նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Friday, April 30, 2010

Respect: Վիլյամ Սարոյան: Ի պատիվ Ալ Նիդևարի /հատված/

Ես միշտ էլ ծիծաղկոտ եմ եղել` դրանով անհանգստություն պատճառելով այն մարդկանց, ովքեր չէին ծիծաղում` շփոթության մատնելով թատրոնի բոլոր հանդիսատեսներին: Ծիծաղը կարող էր լինել հանցագործություն, կամ ամեն դեպքում` մեղք: Մի անգամ Սան Ֆրանցիսկոյի դատարանում ես ծիծաղեցի դատավորի արած մի ակնարկի վրա ու անմիջապես ձերբակալվեցի, և ինձ հարցաքննության տարան հետախուզության ավագի մոտ:
   



Ես ծիծաղում էի, ահա և ամբողջը: Ես ծիծաղել սիրում եմ: Ծիծաղել` ինձ համար նշանակում է ապրել: Ես ժամանակ եմ վատնել և ծիծաղել եմ այդ ամենի վրա: Ես ծիծաղել եմ անգամ ամենադժվար ժամանակներում: Երբ ես խենթացա Լոնդոնում` լինելով ամերիկյան բանակի մի հուսախաբված շարքային, որ զօրուգիշեր աշխատում էր, որպեսզի երեսունինը օրում ավարտեր վեպը, որովհետև խոստացել էին արձակուրդ ուղարկել հետ` Նյու Յորք, և խաբված էի մնացել` դրա պատճառով վհատվելով, տառապելով և հուսահատության գիրկն ընկնելով, ես, միևնույն է, ծիծաղում էի: 


Thursday, April 29, 2010

կոմիտաս

-->
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ


... Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։ 1909թ. սեպտեմբերի 5-ին դիմեց Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթեոս Բ-ին.

«Քսան տարի Մայր Աթոռ Էջմիածնի միաբան եմ։ Մտել եմ այս հաստատությանը ծառայելու նպատակով։ Քսան տարվա ընթացքում շրջապատն ինձ թույլ չի տվել այն անելու, ինչ կարող էի, որովհետեւ տեսա միայն որոգայթ եւ ոչ արդարություն։ Նյարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ, որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարավ եմ ազնիվ աշխատանքի, փափագում եմ հեռու մնալ` խցել ականջս չլսելու համար, գոցել աչքերս չգայթակղվելու համար, սանձել զգացումներս չվրդովվելու համար, բայց չէ, մարդ եմ, չեմ կարողանում։

Եթե հաճո է Վեհիդ ինձ չկորցնել, արտասվելով աղերսում եմ` արձակեցեք ինձ Ս.Էջմիածնի միաբանության ուխտից եւ նշանակեք Սեւանա մենաստանում մենակյաց։ Քսան տարի կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրությամբ գրի առնեմ ուսումնասիրություններիս պտուղները` իբր առավել կարեւոր ծառայություն հայ եկեղեցվո եւ գիտության։

Վեհափառությանդ ծառա եւ որդի Կոմիտաս վարդապետ միաբան Ս.Էջմիածնի»։

Կոմիտասի նամակը մնաց անպատասխան։ 1910թ. աշնանը Կոմիտասը թողեց Էջմիածինը եւ մեկնեց Պոլիս։ 1911թ. Կոմիտասը դարձավ Պոլսի Ղալաթիո անվան Կենտրոնական վարժարանի հայկական երաժշտության դասախոսը։ Կարճ ժամանակում կազմեց 300 հոգանոց երկսեռ երգչախումբ եւ կոչեց «Գուսան»։ Նոյեմբերի 21-ին նշանակված էր անդրանիկ համերգը, որը կայանալու էր Փըթի-Շանի դահլիճում։ Տոմսերը սպառված էին նախապես։ Համերգասրահը հազիվ էր տեղավորել մեծաքանակ ցանկացողների չնչին մասը։ Հանդիսատեսն անհամբեր էր դառնում։ Նշանակված ժամից անցել էր 15 րոպե. վարագույրը չէր շարժվում։ Դահլիճով շշուկ է անցնում` համերգն արգելում են։ Թուրք կառավարությո՞ւնը։ Ոչ։ Հայ եկեղեցին։ Մի հոգեւորական է ներս մտնում եւ Կոմիտասին պարզում փակ ծրար` պահանջելով բացել եւ կարդալ։ Քառածալ, կնքված թղթի վրա գրված էր. «Կը ցավինք ի տեղեկություն հաղորդել Ձեր գերազանցության, որ հայոց եկեղեցվո սրբազան օրինաց եւ կարգաց բացարձակ հակառակ է եկեղեցվո ս.պատարագի երգեցողությունը աշխարհիկ թատերաբեմի վրայեն։ Հետեւաբար կարգելենք Ձեր հայցագրին առաջին մասը ի գործ դնել` ի բուժումն գայթակղյալ մտաց եւ կարտոնենք երկրորդ մասը` ի գոհացումն Ձեր անզուգական տաղանդավոր երգեցողությանց հետաքրքիրներուն։

Մնամ Ձեր անձնվեր պատր.փոխանորդ Ղեւոնդ Դուրյան»։

- Փարիսեցինե~ր,- պոռթկաց Կոմիտասը այնպիսի ձայնով, որ ապշեցրեց իր աշակերտներին, որոնք ամիսներ ի վեր ճանաչում էին նրան եւ չէին տեսել վարդապետին այդպիսի վիճակում,- Ուզում էիք տապալե՞լ իմ գործը... Եթե միայն արգելելն էր ձեր նպատակը, ինչո՞ւ նախապես չէիք արգելում։ Մի ամսից ավել է ազդագրերը փակցված են։ Ես պատրիարք-մատրիարք չեմ ճանաչում։ Գնա՛, ըսե՛, որ կաթողիկոսի հրամանը ունեմ գրպանս։

Նա, անշուշտ, ակնարկում էր այն հրամանը, որն, իրոք, էջմիածնական իր տարիներին ստացել էր Խրիմյան Հայրիկից։

Համերգը տեղի ունեցավ նախատեսված ծրագրով։ Կղերականները համերգը համարեցին մեղք եւ սրբապղծություն, իսկ Կոմիտասը ուխտադրուժ հայտարարվեց։

«Չես կարող երեւակայել, թե ինչեր քաշեցի, ինչ օյիններ սարքեցին տխմար տիրացուները,- գրում է Մարգարիտ Բաբայանին,- Բայց ես հաղթեցի, հայ երաժշտությունը հնչեց նորից»։

1914թ. հունիսին Կոմիտասը մեկնում է Փարիզ` մասնակցելու Միջազգային երաժշտական ընկերության հերթական կոնգրեսին։ Հետաքրքրությունը զեկուցումների եւ հայ երաժշտության հանդեպ այնքան մեծ է լինում, որ կայանում են երրորդ, չորրորդ չնախատեսված զեկուցումները։ Փարիզում ունեցած հաջողությունների լուրերի հետ Պոլիս էին հասել Կոմիտասի եւ Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ հոգեւոր եւ աշխարհիկ երգերի սկավառակները։ Այդ երգերի ձայնագրմանը Կոմիտասը նվագակցել էր անձամբ` դաշնամուրով եւ ֆիլհարմոնով։ Հոգեւորականները դա եւս համարեցին մեղք եւ սրբապղծություն։ Կրոնական ժողովը դիմեց ոստիկանությանը, որ արգելվեն գրամոֆոնի պլաստիկաների վաճառքը. գնեցին սկավառակները եւ ջարդեցին։ Հետագա սերունդները եւ մենք զրկված ենք Կոմիտասի կատարմամբ ձայնասկավառակներից։ Կոմիտասից մեզ հասած մի քանի հազվագյուտ ձայնագրումները իրեղեն վկաներն են զրկանքի մեծության։

Կոմիտասը դեռ 1909թ. զգում էր մոտալուտ ճայթյունը. Արշակ Չոպանյանին գրած նամակում, դառնալով դաշնակներին, ասում է. «Էլ բավ է, որքան քանդեցին մեր ներքին ու արտաքին կյանքը անմիտ հպարտությամբ եւ փուչ ուժով»։ 1912թ. դեկտեմբերի 18-ին գրում է. «Բավական է հավատալ Եվրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներին։ ժամանակն է մշակել սեփական գործնական ճամփեն»։

1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

«Հոտն անհովիվ, մոլոր ու շփոթ... Անմիտ որսորդներ բոլորած` միամիտ ձկներ ցանցած։ ...Ավերած, սարսափ ու սանձարձակ կեղեքում մեկ կողմեն, անտարբերություն, օտարամոլություն եւ ցեխոտ սրտեր մյուս կողմեն։ Փառասիրություն, փութկոտություն մեկ երեսեն, ապիկարություն, տգիտություն` մյուս երեսեն։ Յուրաքանչյուր ոք իր պաշտոնն զգեցած է իբր հանդերձ, զոր մերկություն մտաց ծածկի ի միամիտ աչաց։ Ո՞ւր է մեր խոհական Խորենացին, թող ելլե ու ողբա մեր խակերու սիրտն ու հոգին, միտքն ու գործը... Սիրտս փլած է...»։

Ապրիլի 11-ի գիշերը ոստիկանական կառքը կանգնեց Կոմիտասի տան դարպասի մոտ։ Կոմիտասին տարան Պոլսի կենտրոնական բանտ։ Երկու ժամվա մեջ բանտի բակում 220 ձերբակալված հայ մտավորականներ էին հավաքել։ Այդտեղից ցուցակները կարդալով` նրանց նստեցրին փակ մեքենաները, մի մասին տարան Արաշ, մյուսին` Էնկյուրի։ Էնկյուրի տարվածներին 44 կառքով տարան Գալայջիքի կայարան, տեղավորեցին Չանղըրըի զորանոցի նկուղում։ Այդտեղ Կոմիտասը կազմեց իր վերջին երգչախումբը։ Բայց խումբն օրեցօր նվազում էր. տանում էին 2-3 հոգու` ռազմական դատարանում դատելու պատրվակով։ Եկավ Դանիել Վարուժանի եւ Ռուբեն Սեւակի հերթը։ Երկար գրկել էին Կոմիտասին։ Հետո նրանց կառք նստեցրին ու տարան...

Աքսորից փրկված մտավորականները օտարերկրյա դեսպանների միջամտությամբ կարողացան ձեռք բերել Կոմիտասին եւ եւս 8 մտավորականներին ազատելու հրամանը։ Աքսորից ազատվելուց հետո Կոմիտասը դեպրեսիայի մեջ էր։ 1916թ. առողջությունը լավանում է։ Գրում է «Հայկական պար», «Մշո պար» դաշնամուրային ստեղծագործությունները։ Աշնանը դեպրեսիան կրկնվում է։ Նրան տեղավորում են Պոլսի թուրքական զինվորական հիվանդանոց։ 1919թ. տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրար, ապա` Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանը։ Այստեղ էլ Կոմիտասը վախճանվում է 1935թ. հոկտեմբերի 22-ին։ Իր կյանքի վերջին 19 տարին Կոմիտասն անց է կացրել հոգեբուժարաններում` որպես խելագար։ 1991թ. Փարիզում բժշկագիտության դոկտոր, 2 հոգեբուժական հիվանդանոցների գլխավոր մասնագետ Լուիզա Տեր-Հովհաննիսյանը Կոմիտաս վարդապետի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց, որտեղ ապացուցեց, որ Կոմիտասը խելագար չէր եւ չէր տառապում շիզոֆրենիայով։


Կոմիտասի մահվանից անցել է 75 տարի: Ցայսօր նրա հիվանդության եւ մահվան իրական պատճառները մնում են առեղծվածային: Կոմիտասագիտության մեջ մեծ երաժշտագետի վախճանին վերաբերող մի քանի վարկածներ գոյություն ունեն:

1991թ. Փարիզում բժշկագիտության դոկտոր, 2 հոգեբուժական հիվանդանոցների գլխավոր մասնագետ Լուիզա Տեր-Հովհաննիսյանը Կոմիտաս վարդապետի հիվանդության եւ մահվան թեմայով դիսերտացիա պաշտպանեց, որտեղ ապացուցում է, որ Կոմիտասը խելագար չէր եւ չէր տառապում շիզոֆրենիայով` հիմնվելով հետեւյալ փաստերի վրա:

«Բյուզանդ» թերթի խմբագիր Բյուզանդ Քեչյանը, որ աքսորված էր Կոմիտասի հետ, վկայել է, որ աքսորի դաժան օրերին ապրելու կամք եւ ցանկություն նրանց ներշնչում էր վարդապետը: Զարմանում էին, որ Կոմիտասը այդ պայմաններում ուժ էր գտնում ֆիզիկապես եւ հոգեպես առողջ մնալու, իսկ գիշերները քնում էր երեխայի նման:

Աքսորից ազատվելուց հետո Կոմիտասը դեպրեսիայի մեջ էր: Սակայն արդեն 1916թ. գարնանը առողջությունը լավանում է: Կոմիտասը գրում է «Հայկական պար», «Մշո պար» դաշնամուրային մեծ ստեղծագործությունները:

Աշնանը կրկնվում է դեպրեսիան եւ նրան տեղափոխում են Պոլսի թուրք զինվորական հիվանդանոց: 1919թ. տեղափոխում են Փարիզի Վիլ-Էվրար, ապա` Վիլ-Ժուիֆի հոգեբուժարանը: Այստեղ էլ Կոմիտասը վախճանվում է 1935թ. հոկտեմբերի 22-ին: Իր կյանքի վերջին 19 տարին Կոմիտասն անց է կացրել հոգեբուժարաններում` որպես խելագար:

Երկու անգամ էլ` թե՛ Պոլսում, թե՛ Փարիզում, Կոմիտասին հոգեբուժարանում մեկուսացրել են խաբեությամբ:

Թուրքական ջարդերի սարսափներից հետո նա դառնում է թուրք զինվորական բժիշկների հիվանդը. միայն այս փաստը բավական է եզրակացություն անելու` մի՞թե վարդապետը թուրքերի հետ պիտի խոսեր Եղեռնից:

Նույն կերպ «Կոմիտասի օգնության կոմիտեն» խաբեց վարդապետին` իբր Միջազգային երաժշտական ընկերությունը նրան հրավիրում է Ֆրանսիա` հերթական զեկուցումը կարդալու: Կոմիտասը շոգենավով ուղեւորվում է Փարիզ: Նրան ուղեկցում էր մի անծանոթ երիտասարդ` ոմն Գեւորգ Քամալյան, որն էլ կոմիտեի կարգադրությամբ Կոմիտասին խաբեությամբ տանում է հոգեբուժարան:

Կոմիտասի հիվանդության պատմությանը կցված է սխալ գրություն` իբր Կոմիաստը դեռեւս 1898թ. բուժվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի հոգեբուժարաններում. դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ Կոմիտասն այդ շրջանում սովորում էր Գերմանիայում:

Կոմիտասը 48 տարեկան էր, երբ առաջին անգամ հայտնվել էր հոգեբուժարանում: Բժշկական պրակտիկան բացառում է այդ տարիքում շիզոֆրենիայի դրսեւորվելը:

Ակնհայտ է, որ փաստերը նենգափոխել են կեղծ ախտորոշումը արդարացնելու համար:

Կոմիտասի պահվածքում անհանգստացնող դրսեւորումը լռությունն էր:

Մորիս Դուկոստեն, որը եղել է վարդապետի բժիշկը, գրում է, որ Կոմիտասն ուղղակի չէր ուզում խոսել, հատկապես նախկին ընկերների հետ: Բացի այդ, հայտնի է, որ «Օգնության կոմիտեն» կարգադրել էր, որպեսզի առանց իրենց թույլտվության ոչ ոք չայցելի Կոմիտասին: Ի՞նչ իրավունքով եւ ինչի՞ց էին զգուշանում կոմիտեի ներկայացուցիչները, եթե այդպես համոզված էին, որ Կոմիտասը հոգեկան հիվանդ է:

1999թ. հրատարակվեց Խաչիկ Սաֆարյանի «Կոմիտաս հրաշագործ» գիրքը, որտեղ հեղինակը Կոմիտասի խելագարության պատմությունը ներկայացնում է` վերապատմելով վարդապետի ժամանակակիցների հուշերը:

Ըստ այս վարկածի, հիվանդության առաջին նախանշաններն ի հայտ են եկել աքսորի օրերին: Ձերբակալված հայ մտավորականները, կանխազգալով իրենց հրեշավոր վախճանը, խնդրում են Կոմիտասին երգել «Տեր ողորմյան»: Լացի ու հեկեկոցի ալիք է բարձրանում: Տեսնելով իր ընկերներին այդ վիճակում` Կոմիտասը հիստերիայի մեջ բարձր ծիծաղում է:

Հետագայում, չկարողանալով վերականգնել Կոմիտասի առողջությունը` նրան ռումինական «Տաչիո» նավով ուղարկում են Փարիզ, որտեղ նրան դիմավորում է իր ավագ ընկերը` Արշակ Չոպանյանը: Վերջինս վարդապետին համերգասրահ ուղեկցելու փոխարեն տանում է հոգեբուժարան: Հեղինակն այս փաստը կապում է Կոմիտասի հիվանդության հետ. նա ի վիճակի չէր տնօրինել իր կյանքը, նրա համար միեւնույն էր` ուր կտանեն իրեն:

Կոմիտասը մահացել է ոսկորի բորբոքումից: Վիլ-Ժուիֆը էժանագին հոգեբուժարան էր եւ այստեղ հիվանդներին հագցնում էին կոպիտ ոտնամաններ, ինչից էլ Կոմիտասի ոտքը վնասվում է, հետո բորբոքվում` հասնելով մինչեւ ոսկորը: Հակաբորբոքային միջոցներ այդ տարիներին չկային, դրանք հայտնվել են միայն 1948-50-ական թվականներին:

Սա միակ եզրակացությունն է, որը ընդհանուր էր երկու վարկածների համար:

... Խրիմյան Հայրիկը Բյուրականի իր ամառանոցում առավոտյան սուրճն էր խմում: Հանկարծ ձայն տվեց թոռնուհիներին. «Աղջկերք, կես ժամե ի վեր ականջիս երգ ու երաժշտության ձայներ կուգան, սա ցնո՞րք է, թե՞ իրականություն»:

Հայրիկի պատվերով հարսներն ու թոռները վազեցին ձայների ուղղությամբ` մի բլուրի գագաթը, եւ ի՞նչ տեսնեն. դեպի գյուղ եկող սայլի վրա Խորեն Հայրիկը, տան բարեկամ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն ու Եղիշե Թադեւոսյանը շրջապատել էին Բեռլինից բերված իրենց դաշնամուրը: Բաց դաշնամուրի առաջ նստածը Կոմիտասն էր: Նվագում ու երգում էր Հայրիկի սիրած ուրախ երգերը:

Ուրախության սեղաններ բացվեցին: Հայրիկի խնդրանքով Կոմիտասը նվագեց, երգեց, պարեց ժողովրդական մարտական պարերից:

Մի քանի տարի առաջ նկարահանման խմբով Բյուրական էինք գնացել: Գտանք Խրիմյան Հայրիկի ամառանոցը, եղանք այն սենյակում, որտեղ գիշերում էր Կոմիտասը Բյուրականում եղած ժամանակ: Գյուղացիներից ամենատարեցները հիշողություններ էին պատմում Կոմիտասի մասին: Ասում էին, որ Հայրիկի ամառանոցի դիմացի տունը գյուղի մեծահարուստինն էր, ով շատ աղջիկներ ուներ: Ասում էին, որ Կոմիտասը նրանցից մեկին շատ էր հավանում եւ կանգնում էր պատշգամբում, որ դեպի աղջկա տունն է նայում, եւ երգում էր այդ աղջկա համար:

2004 թվականին լույս տեսավ «Կոմիտաս. Փըշուր մը. Քնարերգություն» ժողովածուն: Նախագծի հեղինակը եւ ղեկավարը Վահան Արծրունին էր: Կազմողը եւ խմբագիրը` Այդին Մորիկյանը: Գրքում ընդգրկված է Կոմիտասի քնարերգությունը: Քնարերգությունն, իսկապես, ընդամենը մի փշուրն է Կոմիտասի համընդգրկուն հանճարի: Բայց գրքում զետեղված սիրային բանաստեղծությունները վկայում են, որ Կոմիտասը, հաստատ, ապրել է սիրո զգացումը եւ դրանք նվիրված են սիրած կնոջը.

