նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Tuesday, February 2, 2010

Re:Post: մի ամբողջ 2007 թվական: մաս II


“ՊԱՏԸՄՎԱԾՔներ մանր` երևանյան, ու ոչ այնքան”

շարքի շարունակությունը


Ուիլյամը Սարոյան

Ընդհանրապես Սարոյանից թե իր գրվածքներից շատ բան եմ սովորել: Մի պատմվածք ունի վերնագիրը հիշում եմ, բայց չեմ նշի որ վազելով չգնաք կարդաք. ուրեմն մի հոր ու որդու մասին է, նստած են սրճարանում, հայրը կիսաեփ միս է ուտում ու մատուցողուհուն հորդորում է, որ իր որդու հետ դաշտ չգնա, քանզի նա խեղճ ու անմեղ աղջկան կփռի բարձր խոտերի մեջ երկու րոպեում: Էս աղջիկն էլ ասում է, որ մեծ հաճույքով նրա հետ դաշտ կգնար ու կշրմփար գետնին խոտերի մեջ (անամոթի մեկը չի էլ ամաչում): Էս պատմվածքն ինձ այնքան էր դուր եկել, որ վերը նշված հատվածները կյանքի կոչեցի մոտավորապես 2003 թե 2004 թվականներին մայրաքաղաքի այգիներից մեկում, հայոց մեծերի կողքին անամոթաբար: Վերջակետից հետո մի պատմվածք էլ ուներ, երբ հայտնի գրող էր, բայց անփող ու սոված ու ամեն առավոտ իջնում էր մի ֆրանսիական բոքոն էր գնում ու լիքը թեյնիկով թեյ խմում մինչև մութն ընկնելը: Մնացյալը հիշում չեմ


Եղեռն 1.0

Էսօր ապրիլի 24-ն է 2007թ ու մի կատաղած ձյուն է գալիս: Ձեռագիրս շատ փոփոխական է: Էսօր էլի կողբան եղեռնի վերաբերյալ, եղեռնը կգովազդեն բառիս բուն իմաստով: Հիշում եմ 90-ամյակի օրն ահավոր էր. հրապարակի մեծ էկրանին յուղ գոնչե էր գովազդվում արևոտ օր էր: Եղեռնի փաստը եթերով այնպես էինկարծես մի նոր նկարված ամերիկյան ֆիլմ լիներ էն էլ արձանիկ շահած: Մի քիչ գժվել էի: Չէ երևի չեք պատկերացնում առավոտյան 8-ից խոշորափաթիլ ձյուն է գալիս իսկ հիմա 13-ն անց է 54 րոպե: Մինչև սովորեցի վայրկյան բառը ճիշտ գրել մի քանի տարի անցավ: Հիմա էլի Մեսչյանի համերգները կհեռարձակեն: Միայն այս օրն են նրան ցուցադրում այդքան տևական:
Անոթի թոշակների առաջինը

