Մի սպանեք զանգահարին

«ՀԽՍՀ լուսժողկոմատ, 21 նոյեմբերի, 1923թ.
Բոլոր ժողովրդական կոմիսարիատներին, կառավարական գործադիր կոմիտեներին: Շրջաբերական:
Հայկական ԽՍՀ տարածքում պետական լեզուն հայերենն է:
Կենտրոնական իշխանության կողմից քանիցս առաջարկվում է բոլոր պետական հիմնարկներում իբրեւ գործավարության լեզու կիրառել հայերեն լեզուն: Այսուհետ, ՀԽՍՀ Կենտգործկոմի հասցեով ստացվող ոչ հայերեն գրությունները կմերժվեն կամ կմնան անհետեւանք: Կենտգործկոմի նախագահ՝ Ս. Համբարձումյան»:
Պետական լեզվի մասին դեկրետը հռչակվել էր դեռեւս 1921թ. դեկտեմբերի 5-ին: Ստորագրել էր հայ մշակույթի ու գրականության խորագույն գիտակ, Հայաստանի ժողկոմխորհի առաջին նախագահ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը: Իսկ դրանից էլ վաղ՝ 1919թ. մայիսին, Հայաստանի առաջին անկախ հանրապետությունն էր ընդունել լեզվի մասին դեկրետը, որը ստորագրել էր փոխվարչապետ, նրբին բանաստեղծ Լեւոն Շանթը:
Խորհրդային իշխանությունը շարունակեց նախորդ կառավարության սկսած գործը: «Ուսուցչապետ Լեւոն Մսերյանին: Մտնելով կուլտուր լուսավորական նոր շրջանի մեջ, Խորհրդային Հայաստանը սուր կարիք է զգում իր գիտուն զավակների աշխատակցության: Սրանով ՀՍԽՀ կառավարության ու Լուսժողկոմատի անունից խնդրում եմ Ձեզ՝ բեղմնավոր հայագետին եւ Ձեր միջոցով Հայաստանում աշխատել կամեցող բոլոր հայ գիտնականներին՝ դառնալ հայրենիք: Լուսժողկոմ Ա. Մռավյան»:
Հայրենի կառավարության կանչով եկան մեր մեծերը, փոքրիկ, տխուր Երեւանը միանգամից կարեւորվեց, ոգի առավ: Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Լալայանը հավաքագրում էին մեր ազգագրության մասունքները, Թորոս Թորամանյանն ու Աշխարհաբեկ Քալանթարը հաշվառում ու չափագրում էին մեր հազարամյա հուշարձանները, համալսարանի լսարաններում հնչում էր Աճառյանի, Մանանդյանի, Աբեղյանի հզոր ու կենսաձիգ խոսքը: Չարենցը մեկնում էր Հայաստանի շրջաններ՝ կարգավորելու գեղարվեստական կոլեկտիվների ելույթները: Ալեքսանդր Թամանյանը դրեց կառավարության տան հիմքը: Հովսեփ Տեր-Աստվածատրյանը փորում էր առաջին ջրանցքը:
 Եվ ի՜նչ խանդավառությամբ: Վերջապես երկիր ունեին: Երկիրը տուն էր կանչել իր զավակներին: Սեփական հող ու ջուր ունեին: Այդ հող ու ջրի վրա, մայրենի լեզվով ազատ կրթվելու, կառուցելու իրավունք ունեին: Կառավարության ջանքերով 1922թ. դպրոցներ բացվեցին նաեւ Հայաստանից դուրս՝ Նախիջեւանում ու Ղրիմում: Դասագրքեր եւ ուսուցիչներ ուղարկվեցին Հայաստանից: 1922-ի ծանր շրջանում, սովի ու սպառնալիքների մեջ, Ալեքսանդր Մյասնիկյանը ոսկով փող ճարեց՝ վաղամեռիկ ընկերոջ՝ Վահան Տերյանի հատորները Հայաստանում հրատարակելու համար: Արխիվում, ձեռքիս տակով անցել են նաեւ Ալեքսանդր Թամանյանի մարգարտաշար ձեռագրով Ժողկոմխորհին գրված հայերեն հաշվետվությունները, ուր հին լեզուներից թարգմանված են բոլոր մետաղների, շինարարական նյութերի անուններն ու ճարտարագիտական, ինժեներատեխնիկական զանազան տերմիններ:
Ոսկեղենիկ հայերենով: Մեր ազգի ազնվագույն զավակները, պանդուխտ հողի վրա, մի նվիրական պարտականությամբ անկորնչելի պահել, հղկել էին հայերենի տառի ու լեզվի ավանդը, բերել հայրենիք: խորհրդային Հայաստանի ղեկավարությունը կրթված էր այնքան, որ իրեն տերը հռչակեց այդ սրբազան ավանդի՝ օրենքի ուժով ամրագրելով այն, խստորեն հետեւելով իրագործման ընթացքին: Իսկ Հայաստանի անկախ երրորդ հանրապետությունը վերջնականապես հաստատեց Հայոց լեզվի առաջնահերթությունը մեր երկրում՝ օտարելով օտար դպրոցների ներկայությունը Հայաստանում:
Ավելի ուշ, պատերազմի սկզբին Կալինինը կգրի. «Ուսումնասիրեք ռուսերենը, բայց մայրենի լեզվով ուղի հարթեք դեպի ռազմիկի սիրտը»: Այս ճշմարտությունը կրակի պահին հիշել էին նույնիսկ ստալինյան մարդակեր Կրեմլում: Որ փրկեն Հաղթանակը:
80-ականներին, երբ այսօրվա նման էլի սպառնալիքի տակ էին հայոց դպրոցները, հոդվածներիցս մեկում օգտագործել էի լեզվի մասին վերը նշված շրջաբերականը: «Գարունը» տպեց, բայց երբ ժողովածուով լույս էր տեսնում, Գլավլիտի պետ ընկեր Մարտիրոսյանն ինձ կանչեց ու ասաց. «Լեզվի մասին օրենքն այլեւս արդիական չի այսօր»:
Այս ամենը հիշեցի սոսկ այն պատճառով, որ այսօր մամուլում տարածվում է կարծիք, թե Խորհրդային Հայաստանում հայերենն օտարվեց, քանի որ Մոսկվայի ճնշմամբ բացվեցին ռուսալեզու դպրոցներ: Ու մենք, իբր, անզոր էինք այդ վտանգի դեմն առնել:
Սո՜ւտ է: Ոչ ոք մեզ չստիպեց ռուսերենը «բարձրաշխարհիկ» լեզու դարձնել Հայաստանում ու մեր երեխաներին տալ օտար դպրոց: Դա միմիայն մեր կամքով էր: Մեր խախուտ ու թույլ կամքով: Մեր բթամիտ, գավառական ու գեղջուկ կամքով: Մեր սրտի մեջ ակոս առ ակոս հազիվ բեղմնավորված լույսը մարելու, մեր ձեռքով մեր օջախը քանդելու, ռուսական սրբազան արշավանքի դիմաց աղուհացով չոքելու ճորտային հին վարքն էր նորից բոյ քաշել: Խորհրդային Հայաստանում բնակվող ընդամենը 17 000 ռուսների գոյության պարագայում, Մոսկվան մեզ պահանջներ չէր ներկայացնի: Այդ թվի համեմատ, Հայաստանի ողջ դպրոցների մեջ այն տարիներին երեսուն տոկոս ռուսական դպրոցների առկայությունը խայտառակ թիվ էր: Երեւի էլի սկզբի համար մեկ տոկոսից էին սկսել, ինչպես այսօր են խոստանում: Այդ տարիներին կարծիք կար, թե Հայաստանի լուսավորության փոխնախարար, ազգությամբ ադրբեջանցի Շարիֆովն ավելի բծախնդիր է հայկական դպրոցների նկատմամբ, ավելի հայ է ու ավելի մաքուր է խոսում հայերեն, քան հայ նախարարը, որը օր օրի ավելացնում էր ռուսական դպրոցների թիվը Հայաստանում: Ինքն ու իր ցեղն էլ խոսում էին միայն ռուսերեն:
