ու՞ր ես գնում
Համզաչիման
ի՞նչ ես տանում
պեմզաբլոկ
դակումենտ ունե՞ս
չէ
հա բա ու՞ր ես գնում
համզաչիման…
Երբ 2008-ի օգոստոսին կայծակովս ուղևորվեցի հյուսիս, չէի նախատեսել, որ երկրում բենզինի ճգնաժամ էր: Ինչևէ, Սևանի կողմերը որոշեցի լիցքավորվել, բայց ոչ մի բենզալցակայանում վառելիք չկար: Երկու տարբերակ էր մնում՝ վերադառնալ Երևան, կամ շարունակել ճամփան:
…հասա Դիլիջան: Բենզին չկար: Դեպի Վանաձոր ճամփի կեսին մոտոս սկսեց փռթփռթացնել, հեղուկը վերջանում էր: Հերթական լցակայանի աշխատողը խորդուրդ տվեց իջնել մոտակա գյուղ, որտեղ մի բիձա բենզին էր ծախում: Ասեց՝ եթե լավ համոզես քեզ մի քիչ կտա, մոտոյով ես: Իջա, բիձուն գտա: Հաստատ ուներ, աչքերից երևում էր, բայց չտվեց: Գյուղից դուրս եկա, մտածում էի մինչև Վանաձոր ճամփեն թեք կլինի, ինքնագլդորով կհասնեմ: Երբ բենզինը վերջացավ և սկսեցի բրդել, այսինքն՝ բռթել, պարզվեց, որ կայծակն ամենադժվար բռթվող բաներից էր: Մոտ մի կիլոմետր հետո մի կարմիր զրՕ5 կանգ առավ ու մեջից իջավ ընկերս, այ քեզ նախախնամություն: Մէ խինդ, մէ ծիծաղ, մէ ուրախություն: Սարը սարին չի հանդիպի և այլն: Մեքենայից մի լիտր քաշեցինք, հասա Կիրովական: Հենց առաջին լցակայանում կանգնեցի, իմացավ ուր եմ գնում, ասեց՝ ուրիշներին չեմ տալիս, դու մոտոյով ես, քեզ կտամ: Ամբողջ բաքը լցրեց, մի ամբողջ ինը լիտր: Գնացի Հաղպատ, հետո Սանահին, հետո Օձուն, հետո Օձունում մոլորվեցի, հետո գտնվեցի: Հետ դառնալիս ամբողջ ճամփին կանայք սև ու կարմիր մոշ ու մորի էին ծախում: Համը մնաց էդ ճամփի ասֆալտին:
Էն մոտակա գյուղը, որտեղ բիձեն բենզին չտվեց, Համզաչիմանն էր, կամ Բոզգեղը, կամ Բոզքենդը, կամ Մարգահովիտը: Ֆիոլետովոյի ու Լերմոնտովոյի արանքում: Էդ մոլոկանների էրեխեքը ճամփին կանգնած ժպտալով գազար ու կաղամբ են ծախում, ու որ մոտոյով անցնում եմ ձեռքով են անում: Ախր շատ են է սպիտակ ու շեկլիկ:
Հիմա արդեն ուրիշ կայծակով եմ անցնում էդ բիձու տան մոտով: Էն օրը հաջողացրի տեսնել՝ հազիվ էր քայլում: Ամեն անցնելիս հիշում եմ բենզինի պատմությունը:
Ու հետո ինչ, որ մենք տաք գարեջրի վրա գրազ եկանք ու գյուղացիքին ֆուտբոլով կրեցինք 7:6 հաշվով, ջանդամ թե դաշտը հնձած չէր, խաղն էլ ֆուտբոլ չէր, ռեգբի էր:
Ու հետո ինչ, որ մենք էս գյուղի պատմությունը բռթեցինք մի չորս հազար տարով, ջանդամ թե տղամարդկանց մի ահագին մասը պատերազմ են գնացել խոպան:
Իսկ գյուղը դառավ վաղբրոնզեդարյան բնակավայր ունեցող մի հինգհազարամյա գյուղ, գյուղի թանգարանը կլցվեր բուռնիբուռն խեցեղենով, ու ջանդամ թե էն բիձեն բենզին չտվեց...
No comments:
Post a Comment