Որ ընդունվեցի համալսարան, սովորում էինք կենտրոնական մասնաշենքում, հետո մեզ վտարեցին պատմության ֆակուլտետի պատմական մասնաշենքը: Դա III կուրսի առաջին ամիսներն էին, ես աշխատում էի ու գրեթե դասի չէի գնում: I կուրսը երբ ավարտեցի ամռանը սկսեցի աշխատել: Իմ առաջին աշխատանքն էր թոշակ էի բաժանում: Մի պապիկ կար հայրենականին մասնակցելու համար 1750 դրամ պատվովճար էր ստանում: Մնացած բոլորը վերցնում էին 1700-ը, 50-ը թողնելով սոված ուսանողիս: Իսկ սա վերցնում էր 750-ը 1000 տալիս էր ինձ սեղան էր գցում լավ ուտեցնում հետո նոր բաց թողնում: Էդ աշխատանքիս շնորհիվ անգիր իմացա Երևանի կենտրոնի բոլոր շենքերի համարները դալանները մուտքերն ու ելքերը փողոցներն Այգեստանի ծակուծուկերը ամառվա շոգին:
Ուրեմն դպրոցում, չէ ավելի լավ կլինի աշխատանքներս վերջացնեմ: Հա ուրեմն էս Այգեստանը մտնում էր թիվ 25 փոստային բաժանմունքի վարչական տարածաշրջանի մեջ: Ինձ բաժին էին ընկնում հիմնականում 9, 10 ու 11-րդ փողոցները: Ամենադժվարը 11-րդն էր
խառնիճաղանջ տներով, թունելներով, խաղողի այգիներով: Ես Այգեստանի սպիտակ խաղողների համը երբեք չեմ մոռանա: Որովհետև առավոտյան ստանում էի մի կլորիկ գումար, ասենք մի կես միլիոն դրամ ու մինչև երեկո քայլում էի բարձրանում-իջնում էի վազում էի շոգում էի գժվում էի սովածանում էի ու ընդամենը մեկ հատ շոկոլադ էի հանդգնում գնել, որովհետև փող էի հավաքում ուսման վարձածարավս փակելու համար, որն էդպես էլ չհավաքեցի: Հա ուրեմն շոգած ու սովածածարավասոված էի օգոստոս ամիսն էր ու ես քայլում էի ամայի այգեստաններով, որտեղ հաճախ մեկ տուն գտնելու համար պետք էր լինում 28 րոպե շոգեխարշ լինել: Դա այն ամիսն էր, երբ մարդիկ գնում են քաղաքիցդուրս: Ու հաճախ ինձ մոտ էր մնում ոչ միայն տանը չգտնվողների չստացած թոշակը, այլև նրանց խաղողայգիների փոշոտ ողկույզները, որոնք ես մաքրազարդում էի ամենայն բաց ճակատով: Այգեստանում ուտում էի միայն սպիտակ խաղողները ու էլ չէի նայում թե փոշոտ են հողոտ են կամ էլ թե դեղոտ: Անոթի ստամոքսս մի ամբողջ ամիս մինչև դասերի սկսվելը խաղողահյութ էր քամում: Էս չեմ գրում որ տխրեք: Դժվար լինելով հանդերձաբար էս առաջին աշխատանքիցս էնքան բան սովորեցի: Սովորեցի երկար, չէ շատ երկար քայլել, սոված մնալ ու լինել, ծարավել, փնտրել ու գտնել, պուլպուլակ գտնել ջուր ուզել, Նորքի այգիները ոտնատակ տալ ճոպանուղու ճանապարհն անցնել ոտքով գնացքի գծերով Հերացու փողոցից հասնել մինչև Չարենցի II նրբանցք, որն ամենևին էլ նրբանցք չէր այլ մի ամբողջ թաղամաս էլ չեմ ասում Մյասնիկյան պողոտայի մասին` ոտքով բարձրանում էի մինչև գազանանոց ու նրա աջ և ձախ ժայռերին բազմած խարխուլ տները: 1999 թվականն էր: Հետո 2000-ն էր: Սիրահարված էի պատանեկան խանդավառությամբ, որը միայն այդ տարիքում է լինում: Արդեն համարյա III կուրս էի: Հա մեկ էլ փող էի հավաքում որ սիրածս աղջկա հետ գնամ չգիտեմ թե ուր: Երևի մի սրճարան, չեմ հիշում:




Սիրում էի

Մեկը կար ու սիրում էի հետո հայտնվեց մեկ ուրիշը ում հեռվից էի սիրում: Հետո IV կուրսի վերջում իմացա որ այս մեկ ուրիշը հեռվից նույն բանն էր անում: Այնպես էր ստացվելու (շատ քիչ էր մնացել որ ստացվի) որ ես ընտանիք կազմեի այդ մեկ ուրիշի հետ – հիմա հավանաբար կլինեի օրինակելի հայր – կունենայի ամենաքիչը երկու ճուտիկ: Ինչ լավ էր որ չեղավ: Հիմա նա մարդի է գնացել սպասում է երկրորդ ճուտիկին ու մեկ-մեկ զանգում է: Գիշերն անուշ էր: Չգիտեմ համալսարանում ում սիրեցի Երևանից չէին: Ինչու եմ շեշտում այս փաստը:
2004-ից մինչ հիմա վերակենդանանում էի բառերիս ամենաբուն իմաստներով: Մեռնում էի հետո կենդանացա մի կերպ բայց բարեհաջող: Սիրում եմ գիշերայինը Երևան:
Երկրորդ լուսաբացը

II աշխատանքս գիշերային էր: Նստում էի մի նկուղում ցուրտ ու ժամն իննից մինչ չորսը գիշերվա միացնում էի զանգեր Հայաստանից մինչև Քալիֆորնիա: Հետո քայլում էի կինո Երևանից տուն ինձ մի փնտրիր դու ոստիկաններ շներ հատուկ կատաղացրած թափառականներ անտուններ պահակներ աղբ ու համարյա լուսաբաց: Գրոտում եմ էլի:


