նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Monday, March 15, 2010

Հյուսիսային պողոտա /դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/


-->

2007-2010



© Արա Պետրոսյան




[ Հյուսիսային պողոտա ]



/դիտարկումներ Ալ. Թամանյանի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ/


















Սկիզբը

   Ակնարկը նպատակ ունի անդրադառնալ Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական որոշ ծրագրերին նոր լույսի տակ: Կփորձեմ մանրամասն ներկայացնել և վերլուծել մեծանուն ճարտարապետի` գծագրերին մնացած և այժմ ու առայժմ իրականացվող ծրագրերի այն մասը, որն առնչվում է Նոր Երևանի և մասնավորապես Հյուսիսային պողոտայի հետ: Այս առումով կարևոր եմ համարում անդրադառնալ պողոտայի հղացման, մշակման և իրականացման ընթացքին ու պատմությանը: Նոր Երևանի հատակագծում քաղաքաշինական այս կարևորագույն առանցքն ունի իր նախապատմությունը:
   Ալեքսանդր Թամանյանը որպես ճարտարապետ ձևավորվել ու կայացել էր ռուսական միջավայրում` Պետերբուրգում: Նպատակահարմար չեմ գտնում այս հոդվածի շրջանակներում անդրադառնալ ճարտարապետի ռուսական շրջանի գործունեությանը` այն մի առանձին ծավալուն հոդվածի նյութ համարելով: Նշեմ միայն, որ Պետերբուրգում ապրած տարիներին նա արդեն ծանոթ է եղել հայկական շինարվեստին: Այս փաստի վկայություններից մեկն է անվանի հնագետ Նիկողայոս Մառի[1] պատվերով Անիի թանգարանի շենքի էսքիզային տարբերակի հեղինակումը Թամանյանի կողմից դեռևս 1908թ-ին:[2] Պահպանված էսքիզային նախագծում ակնհայտ է   այն մոտիվներիգերակայությունը”, որոնք բնորոշում են զուտ հայկական ճարտարապետությունը:
  
Անի քաղաքամայրի թանգարանի էսքիզային տարբերակ, 1908թ
















«Քաղաք-այգիները»

   Երևանի Գլխավոր հատակագծի ստեղծման ընթացքում Թամանյանը լայնորեն օգտագործել է արևմտաեվրոպականքաղաք-այգուչափանիշներն ու դրույթները: Քանզի այս գաղափարը սկզբունքային է նաև տվյալ հոդվածի սահմաններում, ուստի «քաղաք-այգիների» ստեղծման պատմությանը կանդրադառնամ առավել մանրամասնորեն:
   XIX-XX դարերի սահմանագծում Անգլիայում ծնվեց ուտոպիստական մի գաղափար, որին վիճակված էր մեծ հետք թողել հետագա տասնամյակների եվրոպական քաղաքաշինության վրա: Հայտնի տնտեսագետ և լրագրող Էբենիզեր Հովարդը 1898թ հրատարակեցՎաղվա օրը. Խաղաղ քայլ դեպի իրական բարեփոխումներգիրքը:[3] Այստեղ նա խստորեն քննադատության էր ենթարկում եվրոպական խոշոր քաղաքներն ու դրանց համատարած ու անկազմակերպ կառուցապատումը: Ըստ նրա` արվարձանների առկայությունը, անընդհատ ավելացող բնակչությունը, հակասանիտարական պայմանները և խառը կառուցապատումը մեծ քաղաքները դարձնում են «ծանր հիվանդներ», որոնց պետք էր «բուժել» ոչ թե հատակագծային կտրուկ փոփոխություններով, այլ բնակչության աստիճանական տեղափոխմամբ մեծ քաղաքներից դեպի այլ բնակավայրեր: Այս հիմքի վրա ծնվեց բնակչության տեղաբաշխման համարերրորդ մագնիսիհովարդյան գաղափարը:
   Ի հակադրություն առաջին և երկրորդ «մագնիսների»` քաղաքի և գյուղի` «երրորդ մագնիս» պետք է դառնային տնտեսապես ինքնավար քաղաք-այգիները, որոնք պետք է կառուցվեին բնության գրկում և իրենց մեջ օրգանապես միավորեին քաղաքային և գյուղական կյանքի բոլոր առավելությունները: Քաղաք-այգիները պետք կառուցվեին մեծ քաղաքներից ոչ շատ հեռու և իրենց մեջ «ներքաշեին» քաղաքների անընդհատ ավելացող բնակչության որոշ մասը` թեթևացնելով մեծ քաղաքների վիճակը:
   Հովարդի ուսմունքը բաղկացած էր 4 հիմնական դրույթից` սոցիալական, տնտեսական, աշխարհագրական և քաղաքաշինական: Մի կողմ թողնելով առաջին երկուսն անցնենք աշխարհագրականին, որն իրենից ներկայացնում էր այսպես կոչված «մոլորակային համակարգ»: Հովարդն առաջարկում էր հիմնել «քաղաք-այգիների ֆեդերացիաներ», որոնք բաղկացած կլինեին մեկ կենտրոնական գլխավոր և վեց փոքր «քաղաք-այգիներից»: Այս վեց փոքր քաղաքները արբանյակների նման շրջանագծելու էին գլխավորին: Սրանք իրար հետ կապվելու էին երկաթուղու միջոցով: Կենտրոնական քաղաք-այգում կառուցվելու էին հասարակական և առևտրական շինություններ, ինչպես նաև բուհեր և դպրոցներ:
   Քաղաք-այգու ուսմունքի մեջ Հովարդի հաղթաթուղթը համատարած կանաչապատման գաղափարն էր: Յուրաքանչյուր քաղաք-այգուն հատկացված տարածքի ընդամենը 1/6-րդ մասն էր ենթակա կառուցապատման, մնացած տարածությունը զբաղեցնելու էին կանաչապատումը և գյուղատնտեսական ազատ հողատարածությունների գոտին:
   Բոլոր քաղաք-այգիների հատակագծման սկզբունքը նույնն էր. քաղաքի կենտրոնում պետք է լինեին զբոսայգին և գլխավոր հասարակական ու մշակութային շինությունները: Քաղաքի գլխավոր փողոցը` Մեծ ավենյուն կամ պողոտան լինելու էր զբոսապուրակ` նախատեսված միայն հետիոտների համար, և կապելու էր քաղաքի կենտրոնը երկաթգծի կայարանի հետ: Երկրորդ գլխավոր փողոցը շրջանաձև մայրուղին էր` քաղաք-այգու հիմնական տրանսպորտային երակը: Քաղաք-այգիների հատակագծման սերուցքը շառավղային և շրջանաձև փողոցների համադրումն էր: Քաղաքի զբաղեցրած տարածքը և բնակչության թիվը, ըստ Հովարդի, պետք է մնային նախապես որոշված սահմաններում և ենթակա չէին ավելացման: Քաղաք-այգիների բնակելի տարածքները պետք է կառուցապատվեին 1-2 հարկանի քոթեջային տիպի առանձնատներով` յուրաքանչյուրն իր առանձին հողակտորով:
   Ելնելով քաղաք-այգիների բնակչության սահմանափակությունից և կառուցապատման խտությունից` Հովարդը սահմանագծեց քաղաքի չափերը: Քաղաք-այգիների տրամագիծը չպետք է անցներ 2կմ-ից: Այսպիսով, հետիոտների համար մատչելի էր դառնում քաղաքը շրջապատող կանաչ տարածությունների գոտին: Սակայն, բացի այդ գոտուց, ամբողջ քաղաքը պետք է “գերհագեցվեր” կանաչ տարածություններով:
   Հարկ է նշել, որ Հովարդի գաղափարներն առաջացել էին ոչ դատարկ տեղում: Ւր գրքում նա նշում է երեք աղբյուր, որտեղից ծագել է իր ուսմունքը. Վեյկֆիլդի և Մարշալի առաջարկները բնակչության համակարգված տեղաբաշխման վերաբերյալ (1884թ), հողատիրության համակարգի Թ.Սպենսեի և Հ.Սպենսերի գաղափարները, և Ջ.Ս. Բուկինգհեմի «իդեալական քաղաքի» դրույթները (1846թ):[4]
   1903թ-ին Լոնդոնից 55կմ հեռավորության վրա սկսվեցին առաջին քաղաք-այգու` Լեչվորտի շինարարական աշխատանքները: Քաղաքին հատկացված 1800 հեկտարից 2/3-րդը նախատեսված էր կանաչապատման համար: Հատակագծի հեղինակներն էին Ռ.Էնվինը և Բ.Պարկերը: Առաջին քաղաք-այգու հեղինակները հեռու չգնացին Հովարդի առաջադրած գաղափարներից: Քաղաքի միջուկը դարձավ կենտրոնական այգին, որից տարբեր ուղղություններով բացվում էր ճառագայթաձև 12 փողոց: Այս փողոցներից մեկը` Բրոդվեյը ստացավ 30մ լայնություն և դարձավ քաղաքի զարկերակը` կապելով կենտրոնը երկաթգծի կայարանի հետ: Արտադրական ձեռնարկությունները գտնվում էին Լեչվորտի արևելյան մասում, բնակելի զանգվածները` երկաթգծից հարավ ընկած տարածքում: Այստեղից արևմուտք քաղաքի հասարակական կենտրոնն էր, որի հստակ երկրաչափական հատակագծմանը հակադրվում էր բնակելի զանգվածների ազատ կառուցապատումը: Բնակելի մասի ոչ խիտ կառուցապատումը (12 տուն 4000ք/մ-ի վրա) քոթեջային տիպի տներով և կանաչ զանգվածի առատությունը Լեչվորտի հիմնական առանձնահատկությունն էին:
 
