նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, November 29, 2012

Լեռ Կամսար - Իշաբար շարված ողորմի

Չարենցը գրում է իր ռոմանս անսերը /հղում/, որի "դեմ" էլ Կամսարը գրում է էս ֆելիետոնը: Դրանից հետո Չարենցը մուռ է հանում /կարդալ այստեղ/:





Լեռ Կամսար
«Իշաբար շարված ողորմի»1

(Որ Չարենցը «թքի» վրան)
Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։
Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։
Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։
Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։
Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։
Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։
Շատ վաճառատանց դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։
Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։
Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։
Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։
Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք…
Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։
Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։
Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։
Տերտերներ.-
Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։
Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։
Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։
Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։
- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։
- Կվախնամ քննադատութենե։
- Քալե, ես քեզի հետ եմ։
Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։
- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։
- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։
Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`
«Ցնորք» է։
Կգամ։
Մկանոտ
Եվ
Երբ նա հանվի
Գիտեմ
Կզգամ ձկան հոտ։
Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։
Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։
- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`
«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։
Կամպոտի փոխարեն
Էսօր ձեր
Կակուղ ծնոտին մոտիկ
Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։
- Վա~յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։
- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։
- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե~ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։
Սեպտեմբեր և հոկտեմբեր .-
- Երանի~ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։
- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։
- Ինչո՞ւ։
- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։
- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։
- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար…
«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,
- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։
Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…
1923թ.
1. Չակերտներում գրվածները բոլորը Չարենցին են պատկանում։


No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)