Անմար սեր

Քեզ չսիրե՞լ`
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
-Քեզի սիրել`
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:

Քո երազում

Եվ ա՛յս գիշեր, քո երազում,
տեսել ես, որ ես ու դու`
Երես-երես ճանաչել ենք
սիրո ծովում իրարու...
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար
ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել`
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն:
Սարը շողեն, ամպի քողեն`
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս` կանաչ ու կույս`
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել:
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել`
Ամպի տակին` արեւծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին`
Գլխիդ վերեւ ծիրան-գոտին փունջ արել:

Ճերմակ հեր, գարուն սեր

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն:
Տե~ս, իմ հեր`
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց:
Տե~ս, քու սեր`
Գարուն էր,
Որ գոցեց իմ խոց ու վեր`
Սրտիս խաղում ծավալեց:

Պետք չէ Կոմիտասին հիշել որպես տխուր, խելագարված հանճարի: Ի վերջո, բոլոր հանճարներն էլ կյանքի վերջում էլ չեն ուզում խոսել, շփվել. ընտրած մարդիկ են լինում նրանց վերջին տարիների, օրերի վկաները:

Կոմիտասը խելագար չէր եւ միայն Ցեղասպանության զոհը չէր: Այդ վերջին փաստն, իհարկե, հաճելի մորմոք է ավելացնում մեր մազոխիստական ցավին, ողբին: Բայց հիշեք, ռեալ մտածեք, սթափ դատեք. այդ ո՞ր Մեծին, Հանճարին մենք չենք խաչել: Շատ հեռու չգնանք. Փելեշյանից ի՞նչ գիտենք: Գիտենք, որ նա Մոսկվայում է եւ որ էլ չի նկարում այդ հանճարեղ, մեծ ռեժիսորը: Ինչո՞ւ: Այս ազգային նկարագրի մաս կազմող հարցի պատասխանն այնքան պարզ է Կոմիտասի երգիծական բանաստեղծություններից մեկում.

ԱՌԱԿ

Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց,
Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկաւ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց,
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ,
Ելաւ, թըռաւ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքըս է
Բայց ինձ լըսե`
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացիր
Դու մլակից,
Որ կծում է
Կաշու տակից:

Հ.Գ. Բյուրականում տատիկներին ու պապիկներին խնդրեցի երգել: Կոմիտասի մշակումներից էլ էին հիշում: Բայց հիմնականում երգում էին այն, ինչ հնչում է հեռուստատեսությամբ: Բոլորը երազում էին հայտնվել Տիգրան Կարապետիչի եթերում, դառնալ «Զմրուխտ» եւ «Ադամանդ»: Գյուղացին էլ երգեր չի հորինում. հեռուստատեսությամբ նրանք ստանում են համապատասխան «սնունդ»: Չնայած, դժվար է ասել: Գուցե կա՞, ստեղծվո՞ւմ է գյուղերում ժողովրդական ֆոլքլոր. հավաքող, տեր կանգնող, մշակող է պետք: Վերջիվերջո, Սպենդիարյանը, ոգեւորված Կոմիտասի գործով, ինքն էլ ընկնում է գյուղից գյուղ, բայց չի գտնում եւ ոչ մի այնպիսի գոհար, որ Կոմիտասն էր գտել, մշակել ու նոտագրել: Ու զարմացած բացականչել է Սպենդիարյանը. «Մեծագույն միստիֆիկատոր է այդ Կոմիտասը»...


Արտատպված է` "Չորրորդ իշխանություն"-ից

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)