեցինք` հիանալու մեր աշխարհամասով` Հյուսիսային Դաքոթայով, Նեբրասկայով, Վայոմինգով, անվերջանալիորեն ձգվող ամերիկյան հողով և այս աղջկանով` Բեթիով:
   Մեջն ունենալով հանդերձ կարծր հողի ու բարձր լեռների ամրությունը` նա շատ համեստ էր ու ժպտում էր մեզ: Մենք կարդալ գիտեինք, իսկ նա` ոչ, սակայն մենք ավելի քիչ բան գիտեինք, քան նա, որովհետև նա խոսում էր այնպիսի բառերով, որոնք ծնվել էին նյութի ամրությունից: Այդ ամենը, ինչ նա ասում էր, մեր ասածներից շատ ավելի խորիմաստ էր:
   Դպրոց նա չէր գնացել, ու թեև դեռևս տասնչորս տարեկան էր, ցանկացած հասուն կնոջից ավելի խոշոր էր: Նա շագանակագույն խոշոր ձեռքեր ուներ և ասում էր.
   - Ես վեց տարի շարունակ կարգուկանոնով պահել եմ լեռների իմ հայրական տունը, բայց հիմա հասկանում եմ, որ վաղ թե ուշ պետք է կարդալ սովորել: Այնպես, որ եկել եմ գրքերից սովորելու:
   Մեր դասարանում բոլորն էին ուրախ, որ ինչ-որ մեկը սարերից իջել է հովիտ` մեր փոքրիկ քաղաքը` սայլով կտրելով ցեխոտ ճանապարհները: Նա մուտք էր գործել մեր աշխարհը, ու թեև բոլորից խոշորամարմին էր և շատ մեծ` երրորդ դասարանում սովորելու համար, դրանից ո՛չ ամաչում էր, ո՛չ էլ շփոթվում: Շփոթվում էր մեր ուսուցչուհին: Նա ասում էր.
   - Դու ուզում ես ասել, որ դպրոցում երբեք չե՞ս սովորել: Որ սա առաջին անգա՞մն է, որ դու հայտնվել ես դպրոցի շենքում:
   - Ես հայրիկիս հետ սայլով շրջում էի,- ասում էր աղջիկը,- և որևէ տեղում կանգնելու ու դպրոց գնալու հնարավորություն չեմ ունեցել: Մենք ճամփորդել ենք այս ամբողջ երկրով մեկ: Մի գիշեր մենք մնացինք հյուրանոցում, դա պատահեց Չեյենեում: Իսկ առավոտյան նախաճաշին տապակա կերանք ու սուրճ խմեցինք:
   Մեր ուսուցչուհին շատ էր զարմացել: Նրան հեշտ օրեր չէին սպասում: Այս աղջիկը ճամփորդել էր մեկ այլ աշխարհում: Նա չի զարգացել իր ժամանակի երեխաների աշխարհում` սովորելով այբուբենն ու թվերը: Նա հասարակ մարդու դուստր էր ու հոր հետ կտրել-անցել էր ողջ աշխարհամասը: Մեր ուսուցչուհին շփոթված էր: 
   - Մայրդ որտե՞ղ է,- հարցրեց նա:
   - Ջոն մորս մասին երբեք ոչինչ չի պատմել,- ասաց աղջիկը:
   Եվ, ամենազո՜ ր Աստված, այդ պահին և այդ տեղում մեջս ծագեց ամենախենթ միտքը, որ երևի կարող է ծագել երրորդ դասարանի տղայի գլխում: Ես ինքս ինձ ասացի. "Այս աղջիկը որևէ կնոջից չի ծնվել: Նա պարզապես ինքն իրեն դուրս է եկել բոլոր այն վայրերից, որոնք ես երբևէ չեմ տեսել` ընդարձակ հարթ հովիտներից, լեռներից, գետերից, երկրի մի ծայրից մյուսը փռված բոլոր քաղաքներից":
   Ես ուզում էի նրան ճանաչել այնպես, ինչպես մեղուն է ձգտում ճանաչել մի մեծ ու պայծառ ծաղիկ` մխրճված լինելով այնպիսի խորության մեջ, ուր քաղցրությունն է ու առեղծվածը, որպեսզի գույնի բոցերից դուրս կորզի մեղրը և վեր ճախրի հրաշք ձևերից:
   Իմ ամբողջ արածը շատ վատ արձագանք գտավ: Դա զայրացրեց մեր ուսուցչուհուն, նա ինձ շատ վատ բաներ ասաց և ուղարկեց տնօրենի առանձնասենյակ` որպես դպրոցի ամենավատ տղան, որը ցանկանում է լեռնային այս խոշոր աղջկան:





Ընդգծումներն իմն են` Ա.Պ.


No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)