Վերջերս «Հ1»-ով պատահմամբ լսեցի երգչուհի Աննա Մայիլյանին, որն ասում էր, թե անկախ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելն անհրաժեշտ է, քանի որ ռուսական դպրոցի աշակերտները, իբր, ավելի կրթված են լինում, քան հայկական դպրոցներինը: Որ իբր իրենք՝ ռուսական դպրոցի աշակերտները, սովետի տարիներին միշտ բարձրից են նայել հայկական կրթությամբ իրենց հասակակիցներին: Այսինքն՝ հայերին:
Համաձայն եմ. ինքը «Պրավդան» ավելի արագ էր կարդում, քան մենք: Բայց ինձ իմ հայկական «թերատ» կրթությունը չխանգարեց, որ սիրեմ ռուս գրականությունն ու կարդամ Դոստոեւսկի ու Բունին, Գոգոլ կամ Լեոնիդ Անդրեեւ: Ողջ արտասահմանյան գրականությունը նույնպես, քանի որ Մոսկվան թարգմանությունների վրա լիմիտ էր դնում: Իմ հայկական «թերատ» կրթությունը չխանգարեց, որ արցախյան պայքարի թեժ տարիներին, իբրեւ «Ավանգարդի» թղթակից, աշխատեմ Կրեմլում: Ու զրույցներ վարեմ ԽՍՀՄ պետական, քաղաքական ու մշակույթի երեւելի մարդկանց հետ: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի այն ժամանակվա դպրոցներին, ապա պետք է հիասթափեցնեմ: Ամենահզորը ոչ թե Չեխովն ու Պուշկինն էին, ուր գուցե պատերն ավելի մաքուր էին ու նստարանները՝ փափուկ, քանի որ չինովնիկ կոմունիստների ու ռուսախոս քաղքենիների զավակներն էին այնտեղ սովորում. (բացառություն էին Կարեն Դեմիրճյանի զավակները): Այլ հայկական երեք դպրոցները՝ Կրուպսկայա, 114, եւ Փոսի դպրոցը: Այդ երեք դպրոցներից ելածները, իրոք, կրթված էին բոլորիցս, այդ թվում նաեւ ձեզնից, քանի որ առաջին հերթին փայլուն գիտեին հայ մշակույթն ու հայոց լեզուն: Ու այդ հայկական կրթական ամուր բազայի վրա սովորում ու անսխալ տիրապետում էին մյուս երկու լեզուներին՝ ռուսերենին ու անգլերենին նույնպես: Իմ սերունդը կվկայի դա:
Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ չենք վերականգնում հայկական այդպիսի դպրոցներ ունենալու մշակույթը: Ընդամենը՝ մեր խարխուլ, մեր չարչի, մեր ողորմելի գավառական կամքը:
70-ական թվականներին, երբ ընդունվում էր ԽՍՀՄ բրեժնեւյան սահմանադրությունը, ազգային պետական լեզուն օտարվել էր, Կրեմլը առաջարկել էր ռուսերենը: Հիմա Երեւանում կարծիքներ են հնչում, թե հայերն առաջինը ընդվզեցին ու Կրեմլի ծրագիրը ձախողվեց: «Հ1»-ով վաստակավոր ռուսախոս, այժմ էլ վաստակավոր դեմոկրատ Արամ Սարգսյանն էր ասում: Սո՜ւտ է: Հիմնարկներում, ամենուր, խանդավառ «քննարկում ու միահամուռ կողմ էին քվեարկում» Կրեմլի նախագծին: Արխիվում մենք էլ ենք քննարկել, չթողեցին ծպտուն հանենք, դիմադրենք, քանի որ Մինիստրների խորհրդին կից արխիվային վարչության ներքին գործավարական լեզուն այլեւս ռուսերենն էր դարձել: Քանի որ մեր վերադաս Օկտյաբրինա Սաակովնան ու Գենրիետա Մամիկոնովնան չէին կարդում հայերեն: Ու մենք էլ ստիպված ռուսերեն էինք ներկայացնում հաշվետվությունները: Ազգային սնապարծության մեր չնչին հաճույքը մենք ընդամենը գինետներում ենք պարպում, խաշ ու խորոված լափելիս, ազգային ազատագրական երգերով հովացնելով մեր բազում ու ներկա պարտությունների ամոթը: Եկեք դառնանք ու վրացիների ոտը համբուրենք, որ էդ աղետը թույլ չտվին: Նրանք հրապարակներում ազգովի կանգնեցին մինչեւ վերջ: Ու հաղթեցին: Մենք էլ կողքից շահեցինք:
 Հայաստանում միայն լուսահոգի Ռաֆայել Իշխանյանն էր առերես, բաց տեքստով գրում ու խոսում ռուսական դպրոցների դեմ: Հայոց լեզվի անխոնջ մունետիկն ու լեգենդ դարձած չզորացրվող զինվորը ամենուր հոդվածներ էր տպագրում, առօրյա կյանքում, ամեն քայլափոխի կռվում էր այդ անխոհ ու չնչին ստրկամտության դեմ, անվերջ կրկնելով. «Որ թուրքի լծի տակ լինեիք, թուրքական դպրո՞ց էիք ուղարկելու ձեր երեխեքին»: Ու դարձել էր բոլորի աչքի փուշը: Նրան համալսարանը անգամ ընդունելության հանձնաժողով չէր ընդգրկում: «Վա՜յ, Շուշան ջան, բա ես կաշառք վերցնո՞ւմ եմ, որ ինձ հանձնաժողով վերցնեն»,- իմ հարցին անկեղծ զարմանքով արձագանքեց պրոֆեսորը:
Մի օր խմբագրության իմ սենյակում զրուցում էի մեր մանկագիրներից մեկի հետ. պատմվածք էր բերել: Իշխանյանը դուռը բացեց, մի քայլ արեց ու արագ ետ գնաց՝ դուռը ցուցադրաբար ու ամուր շրխկացնելով մեր երեսին: Ետեւից դուրս թռա՝ ի՜նչ պատահեց: Ասաց. «Էդ ո՞վ ա կողքիդ նստած անմեղը, գիտե՞ս»: «Մանկագիր էսինչյանն է, պատմվածք է բերել»,- շվարեցի ես: «Հա՜ ա՞,- ծոր տալով քմծիծաղեց պրոֆեսորը,- ու դու էդ դավաճանի պատմվածքը պիտի տպես, հա՞: Երեխեքին ռուսական դպրոց է տվել, ինքն ո՞ւմ համար է հայերեն գրում, ուրիշի երեխեքի՞: Թե էդ դավաճանին տպելու ես, գնացի»: Ու «Զրույցներ հայ ժողովրդի պատմությունից» շարքի հերթական հոդվածը ետ դրեց ծոցագրպանն ու շրջվեց, որ գնա: Խնդրել եմ, կախվել թեւից, խոստացել: «Դե լավ,- իմ ջերմեռանդ աղաչանք-պաղատանքին քթի մեջ տեղի տվեց,- ես «Գարունում» Մարգոյի մոտ կսպասեմ, մինչեւ էդ դավաճանին ճամփու դնես: Կմերժես, հա՜»-, շուռ գալով՝ իմ ետեւից խիստ պատվիրեց պրոֆեսորը:
Հիմա էլ հո Սովետ ու Մոսկվա չկա: Մեր արյան մեջ էդ պլեբեյական թույնը նորի՞ց է շարժվել: Էդ ո՞ր դերաբույս ուղեղը որոշեց առանց մեր զավակների կարծիքը հարցնելու, էդ մեռելահոտ ծրագիրը նորից կյանքի կոչել: Բա որ մենք վրացիներից առաջ ենք ընդվզել, բա հիմա՞ ինչու ենք լռել: Բա ո՞ւր են մեր ազգային Ակադեմիան, մեր ազգային համալսարանը, ազգային կինոն: Խորապես ապազգային ազգային ժողովը: Սփյուռքի ու մշակույթի նախարարությունները: Կամ հեկտարանոց ցուցակով, «հայ պանթեոնի կտուրի վրա ծրտող», «պետականության կողմնակից» ազգային գրողները: Էն ժամանակ կենտկոմների, հետո ՀՀՇ-ի, հիմա էլ Հանրապետականի պետականության ճահճուտներում են ապահով թրեւ գալիս: Վաղն ո՞ւմ առաջ են ծնկի գալու: Սովետի հնացած չստերով, մամուլում ստերի ջվալը բացել, հին սովորությամբ իրենց մեռած մտքի ժամկետանց, գոնե մեզ հայտնի անվտանգ թափոններն են առաջարկում ընթերցողին:
Մեռնող երկրի զարկերակը չզգալով: