նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Total Pageviews

Thursday, September 10, 2015

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում



Ժամանակին մենք ապրում էինք լեռներում

Ս.Դովլաթով

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում։ էդ սարերը գզգզված շների տեսքով վեր էին ընկած մեր ոտքերի տակ։ Լեռներն էդ վաղուց արդեն դառել էին ձեռնասուն՝ կրելով մեր բնակարանների, կռիվ-ղալմաղալների, երգերի ծանր բեռը։ Մեր խարույկները խանձել են լեռների մորթին։
Ժամանակին ապրում էինք մենք լեռներում։ Ոչխարների ամպերը ծածկում էին ծաղկաշատ լանջերը։ Վտակները՝ նպատակասլաց, փրփրոտ, սպիտակ՝ ինչպես դանակի շեղբն ու զայրույթը՝ պարուրում էին ծանր ու թաց գետաքարերը։ Արևը հալչում էր հայկական կոպտատաշ ծոծրակներին։ Թփուտներում մոլորվում էին ստվերները՝ վեր թռցնելով զգուշավորներին։
Անցնում էին տարիներ՝ ուսերին թողնելով հալված արևի ծանրությունը, թափահարելով տեղական ամսագրերը, սառեցնելով քայլերն՝ էսկիմո գնելու համար։ Անցնում էին տարիներ...
Ժամանակին լեռներում էինք մենք ապրում։ Հիմա բնակվում ենք կոոպերատիվ բնակարաններում ...
Երեկ զանգեց իմ քեռի Արմենակը.
-         Վաղն արի ծնունդիս։ Հենց վաղն էլ ծնվել եմ։  Չգաս՝ կնեղանամ ու կծեծեմ...
Գալուս պահին հյուրերն արդեն ժամանել էին։
-         Չորս տարի քեզ չեմ տեսել, - ուրախացավ Արմենակ քեռիս,- հո չեմ կարոտել։
-         Տասնմեկ տարի քեզ չեմ տեսել, - լրացրեց Աշոտ քեռին, - հո չեմ կարոտել։
-         Առաջին անգամ եմ քեզ տեսնում, - մոտ եկավ Խորեն քեռին, - գժի պես կարոտել եմ։
Էդ պահին բոլորը հեծկլտացին, իսկ ես թռա խոհանոց։ Ցանկանում էի գրկել Սիրանույշ մորաքույրին. 30 տարի առաջ Արմենակը փախցրել էր նրան ծերուկ Բեգլարի տնից։ Ահա թե ինչպես էր դա եղել։ Արմենակը մոտեցել էր Տեր-Մաթևոսյանների տանը՝ խարտյաշ ձիուն հեծած։ Դարպասի մոտ կանգնեցրել էր ձին ու բղավել.
-         Բեգլար Ֆոմիչ, հետդ գործ ունեմ... Զրնգուն հունիսյան միջօրե էր։ Բեգլար Ֆոմիչը ելավ տնից ու ունքերը կիտած հարցրեց.
-         Չես պատրաստվում արդյո՞ք փախցնել իմ միակ աղջկան
-         Դեմ չեմ...
-         Ո՞վ է նրան քեզ երաշխավորել
-         Սարգիսը
-         Ու դու որոշել ե՞ս նրան փախցնել։ Արմենակը գլխով արեց։
-         Հաստատ ե՞ս որոշել
-         Հաստատ
Ծերուկը ծափ տվեց։ Անմիջապես հայտնվեց Սիրանույշ Բեգլարի Տեր-Մաթևոսյանը։ Նա բարձրացրեց հայացքը և աշխարհը միանգամից փոթորկվեց նրա մութ աչքերի հորձանուտում։ Ջրվեժի նման թափվեցին նրա սև մազերը։ Պարտված արեգակը թաքնվեց  մոշի թփուտներում։
-         Ձեզ երջանկություն եմ ցանկանում, - ասեց Բեգլարը, - էլ մի ուշացրեք։ Հետապնդումը կուղարկեմ մի քառասուն րոպեից։ Տղաներս հենց մի էդքանից վերադառնում են բաղնիքից։ Կարծում եմ, նրանք կուզենան քեզ սատկացնել։
-         Բնականաբար, - համաձայնվեց Արմենակն ու քայլեց դարպասի կողմը, բայց հենց այդտեղ պարզվեց, որ երիվարը շունչը փչել էր։
-         Բան չկա, - ասեց Բեգլար Ֆոմիչը, - ես քեզ կտամ իմ հեծանիվը։
Արմենակը նստեցրեց լացակումած Սիրանույշին հեծանիվի վրա։ Հետո, դիմելով Բեգլարին, ասեց.
-         Հայրի՛կ, կցանկանայի, որ հետապնդումն իրականին մոտ լիներ։ Թող տղաներդ մաքուր վերնաշապիկներ հագնեն, թե չէ գիտեմ դրանց։ Չէի ուզենա ամաչել նրանց փոխարեն։
-         Քշի գնա՛ ու մի՛ անհանգստացի, հետապնդումն իմ վրա, - վստահեցրեց ծերուկը։
-         Մենք նրանց կսպասենք սարի վրայի խորովածանոցում։ Արմենակն ու Սիրանույշն անհետացան փոշու ամպի մեջ։ Կես ժամ անց նրանք նստած էին խորովածանոցում։  Էլի մի կես ժամ անց բացվեցին դռներն ու ներս խուժեցին Տեր-Մաթևոսյան եղբայրները։ Նրանք մուգ կոստյումներով էին ու մաքուր վերնաշապիկներով։  Բրդոտ փափախները դեռ մխում էին նրանց քամոտ գլխներին։  Նրանց վայրի աղաղակներից պատերին այրվածքներ էին առաջանում։
-         Ախ դու, շնագայլ, - բղավեց Արամը՝ մեծ եղբայրը, - դու փախցրել ես մեր միակ քրոջը։ Դու կմեռնես։ Հեյ, ո՞վ կա այդտեղ, սպանե՛ք դրան։
-         Անիծվես դու, - ղատասելով պատասխանեց փոքր եղբայրը՝ Լևոնը, - կներեք ինձ։ Զենքը մողացել եմ տաքսու բեղնախցիկի մեջ։[1]
-         Դե լավ, ես հիշում եմ մեքենայի համարը, - հանգիստ պատասխանեց միջնեկ եղբայրը՝ Գիգոն։
-         Բայց մենք սիրում ենք իրար, - բացականչեց Սիրանույշը։
-         Ահա թե ինչ, - զարմացավ Արամը, - դա արդեն ուրիշ բան։
-         Մանավանդ եթե հրացանը կորցրել ենք... - ավելացրեց Գիգոն։
-         Կարելի է նաև խեղդել սրանց..., - ասեց Լևոնը։
-         Ավելի լավ է խմենք, - խաղաղասիրաբար առաջարկեց Արմենակը...
Այդ օրվանից նրանք չբաժանվեցին։
Ես գրկեցի մորաքրոջս ու հարցրի.
-         Ո՞նց ես
-         Լավ չեմ, - պատասխանեց Սիրանույշ մորաքույրը, - պետք է պոլիկլինիկա ծիկրակեմ։
-         Դրա տեղը ծիկրակիր անձնագրիդ մեջ, - արձագանքեց անտաշ Արմենակն ու ավելացրեց, - էնտեղ ամեն ինչ գրված է...
Մինչ այդ հյուրերը նստեցին սեղանի շուրջ։ Կենտրոնում հոկեյի դաշտի նման փայլփլում էր դոնդողը։ Ալ վարդի նման ծաղկել էր խոզապուխտը։ Վինեգրետի խրթին հետագիծը հերքում էր պանրի ու կարագի երկրաչափական պարզությունը։ Երշիկների կուտակումները հիշեցնում էին նրանց վիճակված դաժան նախապատմությունը։ Ծովատառեխի զրահաշապիկները աղոտ կերպով արտացոլում էին գերմանական որմնալամպի ճառագայթները։
-         Ուրախ եմ, որ մենք միասին ենք, - ասեց նա, - դա հրաշալի է։ Հայերին վաղուց է պետք միավորվել։ Իհարկե, բոլոր ազգերը հավասար են։ Ե՛վ սպիտակները, և՛ դեղնամորթները, և՛ կարմրամորթները.....հա, մեկ էլ...ո՞նց էին դրանց ասում...Դե՛...սպիտակի ու նեգրի խառնուրդը....
-         Մուլ, մուլ, - հուշեց ուսյալ Աշոտը։
-         Հա, ճիշտ ես, մուլերը, - շարունակեց Խորեն քեռին, - ու մուլերը։ Բայց միևնույն է, հայերը յուրահատուկ ազգ են։ Եթե մենք միավորվենք, բոլորը կսկսեն մեզ հարգել, նույնիսկ վրացիք։ Դե եկեք խմենք մեր հայրենիքի կենացը, մեր լեռների կենացը....