Լեչվորտ քաղաք-պարտեզի հատակագիծը, 1903թ
 
   Քաղաք-այգիների հատակագծման սկզբունքները հետագա տարիներին փորձում էին օգտագործել խոշոր արդյունաբերական քաղաքներին մոտ գտնվող բնակավայրերի վերակառուցման համար: Սրանցից ամենախոշորը Հեմփսթեդն էր Լոնդոնի մոտակայքում, որի կառուցման աշխատանքները սկսվեցին 1906թ-ին (ճարտարապետներ Բ.Պարկեր, Ռ.Էնվին և Է.Լատիենս): Չնայած այս ավանի արտաքին կարծեցյալ նմանությանը քաղաք-այգիներին` այն հեռու էր Հովարդի առաջադրած գաղափարներից: Ավանը չուներ սեփական արտադրություն և Հեմփսթեդի բնակիչները աշխատավայր հասնելու համար պետք է մեկնեին Լոնդոն: Այս հանգամանքը Հեմփսթեդը դարձնում էր «քաղաք-ննջարան»:[5]
   Առաջին համաշխարհային պատերազմից հետո կառուցված Ուելվինը (Լոնդոնից 32կմ հեռու) իր ճարտարապետական հորինվածքով միջանկյալ տեղ է գրավում Լեչվորտի և Հեմփսթեդի միջև: Այն կառուցվեց որպես Լոնդոնի «արբանյակ-քաղաք», սակայն չդարձավ «քաղաք-ննջարան» ինչպես Հեմփսթեդը: Ուելվինի հիմնական առանձնահատկությունը քաղաքից դուրս հյուսիսային ուղությամբ ձգվող բավականին մեծ տարածք զբաղեցնող անտառանման պուրակներն են:[6]


Ուելվին քաղաք-այգու հատակագիծը, 1906-1907թթ

   Հովարդի գաղափարները մեծ տարածում գտան եվրոպական քաղաքաշինության մեջ: Նմանաօրինակ քաղաք-այգիներ կառուցվեցին Գերմանիայում (Հելլերաու, Մյունխեն-Պերլախ), Ֆրանսիայում (Շատենե-Մալաբրի) և Ռուսաստանում (Կրատովո):
   Թամանյանի կողմից քաղաք-այգու սեփական և վերամշակված տարբերակը կյանքի կոչվեց Պրոզորովկա ավանի (այժմ` Կրատովո, Մոսկվայից 40կմ հեռու) նախագիծն իրականացնելու ընթացքում: Ավանը հիմնադրվեց 1913թ-ին` առաջին քաղաք-այգու հիմնադրումից 10 տարի անց: Նախագծի համահեղինակն էր ինժեներ Վ. Սեմյոնովը: Ավանի նախագիծը հեղինակների կողմից մտածված էր որպես Ռուսաստանի առաջին քաղաք-այգին: Ինչպես նշում են հեղինակները. «ավանի հատակագծման ընթացքում հաշվի են առնվել արտասահմանյան քաղաք-այգիների տեսության և պրակտիկայի լավագույն ու կենսունակ կողմերը»:[7] 


Կրատովո ավանի հատակագիծը, 1913թ

   Ավանը տեղավորված է գետի ափին` անտառով ծածկված բլրաշատ տեղանքում, և շրջապատված է ազատ հողատարածքներով` հենց այն գյուղատնտեսական գոտիով, որը համարվում էր «դասական» քաղաք-այգու կարևոր տարրերից մեկը: Այդ գյուղատնտեսական գոտին կապված էր ավանի մեջ մտնող այգիների և պուրակների ամբողջության հետ և հանդիսանում էր այսպես կոչված «թարմ օդի պահեստ» բնակավայրի համար: Ընդհանուր առմամբ, ավանը հեղինակների կողմից նախագծված էր որպես մի ամբողջական այգի, որի մեջ բացվելու էր փողոցների ցանց և կառուցվելու էին բնակելի ու հասարակական շենքեր:
   Ավանի նախագծում հստակ դասակարգված են փողոցների տիպերն` ըստ իրենց նշանակության և տեղադրության: Գլխավոր հատակագիծը հաջող կերպով մերվում է տեղանքի ռելիեֆի հետ, այստեղ  հստակորեն համադրվում են նաև կանոնավոր և ազատ հատակագծման սկզբունքները:
   Հատակագծի հիմնական առանցքը երկաթգծի կայարանից դեպի քաղաք ձգվող երեք ճառագայթ-փողոցներն են: Սրանցից կենտրոնականը (64մ լայնությամբ) հանդիսանում է ավանի գլխավոր փողոց-զբոսայգին` նախատեսված միայն հետիոտների համար: Այն միացնում է կայարանը ավանի կենտրոնական հրապարակի հետ: Այս փողոցը և հրապարակը քաղաք-այգու վարչական և հասարակական կենտրոնն են կազմում: Այստեղ են կառուցված ավանի գլխավոր շենքերը` թատրոնը գրադարանը, բանկը, եկեղեցին և այլն:
   Մյուս երկու ճառագայթները, ինչպես նաև միջին կիսաշրջանաձև փողոցը (որն արևմուտքից արևելք հատում է երեք ճառագայթաձև փողոցները) ունեն 32մ լայնություն և կատարում են տրանսպորտային երթևեկության համար նախատեսված մայրուղիների դեր:
   Փողոցների այսպիսի դասավորվածությունը նպատակ ունի ամենակարճ ճանապարհով իրար միացնել քաղաքի գլխավոր մասերը` վարչական կենտրոնը, երկաթգծի կայարանը, քաղաքամերձ այգին, հիվանդանոցային և դպրոցական թաղամասերը:
   Ավանի ծայրամասերն են տանում երրորդ կարգի փողոցները` 22մ լայնությամբ և վերջապես բնակելի թաղամասերի ներսում` բացառապես հետիոտների համար նախատեսված  չորրորդ կարգի փողոցները` 12մ լայնությամբ (որից միայն 2 մետրը զբաղեցնելու էր կանաչապատումը):
   Բնակելի թաղամասերի կառուցապատման հիմնական տիպը մեկ-երկու հարկանի քոթեջային տներն են` յուրաքանչյուրն առանձնացված տնամերձ հողակտորով:  
   Պրոզորովկա քաղաք-այգու նախագիծը լայն արձագանք ստացավ մամուլում և խթան հանդիսացավ այլ քաղաք-այգիների կառուցման համար: 1913թ-ի վերջին Պետերբուրգում ստեղծվեց “Քաղաք-այգիների ռուսական միությունը”, որի նպատակն էր բնակարանային պայմանների բարելավումը և քաղաքային ու մերձքաղաքային տարածքների խելամիտ օգտագործումը: Հետագայում Ռուսաստանը դարձավ “Քաղաք-այգիների միջազգային ասոցիացիայի” անդամ:
   Նշեմ, որ այս նախագծից կյանքի են կոչվել միայն հիվանդանոցային թաղամասը և բնակելի զանգվածների մի մասը: Հիվանդանոցային թաղամասն ամբողջությամբ նախագծել և կառուցել է Ալ. Թամանյանը` 1913-1918թթ ընթացքում:
   Քաղաք-այգու հատակագծման հիմնական սկզբունքները Թամանյանն օգտագործել է նաև Հայաստանում` Լուկաշինի, Նուբարաշենի, Էջմիածնի ու, որոշ վերապահումներով, Երևանի նախագծման աշխատանքների ժամանակ:
   Լուկաշին ավանի հատակագիծը Թամանյանը ստեղծել է 1926թ-ին: Այստեղ նա վերարտադրել է քաղաք-այգու գաղափարը` որոշ բարեփոխումներով: Լուկաշինի հատակաձևն ունի հնգաթև աստղի նմանվող կառուցվածք-ուրվագիծ` կենտրոնում շրջանաձև հրապարակով: Այստեղից ելնում են հինգ ճառագայթ` փողոց-պուրակներ, եվրոպական քաղաք-այգիների ավենյուների նման: Ամբողջ ավանն այսպիսով բաժանվում էր հինջ շրջանի: Առանձին թաղամասերի ներքին փողոցներն ավարտվում էին փոքր հրապարակներով: Կենտրոնից ձգվող ճառագայթները հաջորդաբար հատվում էին երեք շրջանաձև ավելի լայն փողոցներով, որոնցից մեկն ավանի գլխավոր տրանսպորտային մայրուղին է: Լուկաշինի փողոցներն ըստ հատակագծային կառուցվածքի բաժանվում են երկու տիպի` տրանսպորտային և հետիոտն երթևեկության համար: Բնակելի տարածքների կառուցապատումը պետք է իրականացվեր մեկ-երկու հարկանի տներով: Թամանյանն ինքը նախագծեց տիպային մի քանի տներ Լուկաշինի համար:



Լուկաշինի հատակագիծը, 1926թ

   Նուբարաշենի հատակագծում միահյուսված են փողոցների ճառագայթա-օղակաձև և ուղղանկյուն հատակագծման սկզբունքները: Ավանի կենտրոնով արևելքից արևմուտք ձգվում է զբոսայգին, որի միջով հոսում է ջրանցքը: Այս կանաչ զանգվածն ավանը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի առանձին հորինվածքային լուծում:

Նուբարաշենի հատակագիծը, 1926-27թթ

   Հատակագծման ճառագայթա-օղակաձև սկզբունքը Թամանյանը կիրառել է նաև Էջմիածնի նախագծի մեջ: Կենտրոնի հրապարակից ձգվում է երեք ճառագայթաձև փողոց, որոնցից կենտրոնականը միացնում է հրապարակը երկաթուղային կայարանի հետ, իսկ մյուս երկուսը քաղաքից դուրս եկող մայրուղիներն են: Հրապարակի շուրջն են խմբավորված հասարակական շինությունները: Լայն զբոսայգին բաժանում էր պատմական հուշարձանների շրջանը քաղաքի հասարակական կենտրոնից, ինչպես նաև բնակելի զանգվածից: Թամանյանը նախատեսում էր ստեղծել կանաչ զանգվածի միասնական համակարգ: Քաղաքի կենտրոնական մասը, ինչպես նշվեց, շրջապատվում էր զբոսայգով, որին հարում էին մշակույթի պուրակը և քաղաքամերձ այգիները:      
   Այսպիսով, Թամանյանը, ելնելով ստեղծված իրավիճակից (պատմական հուշարձանների առկայությունը), Էջմիածնի հատակագծման համար օգտագործեց տարբեր մեթոդներ, քաղաքի նոր ձևավորված մասում ստեղծեց ճառագայթա-օղակաձև փողոցների ցանց, իսկ հին մասում (Մայր տաճարի շրջակայքը) հատակագիծը սերտորեն կապեց պատմականորեն ձևավորված միջավայրի հետ:


Էջմիածնի հատակագիծը, 1926-27թթ

   Թամանյանը 1928թ-ի մի զեկուցման մեջ մանրամասնորեն նկարագրում է քաղաք-այգիներից վերցված իր որոշ սկզբունքների անհրաժեշտությունն ու կենսունակությունը: Նրա հակառակորդները պատճառաբանում էին, որ եվրոպական քաղաք-այգին անհամատեղելի է սոցիալիստական գաղափարախոսության հետ: Թամանյանն առարկելով պնդում է, որ նա վերցրել է միայն քաղաք-այգու հատակագծման սկզբունքները, և չի շոշափել Է. Հովարդի առաջադրած սոցիալական դրույթները:[8]
   Լուկաշինի, Նուբարաշենի և Էջմիածնի հատակագծերում Թամանյանն իրեն դրսևորեց որպես հմուտ քաղաքաշինարար` Հայաստանի յուրահատուկ պայմանների և տեղագրության հետ միահյուսելով քաղաք-այգիների նախագծման սկզբունքները:
   Այսպիսով, վերցնելով արտասահմանյան քաղաք-այգիների լավագույն ձևերը, Թամանյանը վերամշակեց և հարմարեցրեց դրանք ռուսական և հայկական միջավայրին: Մասնավորապես, փողոցների հատակագծման ճառագայթա-օղակաձև մեթոդը, առատ կանաչապատման ձևը լայնորեն օգտագործեց ինչպես Կրատովոյի, այնպես էլ Երևանի հատակագծման ժամանակ:

























Նոր Երևանի հատակագիծը

   Տարածված այն կարծիքը, թե Թամանյանը 1923թ գալով Խորդրդային Հայաստան հանպատրաստից նախագծեց Երևանի վերակառուցման Գլխավոր հատակագիծը, հեռու է իրականությունից: Ամեն ինչ սկսվեց դեռևս 1919թ հոկտեմբերին, երբ Թամանյանն առաջին անգամ այցելեց Հայաստան: Պահպանվել է մի ուշագրավ փաստաթուղթ,[9] որտեղ Թամանյանը Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարին զեկուցում է քաղաքի կենտրոնական մասում[10] տիրող անհրապույր իրավիճակի մասին և առաջարկում մի շարք համակարգված լուծումներ: 1920թ մայիսի 20-ով թվագրված զեկուցագրում մասնավորապես նշվում է, որ իր կողմից մշակման փուլում է Երևանի հատակագիծը եվրոպական շինարարության և քաղաքների բարեկարգման ժամանակակից պահանջներին մոտեցման ծրագիրը:
   Թամանյանը դեռ այդ ժամանակ առաջ քաշեց քաղաքաշինական մի շարք հիմնարար դրույթներ, որոնք կյանքի կոչեց 1923թ-ից հետո` արդեն նոր հասարակարգի պայմաններում: Քաղաքաշինարարը մասնավորապես առաջարկում էր ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքը դարձնել քաղաքի կենտրոնական հանգույց, որտեղից բացվելու էին մի շարք կենսական փողոցներ. սրանցից մեկը հրապարակից տանելու էր դեպի սբ. Սարգիս եկեղեցուն հարող տարածք և Հրազդանի կիրճ, մյուսն ուներ առավել տրանսպորտային ուղղվածություն` հրապարակը միացնում էր երկաթուղային կայարանի հետ, երրրորդը ճանապարհ էր բացում դեպի քաղաքի հյուսիսային շրջաններ ևն: Քաղաքի կենտրոնի վերակառուցման տարրերից էր նաև հրապարակին քառանկյան տեսք տալն, ի տարբերություն գոյություն ունեցող ձագարաձևի:
   Հայաստանում Թամանյանի գործունեության հաջորդ փուլն սկսվում է 1923թ-ի գարնանը, երբ նա, ժամանելով Երևան, շարունակում է աշխատանքները քաղաքի գլխավոր հատակագծի վրա` արդեն նոր հասարակարգի պայմաններում: Հատակագիծը հաստատվում է 1924թ ապրիլի 3-ին` դառնալով մայրաքաղաքի կառուցապատման գլխավոր փաստաթուղթը:

Նոր Երևանի հատակագիծը, 1924թ

   Համաձայն Երևանի` Թամանյանի նախագծած Գլխավոր հատակագծի, քաղաը բաժանվում է մի քանի շրջանի:
   Քաղաքի կենտրոնը` վարչական շրջանը Հանրապետության (նախկին Լենինի անվան) հրապարակն էր: Այստեղ էին կառուցվելու հիմնական վարչական շենքերը:


Երևանի կենտրոնի հատակագիծը

   Այս շրջանին մոտիկ` հարավ-արևմտյան ուղղությամբ տեղավորված է առևտրական մասը, այստեղից արևելք` արդյունաբերական քաղաքամասը:
   Քաղաքի հյուսիս-արևելյան մասում ուսանողական թաղամասն է, որի կողքին գտնվում է հիվանդանոցային մասը:

Ուսանողական թաղամասի հատակագիծը
   Քաղաքի կենտրոնից հյուսիսային ուղղությամբ մշակութային հիմնարկությունների արվարձանն է: Կոնդի բլրի վրա տեղավորվելու էր Պետական թանգարանը ութ մասնաշենքերով: Այստեղ Զանգվի ափին լինելու էր առողջարանային համալիրը: Քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում պետք է լիներ մեծ անտառանման պուրակ, որը պաշտպանելու էր քաղաքը հյուսիսային քամիներից ու փոշուց:[11]
   Քաղաքի կենտրոնական մասը շրջապատում էր Օղակաձև զբոսայգին, իսկ Գլխավոր պողոտան,[12] ինչպես նաև շառավղային ծառաշատ փողոցները լիովին կազմակերպում էին քաղաքի միջուկի կանաչապատումը:
   Երևանի հատակագիծը բնորոշվում է եղած քաղաքի արմատական վերանորոգման համակարգված լուծմամբ: Մայրաքաղաքը չուներ այն հենման կետը, որից կարելի կլիներ սկսել հատակագծումը:[13] Մյուս դժվարությունը քաղաքի բնակչության տեղաբաշխման խտությունն էր: Իր հատակագծում Թամանյանը պահպանեց պատմականորեն ձևավորված փողոցների ցանցի հիմնական մասը, բայց զգալիորեն վերափոխեց այն` օգտագործելով “հատակագծային վիրաբուժության” մեթոդը: Վերջինիս հիմնական դրույթը ենթադրում էր արդեն կառուցապատված և բնակեցված տարածքներում ստեղծել կամ օրգանապես “ներկառուցել” նոր փողոցներ և հրապարակներ` առանց կտրուկ “քայլեր” կատարելու արդեն գոյություն ունեցող շենքերի նկատմամբ:
   Քաղաքի խիտ կառուցապատումը, որոշ փողոցների արդեն ձևավորված ուրվագիծը, այն ժամանակ որոշ արժեքավոր շինությունների պահպանման անհրաժեշտությունը ևն ստիպեցին Թամանյանին Գլխավոր հատակագծում կենտրոնական թաղամասերը նախագծել համեմատաբար փոքր ծավալների մեջ: Սա հետագայում վեճերի առիթ դարձավ Թամանյանի հակառակորդների համար:



Երևանի կենտրոնի մի հատվածի հատակագիծը 1924թ-ից առաջ և հետո

   Երևանի հատակագծման հիմնական սկզբունքը քաղաքի օրանական միասնությունն էր ռելիեֆի հետ և նրա ֆունկցիոնալ տարանջատումը տարբեր քաղաքամասերի: Քաղաքի տարածքի 10-15%-ը (760 հեկտարից 140-ը) հատկացվելու էր կանաչապատմանը: Երևանի հատակագծի կառուցվածքին բնորոշ է օղակաձև-շառավղային և ուղղանկյուն փողոցների ցանցի համադրումը: Ինչպես ցույց տվեց փորձը`փողոցների և պողոտաների դասավորման այս ձևը` շրջապատված օղակաձև զբոսայգով ամենահարմարն է քաղաքի ռելիեֆի համար:























Երեք հրապարակի համակարգը

   Երևանի Գլխավոր հատակագծով նախատեսվում էր կենտրոնի կազմակերպումը երեք հրապարակի համակարգով (Ազատության, Հանրապետության և Շահումյանի), որոնք իրար միջև ստեղծելու էին տարածական կապ: Հրապարակների այս համակարգում գլխավոր դերը կատարում էր Լենինի (Հանրապետության) հրապարակը, որը զետեղված էր հատակագծի հիմնական առանցքների հատման վայրում: Բացի քաղաքաշինական-ֆունկցիոնալ նշանակությունից հրապարակը նաև ծառայելու էր որպես տրանսպորտային հանգույց: Նախնական շրջանում այն մտածված էր օվալաձև կառուցվածքով, սակայն հետագայում բարդացավ` ավելացավ հյուսիսային սեղանաձև մասը: Հանրապետության հրապարակը զբոսայգու և երկու փողոցների միջոցով կապվում էր Շահումյանի  անվան հրապարակի հետ: Վերջինս ունի ուղղանկյուն կառուցվածք և Հանրապետության հրապարակի հետ կազմում է տարածական մի ամբողջություն: Թատերական (Ազատության) հրապարակը Հանրապետության հրապարակի հետ կապվում է Հյուսիսային պողոտայով և հանդիսանում է կարևորագույն օղակ քաղաքի կենտրոնի և նրա հյուսիսային հատվածների միջև:
   Երևանի առաջին Գլխավոր հատակագծի կաևոր արժանիքներից մեկն այն է, որ հեղինակը կարողացավ երևան բերել, գնահատել և հատակագծի մեջ նորովի արտացոլել հին քաղաքի բազմադարյան զարգացման ուղիները, որոնք կապված են մշտապես առկա գործոնների հետ, ինչպիսիք են բնակավայրի դիրքը, ասես բնական ամֆիթատրոնում` բացված դեպի Արարատյան դաշտավայր, ռելիեֆը և կլիմայական պայմանները, տեղական շինարարական և ազգային մշակութային ավանդները: Էական նշանակություն ուներ և այն հանգամանքը, որ Թամանյանը գլխավոր հատակագծում արդեն հղացել էր քաղաքի հիմնական համալիրները` իրենց ծավալատարածական հորինվածքով, նախագծել էր կառուցապատման առանձին շեշտված հանգույցների տարածական կապը` ստեղծելով հրապարակների համակարգեր:
   Թամանյանն ամենից առաջ քաղաքաշինարար էր, նրա ցանկացած կառույց նախ ծնունդ էր առնում որպես քաղաքի որևէ շրջանի կամ ողջ քաղաքի տարածական մեծ համալիրի բաղկացուցիչ մաս:
   Երևանի Գլխավոր հատակագծի արժեվորմանն անշուշտ պետք է մոտենալ ժամանակի` 1920-ականների սկզբի քաղաքաշինական պրակտիկան հաշվի առնելով: Առաջին հատակագծի հաստատումից հետո անցած ժամանակամիջոցում Երևանի բնակչությունն աճել է 10-12 անգամ, ընդլայնվել է քաղաքի տարածքը, բարձրացել է կառուցապատման հարկայնությունը, տրանսպորտի շարժումը դարձել է ավելի ինտենսիվ, զարգացել է քաղաքաշինությունն ընդհանրապես: Այս ամենի պատկերի վրա 1924թ-ի հատակագծի առանձին դրույթներ` թաղամասերի որոշակի մանրատում ևն իհարկե չեն համապատասխանում այսօրվա պահանջներին: Սակայն դա չի նվազեցնում իր ժամանակի համար առաջադիմական նշանակությունն այն քաղաքաշինական մոտեցման, որ հանդես է բերել Թամանյանը Երևանի հատակագծման մեջ:
   1924թ-ի գլխավոր հատակագծի հղացումների կենսական և առաջադիմական լինելու լավագույն վկայությունն այն է, որ այն, դիմանալով ժամանակի քննությանը, հետագայում հիմք հանդիսացավ և լայնորեն օգտագործվեց մայրաքաղաքի 1939, 1951, 1971 և 2008թթ գլխավոր հատակագծերում:
   Թամանյանը 1929թ-ին ստեղծեց Երևանի` տեղահանույթային և տեղագրական տվյալների հիման վրա մշակված հատակագիծը, իսկ 1932թ-ին ներկայացրեց դրա վերամշակումը:

Երևանի վերամշակված հատակագիծը, 1932թ

   1934թ-ին Թամանյանը սկսեց նախագծել Մեծ Երևանի հատակագիծը[14], սակայն հասցրեց ստեղծել միայն էսքիզը:        
Մեծ Երևանի հատակագիծը, 1934-1936թթ

   1925թ սկսվեց Երևանի Գլխավոր հատակագծի իրագործումը: Թամանյանի նախագծած մի շարք շենքերի կառուցումով ամապնդվեցին քաղաքի հատակագծի հորինվածքը և գլխավոր առանցքները:      
   Նշենք այն սկզբունքային կետերը, որոնց վրա հիմնված էր Երևանի` թամանյանական հատակագծի հորինվածքը. Հանրապետության հրապարակը (պայմանական առաջին կետը) կազմում էր հատակագծային երևակայական «բութ եռանկյան» կենտրոնական մասը, որից հարավ-արևմուտք ձգվում էր պուրակ դեպի Շահումյանի հրապարակ (երկրորդ կետ): Երրորդ կետը Թատերական հրապարակն էր, որ Հանրապետության հրապարակի հետ կապվում էր Հյուսիսային պողոտայով:  












Հանրապետության հրապարակը

   Պահպանվել է Հանրապետության հրապարակի կառուցապատման սկզբնական տարբերակներից մեկի նախագիծը, որտեղ առկա է երկու հետաքրքիր ճառագայթ` Մասիսի և Հրազդանի փողոցները: Առաջինը ներկայիս փոստատան և նախկին Միությունների տան միջով ուղղվելու էր դեպի Արարատ լեռը, երկրորդն անցնելու էր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի գրաված տարածքի միջով և հասնելու էր Հրազդանի ձոր:
Հանրապետության հրապարակի կառուցապատման մի տարբերակի հատակագիծ, 1929թ

   Հրապարակի հատակագծերի թամանյանական մի քանի տարբերակից առավել կենսունակ էր երկու տարբերակ. Առաջինում պահպանվում էր Կուլտուրայի տունը (ներկայիս Պատմության թանգարանի շենքը)` հետագայում այն քանդելու և ներկայիս ավազանի տեղում հասարակական խոշոր շենք կառուցելու միտումով: Այս դեպքում հրապարակի տարածությունը կսահմանափակվեր ձվաձև մասով, իսկ Գլխավոր պողոտան կանցներ հրապարակից դուրս: Երկրորդ էսքիզի համաձայն Կուլտուրայի տումը ևս ենթակա էր քանդման, սեղանաձև մասը չէր կառուցապատվում և Գլխավոր պողոտան միախառնվում էր հրապարակին: Միաժամանակ դրակա լուծում էր ստանում Հյուսիսային պողոտայի ելքի խնդիրը դեպի հրապարակ:
   Վերոհիշյալ տարբերակներից որին էր նախապատվություն տալիս Թամանյանը՞:


Կառավարական տան չիրականացված տարբերակը, հեռանկար և հատակագիծ




 
                  










Կառավարական տան իրականացված տարբերակը, հեռանկար և հատակագիծ

   Կառավարական տան երկու տարր մեզ կարող են հենման կետ ծառայել` բացահայտելու համար Թամանյանի հղացումները: Հրապարակի գլխավոր շինության չկառուցված շրջանաձև ծավալը և Նալբանդյան փողոցին հարող նախկին Հողժողկոմի շենքի երրորդ հարկի ավելացումը խոսում են երկրորդ տարբերակի օգտին:
   Հրապարակի հորինվածքային լուծման թելադրող գործոններն են Հյուսիսային և Գլխավոր լայն պողոտաները: Սրացից առաջինը խաչվում էր Կառավարական տան կենտրոնական մասի հետ և միանում Հարավային (ներկայիս Տիգրան Մեծի) պողոտային: Իսկ երկրորդը` խաչվում է Հյուսիսայինի հետ հրապարակից դուրս: Տարածական այս համակարգը ենթադրում էր նաև հորինվածքային համապատասխան կապ: Այդ նպատակով Թամանյանը Կառավարական տան հորինվածքում նախագծեց մոտ 62 մետր բարձրություն ունեցող աստիճանավոր թմբուկի ծավալ: Վերջինս փոխադարձ կապ էր հաստատում Կառավարական տան և Օպերայի թատրոնի միջը: Որպես հետևանք` մայրաքաղաքի համար կարևոր երկու կառույց միավորվում էին տարածականորեն:
   Հրապարակի կառուցապատումը սկսվեց Կառավարական տան շինարարությամբ, որն ըստ Թամանյանի պետք է գերիշխող դիրք ունենար ապագա հրապարակի համալիրի կազմում: Կառավարական տան կենտրոնական մասի վերոհիշյալ շրջանաձեև կառույցը պետք է իրար կապեր բավականին մեծ տարածություն զբաղեցնող շինության մասնաշենքերը: Այս գաղափարը հեղինակի մահից հետո չիրականացվեց անորոշ և անհայտ պատճառներով:[15]
   Հետագայում` 1950-ականներին վերոհիշյալ շրջանաձև կառույցի գաղափարն անցավ Պատմության թանգարանի շենքին: Այդ տարիներին կառուցվեց թանգարանի բաց սյունասրահը (հեղինակներ` Մ.Գրիգորյան, Է.Սարապյան):

























Հյուսիսային պողոտան ու ճառագայթը

   Ինչեպս արդեն նշել եմ, Կառավարական տունն ու Օպերայի և բալետի թատրոնն, ըստ հատակագծի, պետք է իրար միանային Հյուսիսային պողոտայի միջոցով: Այս պողոտան Հարավայինի հետ մեկտեղ կազմելու էին Երևանի հիմնական հորինվածքային առանցքը: Հատակագծային մյուս ոչ պակաս կարևոր առանցքը լինելու էր Գլխավոր պողոտան:
   Նշեմ, որ բացի Հյուսիսային պողոտայից թամանյանական հատակագծում առկա էր նաև Հյուսիսային ճառագայթը` առաջինի հորինվածքային ու տրամաբանական շարունակությունը: Այն ձգվելու էր Օպերայի թատրոնից մինչև Քանաքեռի բարձունք` անցնելով այժմյան Կասկադի տարածքով:
   Խոսելով Թամանյանի չիրականացված ծրագրերից հարկ է մի փոքր կանգ առնել Օպերայի և Բալետի թատրոնի շենքի ճարտարապետության վրա: Նախնական տարբերակներից մեկում ներկայիս Ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճի ճարտարապետությունը նախատեսվում էր լուծել բացօթյա ամֆիթատրոնի տեսքով:


Ֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահի բաց ամֆիթատրոնային տարբերակը

   Ճարտարապետը նախատեսում էր ամֆիթատրոնի դիմաց գտնվող տարածքը կազմակերպել այգիների և շատրվանների հաջորդական շարքով, որը ձգվելու էր մինչև ներկայիս Թամանյան փողոց: Սակայն հետագայում այս ծրագիրը նույնպես չիրագործվեց. այժմ այդ տարածքում Սայաթ-Նովա և Մաշտոց պողոտաների խաչմերուկն է` Ֆրանսիայի հրապարակը:
   Հյուսիսային պողոտան, չիրագործվելով Թամանյանի օրոք, ճարտարապետի մահից հետո մոռացության մատնվեց: 1966թ-ին հայտարարված Երևանի կենտրոնի համամիութենական մրցույթի ժամանակ Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարը վերածնվեց: Այս տարիներին հայ ճարտարապետներն առաջարկում էին պողոտայի կառուցման երկու եղանակ. բացել ուղղաձիգ փողոց-միջանցք, կամ էլ պողոտայի ճարտարապետությունը լուծել իրար հաջորդող փոքր հրապարակների ու շատրվանների համակարգով:

Երևանի կենտրոնի նախագծման տարբերակ, 1960թ





Հյուսիսային պողոտայի նախագիծ, 1962թ





Հյուսիսային պողոտայի նախագիծ, 1962թ









Երևանի կենտրոնի նախագիծ, 1966թ

    Նշեմ, որ Թամանյանի հատակագծով նախատեսվում էր առաջին տարբերակը: Ըստ Թամանյանի` Օպերայի և բալետի շենքից եկող տարածական հոսանքի ընդհանուր ուղղությունը հանգչելու էր Կառավարական տան` չկառուցված կլոր ծավալին և ուղղվելու էր դեպի Շահումյան հրապարակ: Այսպիսով Կառավարական տանը տրվելու էր գերիշխող դեր, իսկ երեք հրապարակները կազմելու էին տարածական մեկ ամբողջություն: Այս մտահղացմանը, ցավոք, բախտ չվիճակվեց իրականանալ: Թամանյանին խանգարող միակ հանգամանքը Կուլտուրայի տունն էր (այժմ Պատմության թանգարան), որը նա նախատեսում էր քանդել և տեղափոխել մի փոքր հյուսիս:
   Արդեն 1974թ-ի Երևանի կենտրոնի կառուցապատման մրցույթում հեղինակային յոթ խմբերից հինգն իրենց նախագծերում ընդհանրապես հրաժարվեցին Հյուսիսային պողոտայից:

Երևանի կենտրոնի նախագիծ, 1974թ

   1976թ ավարտվեց Հայաստանի ազգային պատկերասրահի խորանարդաձև վերամբարձ կառույցի շինարարությունը (հեղինակներ Է. Սարապյան, Մ. Գրիգորյան), ինչի «շնորհիվ» կառավարական տունը զրկվեց իր գերիշխող դիրքից հրապարակի ճարտարապետական համալիրում:[16] Բացի այդ, պատկերասրահի այս շենքն ի չիք դարձրեց Հյուսիսային պողոտայի կառուցման թամանյանական տարբերակը և երկու մասի բաժանեց Գլխավոր պողոտայի ամբողջական` նույնպես թամանյանական լուծումը:
   1985թ-ին հայտարարվեց Հյուսիսային պողոտայի նախագծերի մրցույթ և քաղաքաշինական այդ խնդիրը նորից առաջ քաշվեց: Ստորև պատկերված են տարբերակներից մի քանիսը:

Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ


Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ


Հյուսիսային պողոտայի տարբերակ, 1985թ

   2000թ-ին մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Ն. Սարգսյանի կողմից նորից առաջ քաշվեց Հյուսիսային պողոտայի և ճառագայթի կառուցման անհրաժեշտությունը:      
   2002թ-ի մարտի 26-ին Հյուսիսային պողոտայի ոչ թամանյանական տարբերակի հիմքը դրվեց: Իրականացվող տարբերակը մշակել է Ջիմ Թորոսյանը: Նոր նախագծով պողոտան Թումանյան փողոցից պետք է հասնի մինչև Պատկերասրահի առաջին հարկի սյունասրահը: Ներկայումս կառուցվող պողոտան զբաղեցնում է մոտ 7200ք/մ տարածք, ունի միջինը 24մ լայնություն և մոտ 450մ երկարություն:
    Հյուսիսային պողոտոան և ճառագայթը, ինչպես նաև Գլխավոր պողոտան ներկայումս ակտիվորեն կառուցապատվում են և միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով էր ճշմարիտ կամ սխալ շեղումը Երևանի թամանյանական հատակագծից:[17]








© Արա Պետրոսյան, 2007-2010թ

 




[1] Հիշեցնենք, որ Մառն էր Անի մայրաքաղաքի պեղումների նախաձեռնողն ու իրականացնողը:
[2] Թամանյանն առաջին անգամ հայրենիք է եկել 1919թ-ին:
[3] Գիրքը վերահրատարկվեց 1902թ-ին` “Ապագայի քաղաք-այգիները” վերնագրով:
[4] Бунин А., Саваренская Т., История градостроительного искуства, том 2, Москва 1979
[5] «Քաղաք-ննջարանները» 20-րդ դարի կեսից մեծ տարածում գտան Եվրոպայում: Մեր իրականության մեջ դրա օրինակ կարող է հանդիսանալ Երևանից հյուսիս-արևմուտք գտնվող «Վահագնի» թաղամասը:
[6] Նշեմ, որ քաղաքի հյուսիսային հատվածում տեղակայված կանաչ զանգվածների գաղափարը հետագայում օգտագործվեց Թամանյանի կողմից Երևանի հատագծման ժամանակ, սակայն սա կույր ընդօրինակում չէր. հաշվի էր առնվել, որ քամիները Երևանին հարում են հիմնականում հյուսիսից և անտառանման զանգվածի առկայությունը կպաշտպանի կենտրոնը փոշուց:
[7] Борисова Е., Каждан Т., Русская архитектура XIX – начала XX века, Москва 1971
[8] Բանբեր Հայաստանի արխիվների, 1968 #2, էջ 34-39
[9] Բանբեր Հայաստանի արխիվների, 1990 #3, 15 135-138
[10] Խոսքը մասնավորապես վերաբերում է Առևտրական հրապարակին` նախկին Ղանթարի շուկային (ներկայումս «Շիրակ» հյուրանոցի դիմաց գտնվող Մանկական զբոսայգու տարածքը)
[11] Քաղաքամասերի`  “վարչական, առևտրական, արդյյունաբերական, ուսանողական, հիվանդանոցային, մշակութային, առողջարանայինբնորոշումները Թամանյանինն են և իհարկե չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական  և ճարտարապետակամ տերմինաբանությանը:
[12] Այն անցնում է քաղաքի կենտրոնով` հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք (ներկայիս Բուզանդի փողոց)
[13] Որոշ վերապահումներով որպեսհենման կետկարելի է դիտարկել 1906-1911թթ Բ.Մեհրաբովի կազմած Երևանի տեղահանույթային-տեղագրական հատակագիծը, որտեղ տրված է քաղաքի փողոցների ուրվագիծը:
[14] Այն նախատեսված էր արդեն 500.000 բնակչության համար, ի տարբերություն 1924թ-ի հատակագծի, որը ենթադրում էր մինչև 150.000 բնակչություն:
[15] Մասնագիտական գրականության մեջ նշվում է ֆինանսների բացակայության գործոնը, ինչը, կարծում եմ, հեռու է իրականությունից:
[16] Ըստ իս այս շենքի կառուցմամբ հեղինակներն ակնհայտորեն փորձել են թեկուզ պատկերասրահի ֆիզիկական բարձրությամբ հրապարակում ստանալ գերիշխող դիրք ու վերջնականապես խորտակել հրապարակի թամանյանական տարբերակը:
[17] Հոդվածը գրվել է 2007թ-ին, վերամշակվել 2009թ-ին: Այս տարիների ընթացքում հետևելով պողոտայի շինարարությանը, հասկանալի է դառնում որ այն դարձել է չարիք կենտրոնի համար: Շենքերի մեծ մասի շինարարությունը կիսատ է մնացել, այդ տարածքների նախկին բնակիչների մեծ մասը մինչ օրս համարժեք փոխհատուցում չեն ստացել, քանդվել է ճարտարապետական արժեք ունեցող մի քանի շենք: Թամանյանի նախագծով Հյուսիսային պողոտան պետք է հետիոտն անցում լիներ Օպերայի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, սակայն վերածվել է ընդդիմության ցույցեր ընդունող շինհրապարակի:

9 comments:

  1. Հրաշալի հոդված էր։ Շնորհակալություն։

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ: Համեցեք:

    ReplyDelete
  3. Շատ ուսանելի էր, համակարգված, պատմական ակնարկով ու զուգահեռներով հարուստ: Շատ ապրես! Կարելի է էսքան գործն անելուց հետո նաև գրել շարունակության մասին ու ներկայիս զարգացումների մասին:

    ReplyDelete
  4. Ախր ներկայի մասին չեմ կարող գրել, կկատաղեմ :-Ճ

    ReplyDelete
  5. լրիվ կիսում եմ մտավախությունդ, փաստորեն պտի թողնես պատմություն դառնա, որ գրելն էդքան ցավոտ չլնի․․․

    ReplyDelete
  6. Ախպեր ջան հալալա, ահագին գործ ես արել, շատ հետաքրքիր էր, ապրես
    Մենակ մի բան հարցնեմ, էտ Լուկաշինը, որտեղա՞

    ReplyDelete
  7. Նորավան /Լուկաշին/

    http://wikimapia.org/#lat=40.1866766&lon=44.004364&z=15&l=0&m=b&v=8&search=Lukashin

    ReplyDelete
  8. Bravo! c'était très intéressant. Il manque un livre au sujet de Tamanyan. J'ai le sentiment que nous l'avons oublié et si aucun livre n'est publié on finir par l'oublier pour toujours. Pourquoi pas une suite sur les erreurs majeures qui sont commises sur le plan urbain et architectural à Erevan qui a dénaturé les plans initiaux de Tamanyan? :D

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)