Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր
Եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր.
Եւ ի բոցոյն վազէր
Խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ուներ,
Բոց ուներ մորուս
Եւ աչկունքն էին արեգակունք:
Աշխարհաբար տարբերակը
Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը.
Երկնում էր և ծովը ծիրանի.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին:
Եղեգան փողից ծուխ Էր ելնում,
Եղեգան փողից բոց Էր ելնում
Եվ բոցի միջից վազում էր
Մի խարտյաշ պատանեկիկ:
Նա հուր հեր (մազեր) ուներ,
Բոց միրուք ուներ
Եվ աչքերն էին արեգակներ:
ՀԱՅՐ - Շնչեք, շնչեք, այսպիսի օդ ամեն օր ձեր ձեռքը չի ընկնի:
ՏՂԱ - Ոչ թե ձեռքը, այլ թոքը, հայր:
ՀԱՅՐ - Դու Վարդանին նայիր, տես ոնց են այտերը կարմրել:
ՏՂԱ - Մայրիկ, սա ի՞նչ է ...
ՄԱՅՐ - Դա, բալիկ ջան, հիմա կհիշեմ...դա...դա...
ՀԱՅՐ (ծիծաղելով) - Միթե՞ մոռացել ես...ծառ է:
ՄԱՅՐ - Այո, այո, հիշեցի:
ՏՂԱ - Հայրիկ, իսկ ծառն ինչի՞ համար է:
ՀԱՅՐ (մեղմ) - Ծառը, տղաս, ծառը...դե, ինչպես ասեմ...(հանկարծ բարկանում է): Դու էլ ի՞նչ ես կպել` ի՞նչ, ինչո՞ւ, ինչի՞ համար...
ՏՂԱ (մորը) - Մայրիկ, սա ի՞նչ է...
ՄԱՅՐ - Սա՞, սպասիր, սա գիտեի, դե իհարկե ծաղիկ է, տղաս...քսանհինգ, չէ, ուղիղ քսանութ տարի առաջ հայրդ ինձ մի ծաղիկ նվիրեց...(երազկոտ): Ի՜նչ ծաղիկ էր...
(Դուռն աղմուկով բացվում է: Ներս է մտնում ծառայողը):
- Ձեր ժամանակն սպառված է:
(Հայրը, մայրը և տղան վերջին անգամ խոր շունչ են քաշում, հագնում հակագազերը, մտնում վերելակ, որը նրանց դուրս է բերում ջերմոցից և իջեցնում Երևանի կենտրոնական փողոցներից մեկը):
Խոսրովի Անտառ պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը: Հիշեցնեմ, որ այն դադարել էր հասարակական փոքր աղմուկից հետո: Կրկին համախմբվել է պետք ու որպես առաջին քայլ, գոնե բարձրաձայնել և խնդիրը հասարակական քննարկման առարկա դարձնել:
Անտառապահի կողմից կենդանիների բնաջնջումը հերիք չէր, այժմ էլ կանաչ տարածքների, դարավոր ընկուզենիների, մշտադալար բարդիների հաշվին սկսել են կառուցապատումը մի անհայտ ապօրինի շինության, որը հավանաբար որսատեղի է լինելու շատ ու շատ հղփացածների:
Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բոլոր հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով:
Հետաքննություն անցկացրեք, գտնենք մեղավորներին, կանխենք մեր չքնաղ բնության ոչնչացումը: Տարածքում առկա են հին կոթողներ, վանքեր, որոնց հենց կողքին արյունոտ մատաղատեղի են նախատեսում սարքել: Խախտվում են մի շարք ՀՀ օրենքներ: Լռելն անթույլատրելի է:
Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները...
Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունը:
Հակիրճ ներկայացնեմ խնդիրը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան»պետական արգելավայրը: Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շինարարություն: Հուսով եմ պարզ է, թե հետագայում ինչ հետևանքներ կունենա այդ ռեՍՏՈՐանը Խոսրովի անտառ հրաշքի վրա:
WWF Հայաստան
Արթուր Խոյեցյան, Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF Հայաստան)
... Խրիմյան Հայրիկը Բյուրականի իր ամառանոցում առավոտյան սուրճն էր խմում: Հանկարծ ձայն տվեց թոռնուհիներին. «Աղջկերք, կես ժամե ի վեր ականջիս երգ ու երաժշտության ձայներ կուգան, սա ցնո՞րք է, թե՞ իրականություն»:
Հայրիկի պատվերով հարսներն ու թոռները վազեցին ձայների ուղղությամբ` մի բլուրի գագաթը, եւ ի՞նչ տեսնեն. դեպի գյուղ եկող սայլի վրա Խորեն Հայրիկը, տան բարեկամ, նկարիչ Փանոս Թերլեմեզյանն ու Եղիշե Թադեւոսյանը շրջապատել էին Բեռլինից բերված իրենց դաշնամուրը: Բաց դաշնամուրի առաջ նստածը Կոմիտասն էր: Նվագում ու երգում էր Հայրիկի սիրած ուրախ երգերը:
Մի քանի տարի առաջ նկարահանման խմբով Բյուրական էինք գնացել: Գտանք Խրիմյան Հայրիկի ամառանոցը, եղանք այն սենյակում, որտեղ գիշերում էր Կոմիտասը Բյուրականում եղած ժամանակ: Գյուղացիներից ամենատարեցները հիշողություններ էին պատմում Կոմիտասի մասին: Ասում էին, որ Հայրիկի ամառանոցի դիմացի տունը գյուղի մեծահարուստինն էր, ով շատ աղջիկներ ուներ: Ասում էին, որ Կոմիտասը նրանցից մեկին շատ էր հավանում եւ կանգնում էր պատշգամբում, որ դեպի աղջկա տունն է նայում, եւ երգում էր այդ աղջկա համար:
2004 թվականին լույս տեսավ «Կոմիտաս. Փըշուր մը. Քնարերգություն» ժողովածուն: Նախագծի հեղինակը եւ ղեկավարը Վահան Արծրունին էր: Կազմողը եւ խմբագիրը` Այդին Մորիկյանը: Գրքում ընդգրկված է Կոմիտասի քնարերգությունը: Քնարերգությունն, իսկապես, ընդամենը մի փշուրն է Կոմիտասի համընդգրկուն հանճարի: Բայց գրքում զետեղված սիրային բանաստեղծությունները վկայում են, որ Կոմիտասը, հաստատ, ապրել է սիրո զգացումը եւ դրանք նվիրված են սիրած կնոջը.
Անմար սեր
Քեզ չսիրե՞լ`
Գեհեն կորել
Ու կըրակով հոգին փորել:
-Քեզի սիրել`
Դըրախտ երթալ
Ու վարդերով քընանալ:
Քո երազում
Եվ ա՛յս գիշեր, քո երազում,
տեսել ես, որ ես ու դու`
Երես-երես ճանաչել ենք
սիրո ծովում իրարու...
Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար
ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել`
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն:
Սարը շողեն, ամպի քողեն`
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս` կանաչ ու կույս`
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել:
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել`
Ամպի տակին` արեւծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին`
Գլխիդ վերեւ ծիրան-գոտին փունջ արել:
Ճերմակ հեր, գարուն սեր
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն:
Տե~ս, իմ հեր`
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց:
Տե~ս, քու սեր`
Գարուն էր,
Որ գոցեց իմ խոց ու վեր`
Սրտիս խաղում ծավալեց:
Պետք չէ Կոմիտասին հիշել որպես տխուր, խելագարված հանճարի: Ի վերջո, բոլոր հանճարներն էլ կյանքի վերջում էլ չեն ուզում խոսել, շփվել. ընտրած մարդիկ են լինում նրանց վերջին տարիների, օրերի վկաները:
Կոմիտասը խելագար չէր եւ միայն Ցեղասպանության զոհը չէր: Այդ վերջին փաստն, իհարկե, հաճելի մորմոք է ավելացնում մեր մազոխիստական ցավին, ողբին: Բայց հիշեք, ռեալ մտածեք, սթափ դատեք. այդ ո՞ր Մեծին, Հանճարին մենք չենք խաչել: Շատ հեռու չգնանք. Փելեշյանից ի՞նչ գիտենք: Գիտենք, որ նա Մոսկվայում է եւ որ էլ չի նկարում այդ հանճարեղ, մեծ ռեժիսորը: Ինչո՞ւ: Այս ազգային նկարագրի մաս կազմող հարցի պատասխանն այնքան պարզ է Կոմիտասի երգիծական բանաստեղծություններից մեկում.
ԱՌԱԿ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց,
Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացաւ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկաւ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց,
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց,
Նըշան դըրաւ,
Ելաւ, թըռաւ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքըս է
Բայց ինձ լըսե`
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացիր
Դու մլակից,
Որ կծում է
Կաշու տակից:
Հ.Գ. Բյուրականում տատիկներին ու պապիկներին խնդրեցի երգել: Կոմիտասի մշակումներից էլ էին հիշում: Բայց հիմնականում երգում էին այն, ինչ հնչում է հեռուստատեսությամբ: Բոլորը երազում էին հայտնվել Տիգրան Կարապետիչի եթերում, դառնալ «Զմրուխտ» եւ «Ադամանդ»: Գյուղացին էլ երգեր չի հորինում. հեռուստատեսությամբ նրանք ստանում են համապատասխան «սնունդ»: Չնայած, դժվար է ասել: Գուցե կա՞, ստեղծվո՞ւմ է գյուղերում ժողովրդական ֆոլքլոր. հավաքող, տեր կանգնող, մշակող է պետք: Վերջիվերջո, Սպենդիարյանը, ոգեւորված Կոմիտասի գործով, ինքն էլ ընկնում է գյուղից գյուղ, բայց չի գտնում եւ ոչ մի այնպիսի գոհար, որ Կոմիտասն էր գտել, մշակել ու նոտագրել: Ու զարմացած բացականչել է Սպենդիարյանը. «Մեծագույն միստիֆիկատոր է այդ Կոմիտասը»...