Խորեն քեռին ծանր կյանք էր ապրել։ Պատերազմից առաջ ինչ-որ տեղ  մատակարարմամբ էր զբաղված։ Հետո հայտնաբերվեց պակասորդ՝ մեկ միլիոն ռուբլի։ Դատը տևեց մեկ ամիս։
-         Դուք դատապարտված եք պատժի բարձրագույն ձևին՝ գնդակահարման,- հանդիսավորությամբ հայտարարեց դատավորը։
-         Վա՛յ, - գոռաց քեռին ու ընկավ գետնին։
-         Կներեք, - ժպտաց դատավորը, - ես կատակեցի։ Տաս օր, պայմանական...
Ծերանալով, Խորեն քեռին սիրում էր պատմել, թե ոնց է տառապել եժովշինայի[2] ծանր տարիներին...

Սեղանի մոտ աղմուկ էր։ Գինու հետքերը սփռոցը նմանեցնում էին աշխարհագրական քարտեզի։ Ափսեների առաջացրած սողանքները սպառնում էին վերածվել աղետի։ Դոնդողի դողդացող ավերակներում սպիտակում էին ծխախոտի քնթուկները։ Աշոտ քեռին բարձրացրեց գավաթը և գոռաց.
-         Խմե՛նք մեր հոր կենացը, Հիշում ե՞ք, թե ինչ իմաստուն մարդ էր, հիշում ե՞ք թե ոնց էր մեզ ձաղկում սանձերով....
Հանկարծ Արմենակ քեռին խփեց իր փորին, հետո ոտքով շխկացրեց փայլեցրած սերվանտին։ Սկսվեցին պարերը։
Խորեն քեռին շրջվեց դեպի ինձ ու ասեց.
-         Օղին քչություն է անում։ Դու ամենաջահելն ես։ Թռի գաստրոնոմ։
-         Հեռու է՞, - հարցրի։
-         Գնալը՝ մի երկու թաղ, հետ գալը՝  մոտավորապես նույնքան։

Դուրս եկա փողոց, մեջքի հետևում թողնելով խմբերգերի գոռոցներն ու պարերի դղրդոցը։ Տպավորություն կար, թե երկու հարյուր մարդ միաժամանակ փորձում են գալոշներ հագնել...
Տասնհինգ րոպե անց հետ դառա։ Քեռու տան մոտ հավաքվում էին հրշեջ մեքենաները։ Պատշգամբներից կախվել էին հետաքրքրասեր մարդիկ։
Չորրորդ հարկի պատուհանից ծուխ էր ելնում՝ լուծվելով երկնքի կապույտի մեջ։
Բացվեց շքամուտքի դուռը։ Միլիցիոներները դուրս բերեցին ձերբակալված Արմենակին։ Նկատելով ինձ՝ քեռին աշխուժացավ.
-         Ժամանակն է արդեն, որ հայերը միավորվեն, - բացականչեց նա։ Ու քայլեց դեպի ինձ։ Սակայն միլիցիոներները պինդ էին բռնել, նրանք տարան իմ քեռուն ճաղերով մեքենայի մոտ։ Դուռը փակվեց, մեքենան անհետացավ շրջադարձի հետևում...

Սիրանույշ մորաքույրը պատմեց ինձ, թե ինչ էր պատահել։ Պարզվեց, որ քեռին առաջարկել է կրակ վառել ու խորոված անել։
-         Դու կփչացնես մանրահատակը, - փորձրել է նրան կանգնեցնել Սիրանույշը.....
-         Պայուսակումս մի քանի կտոր տանիքի երկաթ կա, - ասել էր Խորեն քեռին։
-         Բեր էստեղ, - հրամայել էր քեռիս, զննելով ֆիննական կահույքը...

Ժամանակին մենք ապրում էինք լեռներում։ Նրանք թափառում էին երամակներով Ռուսաստանի հարավային սահմանների երկայնքով։ Մենք վարժեցրինք նրանց անազատությանն ու լծին։ Մենք չդադարեցինք սիրել նրանց, սակայն այդ սերը դուրս չեկավ երգերի միջից։
Ժամանակին մենք  ավելի սևուկ էինք։ Երկար օրերով թավալվում էինք Սևանի ափին, ու տեսնելով գեղեցիկ աղջկա՝ավազով  որովայնին գրում էինք սիրո խոսքեր։
Ժամանակին մենք արշավում էինք ձիերով, իսկ հիմա ճաղատանում ենք տրոլեյբուսի գործարաններում ու քնում ընթացքի մեջ։
Ժամանակին մենք իջնում էինք մառան, իսկ հիմա վազում ենք գաստորոնոմ։
Լեռների տեղակ մենք նախընտրեցինք նորակառույցների շեշտակի թեքությունները։
Մենք նեղացնում ենք մեր կանանց ու խարույկ ենք վառում մանրահատակին, բայց ԺԱՄԱՆԱԿԻՆ մենք ապրում էինք լեռներում !!!!!!



X.IX.MMXV /թարգմանությունն իմն է՝ Ա.Պ./


[1] «ր» և «ռ» հնչյունները «ղ» արտասանել, ղատասել
[2] 1937-38թթ ստալինյան բռնաճնշումների պայմանական անվանումը, երբ գնդակահարվեցին բազմաթիվ «ժողովրդի թշնամիներ»։ Անվանումը ստացել է ներքին գործերի ժողովրդական կոմիսար Նիկոլայ Եժովի ազգանունից։


No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) Re:Post: (9) Respect: (10) SOS (1) СССР (8) ազգային ներկապնակ (21) ազգային-ազատագրական (7) ազգի թերմացք (3) ակնարկ (4) ամառային դահլիճ (4) այլախոհ (1) անկախություն (3) Արթուր Մեսչյան (9) արխիվ (2) արձակ (27) արձակոտն (27) արվեստ (5) արտատպում (4) բանախոսություն (1) բնապահպանական (14) Գառնի (6) գիրք (5) գրականություն (5) դասախոսություն (1) Դովլաթով (6) եկեղեցի (3) եղեռն (4) երաժշտություն (37) երգիծահումոր (13) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (41) Զորաց քարեր (1) Զվարթնոց (2) Թամանյան (10) թատրոն (4) թարգմանություն (10) թուքումուր (41) ինֆոգրաֆիկա (1) Լենինգրադ (1) Լեռ Կամսար (5) լիկ.բեզ (9) լուսանկար (17) լուսանկարչություն (9) հայոց լեզու (6) հեղափոխություն (3) հեռուստաթատրոն (2) Հին Երևան (17) հնագիտություն (2) հոդված (1) հուշարձան (2) ճանապարհորդական (33) ճարտարապետություն (15) մանիֆեստ (5) մշակույթ (3) մոբիլոգրաֆիա (31) մոտո (4) մտավորական (5) նամակագրություն (1) նոթեր (53) ոսկե ծիրան (5) ոտանավոր (9) որմզդեղն (4) պատմվածք (2) պարապ-սարապ (11) պեղումներ (1) ռադիո (1) ռազմահայրենասիրական (2) Ռաֆայել Իսրայելյան (1) Սարոյան (12) սոցիալական (14) վավերագրական (6) Վրաստան (2) տեսանյութ (12) տեքստ (1) քաղաք (12) ֆիլմ (87) ֆոտոպատմություն (14)