Ակնահատակներըս

Էսօր գնացի optomed ակնահատակներս քոմփյութերով նկարեցին ու պարզվեց որ շատ էլ լավ վիճակում են ու նույնիսկ կարող եմ ծննդաբերել եթե սեռս փոխեմ` մի յոթ րոպե ծիծաղում էի ակնաբույժի սենյակում: Իսկ էսօր 7-ն է մայիսի:


Մարտոբր

Տեսնես էս հայերն ինչի մայիսին չեն ամուսնանում: Չնայած ավելի լավ մեր պատուհանի տակ բանվոր-գյուղացիական հարսնիքների անասնական անընդհատ շչակների ղալմաղալը չի լսվի մի ամիս: Մեկը մեկին ասում է թե որն է ամենալավ ամիսն ամուսնանալու համար սա էլ ասում է մարտոբրը: Առաջինն ասում է սիրելիս բայց այդպիսի ամիս չկա, նա էլ թե` ճիշտ այդպես հոգյակս:


Լորամրգին սեռական հոլովով

Էդպես էլ չիմացա թե էդ լորամրգին ինչ տեսակ պտուղ է կամ հատապտուղ:
Ոտաբոբիկ սալահատակի վրայով մեկ է հիշելու եմ քեզ ու քո մազերը որ հետո կտրեցիր ու քո քիթը ու քո խալերից ամենակարևորը ու քո ոտքերը ու քո շորերը մի քիչ հին ու կիսաբաց վերնաշապիկը քո, որի տակից ի հեճուկս ինձ ոչինչ չէիր հագել ու կրծած եղունգներով մատներդ փոքր ու քո տեսքը կատաղած անձրևից հետո ու հողոտ գետինն այգիների: Ինչու էիր ինձ խաբում` սպանես` մեկ է չեմ հասկանա: Մինչև կոշիկներիս տակացուները սիրում էի քեզ: Ինչու էիր ինձ խաբում, ամեն ինչ կհասկանամ, բացի այդ մեկից: Բացառական հոլովով: Չէ սիրում էի քեզ սեռական հոլովով կամ էլ թե չէ թեքումով: Անգլիական թեքումով Չարենցի թիվ 67 միջնակարգ դպրոց: Չէ Չարենցի` թիվ 67 անգլերենի թեքումով էլիտար դպրոց:


Անգեղ պարմանուհիներն ու Տորքը

Երևանում ամենալավ արձանը Տորք Անգեղինն է Նորքի II զանգվածում, բայց ցավոք չգիտեմ հեղինակն ով է: Կգտնվի արդյոք մի պարմանուհի որ կհամաձայնի ամուսնանալ առանց եկեղեցական սքեմավորների ու իբր թե հայկական ավանդական ծեսերի: Ինչի եք էդքան շչակահարում ձեր տանԳանման մեքենաներով: Ինչի եք էդ հարսին դնում զրահամեքենայի մեջ ու տանում: Այսինքն մի տխմար էլ էդ աղջիկն էր որ համաձայնել ու նստել էր (հատուկ անցյալ ժամանակաձևն եմ օգտագործում քանզի այդ աղջիկն ալյևս աղջիկ չէ այլ տանտիկնոջ ` սեռական հոլովով): Չնայած տվյալ դեպքավիճակներում իրեն չեն էլ հասցնում:
Չեմ սիրում քսված չէ ներկված աղջիկների(ն): Ջահել ու թարմ աղջկա մաքուր մաշկի գույնն ու բույրը ոնց կարելի է հորել 10 միլիմետրանոց շպարի տակ: Թողեք էդ մաշկը շնչի էլի վրան ծակուծուկեր կան վերջիվերջո թթվածնի համար:


Զանգերը, մուտքերն ու պանթեոնը

Անընդհատ ուզում եմ զանգել քեզ, բայց չեմ զանգում: Հիմա ավելի դիմացկուն եմ քո նկատմամբ:
Կարոտում եմ մեր հին տունը էդ հնամաշ պատերը չեմ մոռանա մեկ էլ պատշգամբներն իմ բացօթյա ու փակօթյա ու իմ սենյակը ճաքած առաստաղով: Մեկ-մեկ գնում եմ մեր հին շենքի բակն ու նստում մեր մուտքի դիմաց: Տխուր է չէ:
Մեկ էլ ամեն գարնանն ու աշնանը քայլում եմ Պանթեոն պառկած մեծերի կողքին կանգնած մի գլանակ եմ վառում, ծխում, հետո մնացորդը մի քարի ճեղքի մեջ մտցնում արդեն մի յոթ հատ հավաքվել էր վերջին գնալուս ժամանակ: Ատում եմ քեզ կիսատության գերի:


Բանջարակերներն ու խաչի պաշտամունքը

Ատում եմ բանջարակերներին: Սրանք չեն հասկանում որ մարդակապիկը նԱև միս ուտելով է մարդ դարձել: Աթեիստ եմ մինչև ուղնուծուծը: Ավելի ճիշտ անկրոն: Խաչի կույր պաշտամունքն ավերեց հին ազգի մի էդքան էլ հին մշակույթը մնաց մի տաճար Գառնիում էն էլ պատահաբար մնաց: Իբր թե լուսավորիչ բայց իրականում Խավարատարած Գրիգորն ինչպես հիշում եք պարթև էր իր տեսակով /էդ պարսիկի հին արյունն է/: Ու էդ օտարազգին մի ուրիշ օտարի ոտքից գլուխ սխալ հիմքերի վրա չկառուցված կրոնը բերեց արյունով կռվով ջարդով խցկեց երկիրն հայոց: Էս հայերն էլ էնպես գրկաբաց են ընդունում ասես իրենց պապերի հազարամյա պաշտամունքն էր: Ինչու ես/մենք պետք է պաշտեմք մի հրեայի, երբ որ ունենք մի հզոր դիցարան: Վերջինս իհարկե մեծ ազդեցություն էր կրել պարսկականից, բայց դե հայացել էր: Երկիր գրավելու մի փորձ էր խաչապաշտությունն ու ստացվեց:
Եթե Ադամն ու Եվան համատեղ ուժերով ընդամենը Կայեն ու Աբել ծնեցին էդ ոնց երկու եղբայր հետո սերունդ շարունակեցին առանց իգական սեռի գոնե մեկ նմուշի կենակցության: Մարդիկ ոնց են հավատում եհովայի էդ հիմար շնչին: Լավ մեկ է շատերն ինձ չեն հասկանա ու հավատա: Նպատակ էլ չունեմ:


Պարապություն

Երեկոները պարապությունից խելագարվում եմ ուզում եմ թափառել հենց քեզ հետ կանաչների մեջ: Օղակաձև այգում մի հատված կա որտեղ ես փոքր ժամանակ շատ եմ խաղացել ու որտեղ լուսանկարների մի լավ շարք ունեմ: Հիմա քանդում են: Քանդում են նաև Հայոց լեզվի ինստիտուտն ու տաճար են սարքում լրբազանի համար: Երևանի գիշերներում մենակ կապրեի կամ էլ քեզ հետ: 25.05.07


Ժամանակաձևերը

Քեզ տեսնում եմ ժպիտ հետո նորից երկնագույն Մերսեդես 230 մակնիշի գինն ընդամենը 40.000 մարկ գերմանական: Մի տուն, որի դիմաց 20 պտուտակ քամուց հոսանք են քամում: Համակարգչիս էկրանին քո նկարն է որտեղ ժպտում ես: Լուցկիներով այն աղջիկը: Սիրում եմ քեզ ներկա շարունակականով կամ էլ թե չէ ապառնի ըղձականով կամ էլ թե չէ անցյալ անկատարով: Հոդվածների մի ամբողջ շարք: Դիպչել եմ ուզում: Մի հատ կիսատ-պռատ տետր ունեի, որտեղ իմ բանաստեղծություններն էին: Մոտ մի տասնյակից ավել. չեմ գտնում երևի վառել եմ: Էդ տետրում մի քանի հոգի իրենց հետքն էին թողել: Խորը այրվածքներ էին ստացածներս: Իմ հիշողության 41 տոկոսը կջնջեի կտորով: Մեսչյանի համերգին կգնայի, բայց որևէ փոքր դահլիճում: Հեղուկը օրը մի ութ բաժակ պետք է խմել ըմպանակով:
Գնացել էինք Ամբերդ ու նայում էինք աստղերին: Բաղնիք-զուգարան մուտքն ընդամենը 50 դրամ: Տուրիստների համար մի կերպ սարքած խարխուլ զուգարան: Խառնշտորում էի մազերդ աջ և ձախ ձեռքերովս: Հետո ինչ: Համալսարանի դիմաց մի ամբողջ պատմություններ փոքրիկ չէ` նովելներ: Բայց ափսոս են չափածոներս կորան անհայտ ուղղությամբ:
Խզբզելուց հետո կարելի է մրափել: Հայոց լեզվում մեկ-մեկ էնենց բառեր կգտնես որ էլ դու սուս: Վանդակավոր վերնաշապիկ վերևից երկուսուկես կոճակ արձակած էնպես որ աջից ու ձախից կիսակլորներ երևան: Մի քիչ մաշված ջինսե շալվար ներքևից ծալված մինչև ծունկը: Չէ սենց չի կարող լինել: Անտարակույս կուսակրոն քահանա: Տեքստը կարդալուց կետադրական նշաններն ինձ խանգարում են: Երկու բևեռ էինք: Արշակունյաց մայրուղի ոտնատակ տված մի 500 անգամ ամեն ամառ շոգին: Մաքառումներ անընդհատ: Մենակություն եմ տենչում: Երկու ականջ, որոնցից մեկը չի աշխատում: Հենց էնպես էլի, վերջերս գիրք չեմ կարդում:
Էսօր 23-ն է հունիսի 2007 ևս մեկը խորտակվեց ավելի շուտ սուզվում է: Հասկանում եմ էլի մի կերպ բայց չեմ հասկանում: Ոտաբոբիկ հերիք է էլի: Հասկանալ պետք չէ ընդհանրապես: Թքել է պետք իրար վրա ու երեսին: Հոգեկան հիվանդ էիր էլի մնայիր տենց անիմաստ ու անկուսակցական սեռապես անտրտունջ ու տոչորված քայլերով բերանիդ մեջ մտնող մազերով դե կտրի էլի դիմացից մի քանի չռթ մկրատի չէ` սղոցի: Մկրատամոլ դե ինչ գիտեիր է ոչինչ էլ չգիտեիր մենակ զգում էիր գուցեմի մեջքիդ թիակները բա թիակներն ուրիշ էլ որտեղ են լինում: Դե ոչինչ գոտին մի քիչ ձիգ էր կապած: Ինքն էր կատաղած թե անձրևը:


Եղբայրասպան

Զարմանում են թե էդ Կայենն ինչու սպանեց Աբելին: Բա էլ ում սպաներ էլ մարդ չկար որ սպաներ անասնական բնազդ էր մոտը մեկին պիտի սպաներ թե չէ բա ոնց ձեռքի տակ եղբայրն ընկավ: Հետո Կայենը մնաց մենակ ու չգիտես թե ոնց սերունդ շարունակեց: Կենդանական աշխարհում էդպիսի էակներ կան որոնք ինքնաբեղմնավորվում են մենակով ինքնաբերաբար է լավ հերիք է շնչից գրենք: Հեչ նկատել եք ճանճերը ձմեռը կորում են ես նոր եմ նկատել:
Մոլորվիր Երևանի գիշերներում ու կտուրներում: Հախվերդյանն ասում էր, թե իր էդ երգում լույսը մի այլ կարգի է դրված: Հաստատ: Աղոտ լույս: Ու իմ քնքուշ սևահեր: Դե ուր ես գնացել: Զանգում էիր մեկ-մեկ: Առաջին սեր լինում է բայց տեսնես վերջին էլ է լինում: Կուսակրոն քահանա կուսակցական անտարակույս: Իսկ ինչու ոչէ իսկ ինչու հայո:
Բարև իմ սեր
Ես եկա քեզ մոտ
Որ ասեմ` ես սիրում եմ քեզ
Իսկ ինչու ես սիրում, չես կարող չսիրել: Մի գիշեր կանկողնանաք ու վերջ էլի ու տենց շաբաթը երեք անգամ ռեժիմով մինչև 55 տարեկանը:
Մարդու մազերն ու եղունգները մեռած են: Բայց մեռած մազերը լինում են սևահեր կամ մուգ շագանակագույն: Իմ քնքուշ սևահեր դու ինձ ում ես թողել, ինձ թողել հեռացել: Խոշոր են աչքերդ ու ժպտուն: Հա հենց քոնը ու նաև քոնը չէ միայն քոնը:
Մոռացել էի մի հատ էլ խալ կար աջ և ձախ կիսագնդերի մեջտեղի սարահարթում ու մեկ-մեկ երևում էր շագանակագույն:
Չեկար էլի ժամը 12-ին ուղղակի արթնացար թե զարթնեցիր:
Եթե իմանայիր
Հիմա էնպես կգրեմ որ ոչինչ չես հասկանա էլ երբեք չես հասկանա որովհետև կարդացիր ուինչու դաժան ու քառակուսի ինչ կապ ուներ մասնագիտությունը լեզվաբանի էն էլ կանաչաչյա չէ մի չէ:
Ալիքներ են էլի բարձր հաճախականությամբ մարմնի միջով են անցնում: Քաղաքը կարթնանա վաղը ժամը 12-ից առաջ: Մի կերպ երկաթը խրվեց ուղեղիս մեջ լուրջ եմ ասում ծերանոցի պահեստապետ:
Մաշկի գույնն ու հոտը հա հենց հոտըոչ թե բույրը:
Երկինքը աչքերիդ պես թաց է ու մի քիչ էլ խոնավ:
Հրապարակի պուլպուլակից առավոտը ժամը վեցին ջուր խմել եք: Նույնիսկ անձրև էր գալիս ու լույսն էր բացվում Թամանյանի վրա իսկ ես տեսել եմ: Իմ առաջին ու վերջին սերը: Բառերը չեն հերիքում ու թթվածինը, կարող ես վերցնել հոմանիշների մի բառարան ու դառնալ հեքիաթագիր մանկագիր առակագիր:
Եթե հաշվենք որ մի 5-6 տարի շաբաթը գոնե մի երկու անգամ կես ժամ սպասել եմ նրան ուրեմն մոտավորապես դե լավ կներեցեք բարձրագույն մաթեմատիկա:

խնդմնդալու նկատառումվածքներ


ծանր տեքստերից լիցքաթափվելու համար
Երևանյան ԾանրԷրկաթե Ռաբիզ ՉափածոՅի փորձ
/ա և ո տառերից հետո գրվում է յ/

Ամեն թաղ (քուչա) ունի իր ա կյաժը (մի վեց հատ)
Ամեն թաղ (քուչա) ունի իր Ա չախկալը (մի ութ հատ)
Բա որ կյաժերից մեկը համէլ չախկԱլ լինի (վայ քու արա)
Ինչ են անելու լավ տղերքը խելագառված:
Վերջ առաջին քառատողի
Ամեն թաղ (քուչա) ունի իրԱ պուլպուլակը (մի հատից ոչ ավել)
Ամեն թաղ (քուչա) ունի իր ա բիսեդկեն (ցանկալի է մի հատից մի քիչ ավել)
Բա որ պուլպուլակը դնեն բիսեդկի միջումը (ու վրեն էլ գրեն ընկերներից Չուգունչիկին)
Ինչ են անելու նարդի խաղցողները խելագարված:


Մտամոլոր կքայլես բա ոնց չէ: Ծխախոտների մասին

Գիտական փաստեր մարդիկ գրքեր են գրել դրա մասին 40000 թունավոր նյութ կա էդ խոտի մեջ: Բայց մեկ-մեկ միայն դա է փրկում նույնիսկ խմելուց ալկոհոլ լավ է մաքուր սպիրտ 96 տոկոսանոց պարապ խոսքեր բրազիլական բոսսա-նովա լսում ես ու տեղափոխվում ես ինչ-որ մի ծովի ափ ու անպայման պետք է լինի երեկոյան յոթն անց կեսից ոչ շուտ: Մի բաժակ ջինն էլ չէր խանգարի սառույցով ավազի վրա որ վազում ես ոտքերդ 30-40 տոկոսով շատ են տանջվում ու դառնում են մկանուտ ափեզրին: Հնգաբջիջ հեռախոս nokia 6100 մակնիշի մարտկոցն էլ չինական արտադրության վերջին բառն ավելՆորդ էր:

1 comment:

  1. Իմ սերելի երգերը գտա, իմ սիրած երևանյան ամառն ու իմ սիրելի մարդուն. ավելի հարստացա: Ապրես, շնորհակալություն ակեղծության ու համարձակության համար: Էլի կգամ...

    ReplyDelete

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)