նամուս

նամուս

աննամուս.1907

աննամուս.1907

Բլօգ'n'Փնտրտուք

Loading...

Total Pageviews

Thursday, April 29, 2010

ՀոՅԴա

ՀՅԴ-Ն ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ

(վկայում են փաստերը, կուսակցական դեմքերը,
պատմաբանները, ականատեսները)

Ամեն տարի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանշական օրվա՝ Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ջահերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունը ամենաշատն է կուրծք ծեծում, զգայացունց միջոցառումներ կազմակերպում, հեռուստաէկրաններին եւ թերթերի էջերում երեւում իր առաջնորդների տխրամած դեմքերով:

Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով Դաշնակցությունն է տարփողում իր «հերոսական» անցյալը, թուրքի դեմ մղած «ազգային ազատագրական կռիվը»:

Ամեն տարի, հատկապես Ապրիլի 24-ի առիթով, Դաշնակցությունը հայ ժողովրդին է ներկայացնում սեփական կեղծ պատմությունը:

Բայց գոյություն ունի նաեւ իրական պատմություն: Ոչ միայն գոյություն ունի, այլ նաեւ ժամանակին գրվել ու արձանագրվել է թերթերում, գրքերում ու փաստաթղթերում:

Եվ հենց այդ օբյեկտիվ պատմությունից սարսափած ու այն թաքցնելու համար է, գուցե, առաջին հերթին, որ Դաշնակցությունը այդքան «ծանր է տանում» ամեն մի Ապրիլի 24:

Ուստիեւ, հերթական Ապրիլի 24-ը «թեթեւ տանելու» համար վերահրատարակում ենք պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ 2002թ. տպագրված «Դաշնակցությունը պատմության դատաստանի առջեւ» ընդարձակ հոդվածը, որ իրական պատմության մի արձանագրում է՝ ինչպես վկայել են ժամանակի փաստաթղթերը, կուսակցական դեմքերը, պատմաբանները, ականատեսները:


«Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն, անշուշտ, կարեւոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդն իր հաջողությունների ու անհաջողությունների պատճառը միայն իրենից դուրս է որոնում: Դա կազմալուծում է նրան եւ տանում ազգային ինքնավերացման»:
19.օգոստոս, 1988թ. Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե

«Դրոշակ» - ՀՅԴ բյուրոյի պաշտոնաթերթ, հրատարակվում է 1891թ.-ից

Լեո - նշանավոր հայ պատմաբան

Լեւոն Չորմիսյան (1896-1980) - սփյուռքահայ նշանավոր պատմաբան, ՀՅԴ անդամ եւ նշանավոր գործիչ

Իշխան - ՀՅԴ նշանավոր գործիչ

Ռուբեն Տեր-Մինասյան - ՀՅԴ բյուրոյի անդամ, Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար

Վահան Փափազյան (Կոմս) - ՀՅԴ բյուրոյի անդամ, Թուրքական պառլամենտի պատգամավոր

Ա.-Դո - հասարակական գործիչ, ՀՅԴ համակիր

Վարդպատրկյան (Վարդո) - ՀՅԴ անդամ, հայտնի հասարակական գործիչ

Դավիթ Անանուն (1879-1943) - նշանավոր պատմաբան, հասարակական գործիչ, նախապես ՀՅԴ անդամ, ապա՝ սոցիալ-դեմոկրատ

«Վան-Տոսպ» - շաբաթաթերթ, հրատարակվում էր Թիֆլիսում 1921թ.

«Ազատ Հայաստան» - 1921թ. փետրվարյան հեղաշրջումից հետո հաստատված «Հայրենիքի փրկության կոմիտեի» պաշտոնաթերթ

Հովհաննես Քաջազնունի - Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ, ՀՅԴ բյուրոյի անդամ

«Հառաջ» - Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտոնաթերթ

Ալեքսանդրապոլի պայմանագիր - կնքվել է Հայաստանի Հանրապետության դաշնակցական կառավարության եւ Թուրքիայի միջեւ 1920թ. դեկտեմբերի 2-ին՝ որպես հետեւանք հայ-թուրքական պատերազմում Հայաստանի կրած պարտության

Սիմոն Վրացյան - ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ, 1921թ. փետրվարյան հեղաշրջումից հետո «Հայրենիքի փրկության կոմիտեի» ղեկավար

Զավեն Մսրլյան - սփյուռքահայ հասարակական գործիչ, պատմաբան

Մ. Սերոբյան - կուսակցական, հասարակական գործիչ, ՌԱԿ անդամ

Գրիգոր Մերճանով - ՀՅԴ բյուրոյի անդամ

Ռուբեն Դարբինյան - ՀՅԴ բյուրոյի անդամ, նախարար Առաջին Հանրապետության շրջանում

Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը. Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելը ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին (թարգմանություն արաբերենից, հրատ. «Արմատ», թ. 64)



1

Արկածախնդրության շրջան

Ի սկզբանե եւ մինչեւ վերջ ՀՅԴ-ն ունեցել է անհեթեթ ու հանցավոր գաղափար, իբր թե հայ ժողովրդի ազատությունը հնարավոր է միայն մեծ երկրների միջամտությամբ, այդ միջամտությանը կարելի է հասնել միայն նրանց ստիպելով, իսկ ստիպել կարելի է միայն նույն այդ ժողովրդի թափված արյամբ: Միջամտությունն այնքան ավելի հզոր կլինի, որքան ավելի շատ թափվի ժողովրդի արյունը: Եվ հետեւողականորեն ամեն ինչ արել է այդ «հիմքը» ապահովելու համար:

«Դրոշակ», 1991, մայիս, թ. 1. «Եվրոպան չկա... եւ մինչեւ հայկական հողը չշաղախվի արյունով՝ թող գիտենան հայերը, որ ոչինչ չեն ստանա: Ապստամբություն, ուրիշ ելք չկա»:

«Դրոշակ» 1895 հունվար. «1894թ.-ը ամենափայլունն էր մեր հեղափոխական կյանքում թե՛ յուր որակությամբ, եւ թե յուր ծավալով... 94 թվականի հեղափոխական կյանքի պատկերը թեեւ տխուր, վշտացուցիչ է, որովհետեւ միշտ արյուն է հոսում, բայց ոգեւորող եւ խրախուսիչ է, որովհետեւ ազատությունն այդ է պահանջում... ետ նահանջել չենք կարող ոչ մի պայմանով, մինչեւ թշնամին զինաթափ չլինի: Հաշտությունը անհնար է այլեւս... Սասունի կռվով ժողովուրդը դրեց կառավարության առջեւ «մահ կամ ազատություն», իսկ կառավարությունը դրել է «կոտորած կամ կատարյալ ընկճում»: Որոշումներ, որոնք ոչ մի պայմանով չեն կարող հաշտվել... Ո՞վ կհաղթի: Ուժերը հավասար չեն, ինչ կասկած, որ կառավարությունն ուժեղ է եւ դեռ մի քանի Սասունի կռիվներում կկոտորի... Բայց ժողովուրդը չի հաղթվել, որովհետեւ թշնամին չի կարողացել խլել նրանից ապստամբական արնագույն դրոշակը... Այդ դրոշակը չի ընկնիլ մինչեւ վերջին հայի վերջին շունչը... Եղբայրներդ վճռել են կամ ձեռք բերել ազատություն, կամ թշնամուն տալ ածխացած դիակներ եւ արյունոտ ավերակներ: Մի՞թե կարող ես անտարբեր մնալ: - Ո՛չ»:

«Դրոշակ», 1895, հոկտեմբեր. «Արդեն կտրված են հարաբերությունները, եւ այժմ միայն շարունակվում է կռիվը, որ վաղուց հայտարարված է: Խնդիրը կվճռվի միայն երկուսից մեկի ընկնելովը, մահովը - կա՛մ պետք է տակն ու վրա լինի, ոչնչանա սուլթանական պոռնիկ կառավարությունը, կա՛մ պետք է ընկնի, մեռնի հայ ժողովուրդը, խնդրի միակ լուծումը մահն է: Հայ ժողովուրդը զենքը վայր կդնի կա՛մ հաղթությունը բոլորովին տարած, կա՛մ անշնչացած...»:

«Դրոշակ», 1895, թ.19. «Եվ որպեսզի այս անգամ էլ ապարդյուն չանցնին աշխատանքը, զոհերը, պետք է շարունակվի կռիվը, որով միայն կարելի է ստիպել դիպլոմատիային ի նկատի առնել դժգոհ ժողովրդի պահանջները: Ազատության ճանապարհը հարթողը արյան հոսանքներն են. մենք չպետք է շփոթվենք սարսափելի տեսարաններից, չպետք է կորցնենք մեր գիտակցությունը՝ հասկանալու համար եւ տիրելու րոպեին, նրան մեզ ծառայեցնելու» (ընդգծումը՝ «Դրոշակի»):

Լեո. «1894 - 1896թթ. սպանդանոցը չափազանց խրատական պիտի լիներ մի ժողովրդի համար, որն զգում էր իր չարն ու բարին, այսինքն հասկանում էր այն հանգամանքները, որոնց մեջ նա ապրում է, եւ ուժերի այն փոխհարաբերությունները, որոնց երկաթե օրենքն է տիրում իր վրա: Սակայն խրատվեցա՞նք մենք: Ամենեւին: Եւ ահա էլի մի փաստ: Մի նոր, ավելի հանդուգն ցույց Կ. Պոլսում՝ պետությունների ուշադրությունը գրավելու համար... 1896-ի օգոստոսին էր տեղի ունենում դեպքը, որը կոչվում էր Բանք Օթոմանի դեպք: ...Համիդը բանքի դեպքին պատասխանեց Կ. Պոլսի ջարդով, որ այս անգամ համարյա ոչ մի ազդեցություն չէր անում եվրոպական դիվանագիտության վրա: Կոտորածի մյուս օրը, որբ Կ. Պոլսի փողոցները դեռ կարմրած էին հայի արյունից, Վիլհելմ կայսրն Աբդուլ-Համիդին ընծա էր ուղարկում իր պատկերը, զարդարված թանկագին քարերով: ...ըստ անգլիական մամուլից վերցրած տեղեկության, Մակսիմովը վերջին րոպեին, հրաժեշտ տալով գնացող հեղափոխականներին, ասել է նրանց. «Այժմ ինձ թույլ տվեք, պարոններ, ասելու, որ դուք էշեր եք» («Անցյալից», էջ 118-121):

Հանցավոր արկածախնդրության առաջին արդյունքը՝ 1895-96թթ. 300.000 հայերի կոտորածն էր, որ ոչ միայն չսթափեցրեց, այլ ավելի ոգեւորեց Դաշնակցությանը:

«Դրոշակ» 1897, թ. 1. «Մենք չենք հավատում ո՛չ սուլթանին, ո՛չ էլ դիպլոմատիային: Մենք՝ հայերս, 1896 թիվը վերջացնում ենք ավելի ուրախ, քան սկսել ենք:

Ավելի մեծ հավատով ենք դիմավորում 97 թվականը:

Մենք ուշադրություն չենք դարձնում իրենց խելոք ու ավելի փափկասիրտ կարծող հայերի բարբաջանքների վրա եւ ավելի բացարձակ կերպով հայտարարում ենք, որ միշտ պետք է կռվենք:

Մեր խիղճը հանգիստ է, որովհետեւ համոզված ենք, որ հայի փրկության միակ միջոցը հեղափոխությունն է...

Հավատացած ենք, որ այդ սուրբ մարտը մեզնից պահանջում են մեր ստրուկ ժողովուրդը, մեր ավերակ հայրենիքը եւ մեր հարյուր հազար նահատակների սուրբ հիշատակը:

Նոր տարին սկսում ենք գոչելով՝ «Կռի՛վ, կռի՛վ եւ ավելի ուժե՛ղ կռիվ»:

300.000 անմեղ ու անիմաստ զոհ տված եւ հսկայական նյութական կորուստներ կրած արեւմտահայությունը երկրից դուրս վռնդեց իր «ազատարարներին»՝ արժանանալով Դաշնակցության ծանր մեղադրանքներին այն բանի համար, որ չհամաձայնեց «մինչեւ վերջին հայը» գնալ ստույգ մահվան եւ «թշնամուն տալ միայն ածխացած դիակներ»:

«Դրոշակ» 1901, թ.7. «Հեղափոխության փրկարար գաղափարը սոսկալի փորձանքի էր ենթարկվել 1895-96-ի աղետներից հետո: Ընդհանուր հիասթափության եւ հետաշրջման մի անմիտ, բայց իր անմտության մեջ ուժեղ տարերային մի հոսանք էր տիրել մեր հասարակության բազմազան խավերին: Սարսափահար մեծամասնությունը անեծքներ կարդաց մեր շարժման հասցեին, մեծախոս, բայց փոքրոգի տարրերը շտապեցին փախուստ տալ հեղափոխական բանակից, հրապարակը գրավվեց զանազան տեսակի դպիրներով եւ դպրիկներով, որոնք հանդես եկան մեր վաշխառու հայերի իմաստությունը մեզ քարոզելու, հեղափոխականը դատապարտվեց իբրեւ ազգավնաս եւ դատարկապորտ, գաղափարը նսեմացավ իր խոյանքների, իր հմայքի, իր սրբազան նպատակների կախարդական ուժի մեջ»:

Լեւոն Չորմիսյան. «Չի կարելի որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության մեղադրել ժողովրդի ազատությունը նախապատրաստելու մտադրության համար: Բայց հնարավո՞ր է որեւէ քաղաքական գործչի կամ կուսակցության չմեղադրել, երբ այդ մտադրության հետապնդման մեջ ընտրում է նույն այդ ժողովրդի գոյությունն իսկ վտանգող գործելակերպ: Մահվան առաջ դրված հավաքականության համար կարո՞ղ էր ազատագրության հարց գոյություն ունենալ: Հնարավո՞ր է նախապատվությունը տալ ազատությանը, քան թե կյանքին... Կարելի՞ է արդարացման նշույլ իսկ տեսնել այն մարդկանց գործունեության մեջ, որոնք ոչ թե իրենց, այլ անթիվ եւ անհամար անծանոթ մարդկանց մահն են նախապատրաստում» («Կուսակցությունները», Եր.1995, էջ 20):

Լեո.-»Սուլթան Համիդը կոտորել էր տալիս հայերին, բայց մի՞թե առանց առիթի եւ պատրվակների, եւ մի՞թե այդ առիթն ու պատրվակը թոնրի շրթին քնած մերկերն էին, եւ ոչ թե այն պոռոտախոսները, որոնք թղթի վրա անպարտելի կռվողներ էին դարձնում այդ իսկ թշվառներին եւ կոկորդ էին պատռում՝ «ապստամբություն, ապստամբություն» բղավելով ամեն մի քայլում: Եթե 1896-ի օգոստոսին չգրավեին Բանկ Օտոմանը, Կ. Պոլսում կջարդվեի՞ն 7 հազար հայեր»:

«Քրիստափոր Միքայելյանը, երեւի ինքն էլ այդ չնկատելով, իր գաղափարախոսությամբ տանում էր դեպի այն անհեթեթ ու վայրենի միտքը, թե հայկական կոտորածները նույնիսկ օգտակար են: ...հեղափոխությունը չի կարող շարժումներ առաջ չբերել, Աբդուլ Համիդն էլ չի կարող չկոտորել հայերին: Երկուսն էլ ուրեմն պատասխանատու չեն: Բայց չէ՞ որ պիտի լինի եւ մի պատասխանատու... դա եվրոպական պետությունների, ինչպես ինքն էր ձեւակերպում, դավաճանությունն էր» («Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը, հ. Բ, Երեւան, 1994, էջ 36, 38):

Անգամ որոշ կուսակցական գործիչներ բանական մտածողության պահեր ունեցան եւ կասկածի տակ առան իրենց «հեղափոխական» գործելակերպի իմաստը, բայց միայն պահեր: «Հեղափոխական» գործելակերպը նրանց համար ինքնանպատակ զբաղմունք էր:

Իշխան. «Կսենք միշտ, որ պետք է նահատակվել հայրենիքին համար: Ահա 150 հոգի գնացինք եւ մի քանի օրվան մեջ նահատակ եղանք բացառությամբ մի քանիսի: Բայց նահատակ լինե՞լն է կարեւորը, թե՞ նպատակին հասնելը» (տե՛ս Լ. Չորմիսյան, Համապատկեր, հ. Բ, էջ 325):

10 տարուց պակաս տեւեց արեւմտահայության հիշողությունը 95-96թթ. կոտորածների մասին, եւ «հեղափոխական» կուսակցությունը նորից «մտավ երկիր»:

Լեո. «Եվ սկսվեց: 1903-1904 թվականներին նորից շարժումներ սկսվեցին Սասունում... Իբրեւ պատասխան այդ շարժումներին, կոտորածներ տեղի ունեցան Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում, գլխավորապես Մուշի շրջանակներում: Այդ կոտորածներին զոհ գնացած հայերի թիվը եվրոպական լրագիրները որոշում էին 7.000 հոգի» (նշվ. աշխ., էջ 39):

1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ՝ կատարելու թուրքական «հեղափոխությունը», ապա, չնայած վերջիններիս կողմից Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ դատից»:

«Դրոշակ» 1909.թ. 4. «Օսմանյան հեղափոխությունը... եկավ տակն ու վրա անելու եւ մի շարք միջազգային հարաբերություններ: Նա հայտարարեց ի միջի այլոց, որ Բեռլինի դաշնագրի 61-րդ եւ 23-րդ հոդվածները այլեւս կորցնում են իրենց գոյության իրավունքը, որ հայկական, մակեդոնական խնդիրները, վերցնելով միջազգային դիվանագիտության սեղանից, դառնում են Օսմանյան պետության ներքին խնդիրներ, կապվում են Տաճկաստանի ընդհանուր եւ հիմնական վերանորոգման հետ: Հայ ժողովուրդը եւ Հայ Յեղ. Դաշնակցությունը սպասում են հեղափոխության այդ հանդիսավոր հանձնարարությունների իրագործման»:

«Դրոշակ», 1909, թ. 9. «Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքին եւ գործելակերպին՝ պիտի շարունակե նույն թափով եւ ավելի լայն ծավալով համագործակցել թուրք երիտասարդ կուսակցության եւ մտավորականության հետ ի պաշտպանություն սահմանադրության եւ համախմբել այդ գործակցության շուրջ բոլոր դիմադիր տարրերը՝ հայ եւ օտար... Կուսակցությունը ջանք չպիտի խնայե վերացնելու համար միջազգային եւ ազգային այն բարդությունները, որոնք կրնան դժվարացնել իրավակարգի հիմնավորումը եւ ազդելու փոխադարձ եւ անկեղծ համերաշխությանը: ...Դաշնակցությունը վճռողականապես ետ մղելով անջատողական ձգտումները՝ պիտի տքնի վերակազմել երկրի տնտեսական ու քաղաքական կարգերը Օսմանյան պետության ամբողջության մեջ, հիմնաված բոլոր շրջաններու տեղական լայն ինքնավարության վրա եւ ամրապնդված բոլոր տարրերու կապերով»:

Ռուբեն Տեր-Մինասյան. «Համաօսմանցիության անունով եղած թուրքացման քաղաքականությունը ծայրահեղորեն գրգռել եւ զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը՝ բացառությամբ հայերի եւ մանավանդ ՀՅ Դաշնակցության: Թե՛ հայ ժողովուրդը, եւ թե՛ նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություն մատուցեցին երիտասարդ թուրքերին ե՛ւ հեղափոխական շարժումների օրերին, ե՛ւ սահմանադրության հրապարակման, ե՛ւ կիրառման ժամանակ. սակայն այդ բոլորի փոխարեն անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությանց՝ Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան... Եվ չնայած դրան՝ ՀՅԴ-ն վճռեց մնալ հանգիստ եւ նույնիսկ աշխատեց հնար եղած չափով ամրապնդել սահմանադրությունը՝ հակառակ մյուս հայ քաղաքական կուսակցությունների դժգոհություններին: Իր լռությամբ եւ համբերությամբ Դաշնակցությունը չէր դավաճանում հայ ժողովրդին եւ ոչ էլ գոհ էր Երիտասարդ թուրքերի եւ նրանց վարած պետական կործանարար քաղաքականությունից» (Հայ-թուրքական կնճիռը, Կահիրե-1924, էջ 130):

Լեո. «Դաշնակցությունն այլեւս աղմուկ չհանեց այդ (Ադանայի ջարդի) առիթով միջազգային հրապարակում, դիվանագիտական առաքելություններ եւ այլ այսպիսի հնարքներ չսարքեց: Ընդհակառակը, Ադանայի արյունը մի կռվան դարձավ, որ նա, իր կուսակցական շահերի տեսակետից, մի օգտավետ դաշինքով միանա երիտասարդ թուրքերի կուսակցության հետ» (նույն տեղում, էջ 58-59):

Թուրքիայում պաշտոնապես գործելու տարիներին ՀՅԴ-ն վարեց վայրիվերո եւ խիստ վտանգավոր քաղաքականություն: Նախ՝ Հայկական հարցից ու Եվրոպայի միջամտությունից հրաժարվելով եւ երիտթուրքերին հավատարմության երդումներ տալով՝ դրա դիմաց նրանցից պառլամենտական աթոռներ ստացավ: Իսկ երբ Թուրքիան հայտնվեց վտանգի առջեւ (Բալկանյան պատերազմներ), կրկին բարձրացրեց Հայկական հարցը եւ դիմեց օտար պետությունների միջամտությանը: Թուրքական կառավարությունը սա համարեց թիկունքից հարված եւ լրացուցիչ հիմքեր ստացավ հիմնավորելու եւ արդարացնելու համաշխարհային պատերազմի տարիներին տեղահանության անվան տակ ցեղասպանության իրականացման իր ծրագիրը:

Վահան Փափազյան (Կոմս). «Մենք, անշուշտ, խորապես կգիտակցեինք մեր փափուկ դիրքը. ապրիլ Օսմանյան կայսրության մեջ, լինել անոր հպատակը, վայելել ազգային սահմանադրական ինքնավարություն, բնական հարաբերություններ պահել կառավարության հետ եւ միեւնույն ատեն դավադիր գործ կատարել, այսինքն՝ օտար պետություններու դիմել եւ անկե սպասել օգնություն: Անըմբռնելի հանդգնություն մըն էր այս, որուն արդյունքը վայելեցինք 3 տարի վերջը...» («Իմ հուշերը», հ. Բ, էջ 185-186):

Լեո. «Սոցիալիստ-հեղափոխական» Դաշնակցությունը գրկախառնված է «ամենաբարբարոս» ցարիզմի հետ եւ թշնամանում է նույն այն Թուրքիային, որի սահմանադրական ազատությունների, իր իսկ խոսքերով՝ վայելողն է նա այդ րոպեին» (նույն տեղում, էջ 67): «Եթե երեք հոգի կարողանում էին խոսել ամբողջ հայ ժողովրդի անունից եւ վճիռներ տալ ամբողջ հայ ժողովրդի համար կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցերի մեջ, այս արդեն ապացույց էր, որ Դաշնակցությունը փաստորեն իր անմռունչ ստրուկ-ստացվածքն էր դարձրել ամբողջ հայությանը, եւ ի՛նչ ապահովություն կար, թե մի ուրիշ խմբակ դաշնակցականների, մի ուրիշ մեծամիտ երրորդություն ստրկամիտների, բոլորովին հակառակ վճիռ եւ ցուցմունք չէր տա նույն այդ անասնատիպ ստացվածքին: Այդպես էլ եղավ: Այս անգամ մի միլիոն մարդկանց ոչնչացումն էր պատրաստում թուրքահայ հեղափոխության ահռելի հիմարությունը» (նույնը, էջ 78):

Ցեղասպանությանն անմիջապես նախորդող շրջանում ՀՅԴ-ն փաստորեն միահեծան իշխանություն էր Արեւմտյան Հայաստանում, ուստի՝ ժողովրդի ճակատագրի համար միակ քաղաքական պատասխանատուն: Այդպիսին էր նրան ընդունում ժողովուրդը, այդպիսին էր նրան համարում թուրքական կառավարությունը:

Ռուբեն Տեր-Մինասյան. «Թյուրիմացություններից խուսափելու համար հենց սկզբից խոստովանենք, որ հայկական հեղափոխության շարժումների ղեկավարը, պատասխանատուն եւ գործոն ուժը եղած է ՀՅԴ-ն»: «...Հայ մեծ քաղաքական կազմակերպությունը, լինելով Թուրքիայի օրինական կազմակերպությունը, իսկ Իթթիհաթից հետո նրա ամենեն զորավոր կազմակերպությունը...» (նշվ. աշխ., էջ 28, 46):

Վահան Փափազյան. «Դաշնակցությունը կրոնական դավանանք մըն էր դուրանցիներու (տարոնցիներ - Ա.Ս.) համար. կուսակցական ղեկավարները այդ սրբազան կրոնի քուրմերն էին՝ իրենց բոլոր ստորոգելիներով: Զանգվածորեն դաշնակցական էին ամենքը, դավանությամբ դաշնակցական: Անոնց չէր հետաքրքրեր ծրագիր եւ այլն: Լավ գիտեին միայն, որ Դաշնակցությունը նվիրված է հայ հայրենիքի եւ ժողովրդի ազատագրության - Դաշնակցությունը ազգն է: Անոր անդամ եղողը զինվոր մըն է, որ կուրորեն պարտական է ենթարկվիլ պետի հրամանին կամ «կարմիր կնիքին», որ՝ զինվորագրվածը համակ զոհողություն պետք է մարմնացնե. երիտասարդություն, սեր, ծնողք, տուն, հարստություն՝ գոյություն չպիտի ունենա անոր համար, ազգը եւ զենքը իր պատիվն են - ահա բովանդակ ըմբռնողությունը դաշնակցության մասին (նույն տեղում, էջ 310):

Ա.-Դո. «Դաշնակցական գործողների վրա երիտասարդ թուրքերի կառավարությունը նայում էր իբրեւ հայ ժողովրդի ներկայացուցիչների, նրանց հետ պահում էր սերտ կապեր եւ յուրաքանչյուր հարցում դիմում էր նրանց խորհուրդներին ու աջակցության: Այս հանգամանքն ավելի եւս բարձրացրեց այս կուսակցության հեղինակությունը, ժողովուրդն էլ սկսեց նայել նրանց վրա՝ իբրեւ իր ներկայացուցչության, եւ կառավարության մեջ ստեղծեց կառավարություն» («Մեծ դեպքերը Վասպուրականում», Եր.-1917, էջ 123-124):



2

Մատնումի եւ փախուստի շրջան

ՀՅԴ-ն, ծրագրված ցեղասպանության ակնառու վտանգի դեմ հանդիման, ոչինչ չձեռնարկեց ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով: Ընդհակառակը՝ ամեն ինչ արեց օսմանյան բանակ հայ տղամարդկանց զորակոչն իրականացնելու համար (այս օրենքը թուրքական պառլամենտը ընդունել էր մի քանի տարի առաջ՝ Դաշնակցության ակտիվ նախաձեռնությամբ): Վերջիններիս կոտորեցին, իսկ երկիրը մնաց անպաշտպան:

Ռուբեն Տեր-Մինասյան. «Դաշնակցությունը դեմ լինելով պատերազմին, դեմ լինելով Իթթիհաթի կառավարության քաղաքականության, այնուամենայնիվ որոշում է (8-րդ ընդհանուր ժողովը) հորդորել հայ ժողովուրդին՝ կռվի դեպքում անթերի կերպով իր պարտականությունը կատարել Թուրքիո հանդեպ»:

«Միայն ազնիվ հեղափոխական կուսակցությունը այսպես կարող էր վարվել (կռվի դեպքում ծառայել «Օսմանյան հայրենիքին»), սակայն ... ազնիվ մարդկանց հետ: Այս վերջին կետը մոռացվեցավ ՀՅԴ կողմից, եւ այս մոռացումն, անշուշտ, ճակատագրական մեծ սխալ էր... Այժմ դեպքերից հետո կարելի է այդ ճակատագրական սխալն ափսոսալ, քանի որ 200.000 հայ զինվոր ավելացնելով այդ պատկառելի ուժին (նկատի ունի թուրքական եւ ռուսական բանակ զորակոչված հայ զինվորներին, որոնց թիվը միասին հաշվում է 450.000 - Ա.Ս.), նաեւ ռուսական հսկա օժանդակությունները զորքով սնունդով եւ ճարտարվեստով, բավական պիտի լինեին մեկ վճռական հարվածով Թուրքիան ջախջախելու: Այդ ուժի գիտակցությունը Դաշնակցությունը ուներ, բայց նա խուսափեց դրանից օգտվել, մնալով կաշկանդված ընդհանուր ժողովի որոշումների սահմանների մեջ» (նույն տեղում, էջ 56, 67-68):

Վահան Փափազյան (Կոմս). «Դաշտի գյուղերը ձգած էին իրենց ճակատագրին։ Կազդուրվելես վերջ միայն զգացի, թե ինչ ահավոր սխալ մը գործած էի ձգելով քաղաքը (Մուշը) այդ ծանր օրերուն եւ քաշվելով լեռներու ծերպերը» (նույն տեղում, էջ 359)։

«Ահա ինչպես զոհ գացինք մենք մեր «ռազմական նախատեսության»՝ կարծելով, թե կառավարությունը, առանց դաշտին ու քաղաքին ձեռք դիպցնելու, նախ Սասունը պիտի զարնե։ Թշնամին թողուց, որ դաշտի զինված ուժերը դուրս հանենք ու կեդրոնանանք Սասնո կղզիացած պզդիկ տարածության վրա... թշնամին օգտվելով ուրեմն այս պայմաններեն, բնաջնջեց ժողովուրդը (Դաշտի 190.000 բնակչից, ըստ հեղինակի, փրկվեց միայն 5000-ը - Ա.Ս.)։ Այս զարհուրելի սխալը գործեցինք մենք՝ ղեկավար ու պատասխանատու ընկերներս՝ ենթարկվելով քարացած ավանդություններուն, համառ անհեռատեսության... (նույն տեղում, էջ 365)։

25 տարի իբր զբաղվելով արեւմտահայությանը զինելու գործով, ՀՅԴ-ն իրականում բացի «հեղափոխական» աղմուկից ուրիշ ոչինչ չէր արել կամ ակամա ավելի շատ զինել էր թուրքերին ու քրդերին։

Վարդպատրկյան. «Ամենաշատը 300 հրացան հազիվ էր տեղափոխվել երկիր։ Վասպուրականի պես նահանգը հազիվ 60 հրացան ուներ, հակառակ նրան, որ Պարսկաստանի տխրահռչակ արհեստանոցը, որ զենք շինելու եւ նորոգելու համար էր հիմնված, եւ ահագին գումարներ էր կլանել, գտնվում էր Վասպուրականի կողքին» (տե՛ս Դավիթ Անանուն, նշվ. աշխ. հ.3, էջ 226)։

Լեւոն. Չորմիսյան. «Արշավախումբերի նպատակը զենք եւ կռվողներ ղրկելն էր Երկիր։ Այդ երկու նպատակների մեջ էլ միայն մեկ-երկու դեպքում են գործնական արդյունք ստացել։ Կովկասից եւ Պարսկաստանից ուղարկված զենքերի մեկ տասներորդն անգամ տեղ չի հասել։ 9/10-ը կամ փչացել է, կամ անցել է թշնամու ձեռքը՝ մեծացնելով նրա կռվելու միջոցները («Համապատկեր արեւմտահայոց մեկ դարու պատմության» հ. Բ, էջ 329)։

Վ. Փափազյան (Կոմս). «Զինամթերք Երկիր տանող բոլոր խումբերը սահմանին վրա, կա՛մ սահմանեն ներս կռիվներու՝ բռնվեցան եւ ջարդվեցան, կա՛մ մեծ կորուստներով վերադարձան եւ իրենց բեկորները միայն տեղ հասցուցին. իսկ ատոր անդրադարձումները շրջակա հայ գյուղերու վրա այնքան ծանր էին, որ այլեւս անմտություն էր շարունակել։ 1903-905թթ. այդ խումբերու միջոցով փոխադրված զինամթերքի չնչին տոկոսը միայն տեղ հասավ...։ Թորգոմի՝ 1903-ի երկրորդ անգամ, Խանի, Նեվրուզի, Երկաթի եւ Թոխմախի, Միհրանի, Փոխիկի, Շաշոյի, Զուլումաթի եւ այլ խումբերը այդ ճակատագրին ենթարկված էին 1903 - 1904-ին» (Նույնը, հ. Ա, էջ 206)։

«Գալով մեր զինական ուժերուն՝ առաջին օրեն իսկ ձեռնարկեցինք ցուցակագրման... 170 քիչ շատ կանոնավոր զենք ունեինք՝ պաշտպանելու համար մոտ 20.000 ժողովուրդ (190.000-ից փրկված - Ա.Ս.), որ տեղավորված էր 5-6 կիլոմետր շրջագծով տարածության վրա»։ Իսկ ռազմամթե՞րքը... յուրաքանչյուր հրացանին միջին հաշվով հազիվ 30-35 փամփուշտ կհասներ (նույն տեղում, հ. Բ. էջ 370-371)։

«Դժբախտաբար զինված չէր մեր ժողովուրդը։ Քիչ շատ գործածական զենքեր ունեին միայն հին մարտիկները, մնացյալները մաշված կամ պակասություններով էին, խիստ սակավ էր փամփուշտը։ Ես չտեսա ինքնապաշտպանական կազմակերպություն եւ ոչ մի տեղ, եւ մանավանդ ընդհանուր ծրագիր մը ապագա անակնկալներու հանդեպ» (նույն տեղում, էջ 320)։

«Սասունի ժողովուրդը խիստ թերի զինված էր. 7-8 հարյուր «շեշխանա» եւ որսորդական հրացաններու հետ թերեւս 150-200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային, սակայն փամփուշտի չնչին պաշար ունեին. Դաշտը ավելի խղճուկ վիճակ մը կներկայացներ. կանոնավոր զենք, կարելի է ըսել, բացառապես միայն մեր նախկին մարտիկներու ձեռքին կգտնվեր։ Դաշտի 90 գյուղերը հազիվ 200 քիչ շատ կանոնավոր հրացաններ ունենային՝ փամփուշտի նույն թերիներով» (Նույնը, հ. Բ էջ 337)։

Այդ ընթացքում ՀՅԴ-ն խեղդել է ժողովրդի ինքնապաշտպանական ինքնագործունեությունը, իսկ դժվարին պահին խուճապահար լքել է՝ խուճապի ենթարկելով նաեւ ժողովրդին։

Դավիթ Անանուն. «Ռազմամոլությունն ու ինքնագոհությունը կուրացրել էին նրա միտքը, եւ նա մի հոտի հովվի սկզբունքին հարելով, չէ թե փրկում էր հոտին, այլ նրան ենթարկում դառն փորձությունների... Այստեղ է թաքնված Դաշնակցության հանցանքը, հայ ժողովրդի ինքնագործունեության ճնշման մեջ» (նույն տեղում, էջ 226)։

Վահան Փափազյան (Կոմս). «Փախուստիս լուրը (Մուշից Սասնա լեռները) անմիջապես տարածվեցավ Դաշտի եւ լեռներու մեջ ու թողեց բարոյալքիչ ազդեցություն մեր ժողովուրդին վրա։ «Կացությունը հուսահատական է, ուրեմն, որ պահվեցավ», - կհետեւցներ ժողովուրդն իրավացիորեն, որովհետեւ այլեւս ոչ ոք կմնար՝ գեթ երեւույթները փրկելու համար։ Այս հոգեբանությունը վարակեց, մանավանդ, հեղափոխական մարտիկները, որոնցմե շատերը զենքերնին առած լեռը եկան։ Մուշեն հեռանալես հետո Կոտոյի Հաջին, Տիգրանը եւ ուրիշ ընկերներ հազիվ ժամանակ ունեցած էին քաղաքի զինական ուժերը քիչ շատ կարգի բերելու։ Դաշտի գյուղերը ձգված էին իրենց ճակատագրին» (նույն տեղում, էջ 359)։

Լեո. «Վանը չէր լքվում։ Կռվելու ընդունակ ազգաբնակությունը պիտի պաշտպաներ քաղաքը. հայ կամավորական գնդի հրամանատարը համաձայնություն էր տալիս, որ գունդն էլ մնա քաղաքում եւ միանա քաղաքացիներին։ Հարկավոր էին, ուրեմն, ժիր ու գործունյա մարդիկ, որ իսկույն գործի կպչեին։ Գովված ու հերոսացած Արամն ու իր կուսակցական ընկերներն այդպիսի մարդիկ դուրս չեկան։ Մյուս օրը նահանգապետը (Արամը) մունետիկ է պտտեցնում քաղաքում եւ հայտարարում, որ ամեն մարդ իր գլխի ճարը տեսնե։ Եվ սկսվում էր աներեւակայելի խելագար տեսարանը՝ դաշնակցական խուճապը, ուրիշ խոսքով՝ քառասմբակ փախուստ՝ սեփական կաշին ազատելու համար։ Եվ այսպիսի փախուստի մատնվում էր ոչ միայն Վանը, այլեւ ամբողջ Վասպուրականը» (նույն տեղում, էջ 175)։

«Վան-Տոսպ», թիվ 6 (1921թ.). «Երեք ամենածանր ամբաստանություններ ունի վանեցին պ. Արամի եւ իր գործակիցների դեմ։ Առաջին՝ հակառակ վանեցիներու կամքը ներկայացնող հանձնաժողովին տված որոշումներուն եւ առանց անոր գիտությանը՝ խուճապային փախուստի մատնեց ժողովուրդը ու պատճառ դարձավ Վասպուրականի փճացման։ Երկրորդ՝ չկազմակերպելով հարյուր հազարավոր բազմության մը ամառային տաժանալի ճամփորդությունը՝ սովածությամբ եւ հոգնածությամբ մահվան դատապարտեց հարյուրավորներ ու քայքայեց ֆիզիկականը հազարավորներու։ Երրորդ՝ զինվորական պաշտպանություն չընծայելով ժողովրդին՝ նշավակ ըրավ զանոնք քրդական հարձակումներու, որով սպանվեցան եւ գետը թափվելով խեղդվեցան հազարե ավելի վասպուրականցիներ, իսկ այդ իրարանցումներու ատեն կողոպտվեցան արդեն իսկ իրենց ամեն ինչը կորսնցուցած փախստականներու հարյուր հազարավոր ռուբլիի արժողությամբ անասուններ ու իրեղենները։

Ինչպես հետագա իրադարձությունները եկան հաստատելու՝ Վանը թշնամու ձեռքը չպիտի իյնար բնավ եւ հետեւաբար չպիտի ենթարկվեր իր կրած անփոխարինելի կորուստներուն, եթե հանձնաժողովին տված որոշման համաձայն տղամարդիկ մնային քաղաքը եւ զինված դիմադրություն կազմակերպեին, առնվազն 8000-ի չափ զենք պիտի ունենայինք - 3000 կամավորներու ունեցածները, 3000 թուրքերեն գրավածները, որ տրամադրելի էին, 2000 ալ վանեցիներուն զենքերը։ Այսքան զենքն ալ դարձյալ կբավեր ինքնապաշտպանության եւ, ի հարկին, նահանջի համար։ Թրքական բանակը փոքրիկ ուժ մը կներկայացներ Վանա լճի հարավային կողմը, իսկ հյուսիսային կողմի ուժեղ բանակը իր թիկունքը չպիտի դարձներ ռուս բանակին Վանի վրա հառաջանալով։ Նույն իսկ եթե երկու կողեն ալ այսպիսի հառաջխաղացում մը կատարվեր, մեր ինքնապաշտպանական ուժերը կրնային կանոնավորապես նահանջել Սարայի գծով» (Մ. Մինասյան, դեպքերի ականատես մասնակից)։

Հեռագիր թուրքական կառավարությանը. «Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր՝ Էնվեր փաշային. Կոստանդնուպոլիս

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար։ Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին։ Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա։ Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար։

Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հ. Քաջազնունի

Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր՝ Արամ փաշա Մանուկյան

Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ՝ Սահակյան

Հուլիսի 17-ին, 1918թ.» (Փաստաթուղթը հրապարակված է Ջ. Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը», Եր.-1965թ. աշխատության մեջ)

«Ազատ Հայաստան», 1921, թ. 8. «Ո՞վ կարող էր երեւակայել, որ ռազմի դաշտում պիտի պարտվեինք այնքան շուտ, եւ թուրքերը՝ հռչակավոր բերդաքաղաք Կարսը գրավելուց, Ալեքսանդրապոլը իրենց ոտքերի տակ առնելուց հետո, պիտի սպառնային անգամ Երեւանին, երբ մենք մեր զորական ուժի քանակով, տեխնիկայի բոլոր առավելություններով, անժխտելիորեն գերազանց էինք մեր թշնամուց։ Կարելի՞ էր երբ եւ իցե մտածել, թե մեր երկրի սահմաններից ներս մտած փոքրաթիվ թրքական զինվորական ուժերն այնքան հեշտությամբ պիտի կարողանային ահաբեկել մեզ եւ մղել ամբողջ ժողովուրդն անձնատվության։ Սրանք փաստեր են, մեր պանիկական հոգեբանության փայլուն ապացույցը»։



Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության ազատագրության կարգախոսով ՀՅԴ-ն իրականում իր դատապարտելի գործելակերպով Արեւմտահայաստանը մատնեց կորստյան եւ արեւմտահայությանը՝ ցեղասպանության, ինչով եւ նրա 30-ամյա գործունեությունը պետք է համարել հանցավոր։ Ձախողանքների պատճառը կազմակերպությանը ի սկզբանե հատուկ արկածախնդրական, աղանդավորական էությունն էր եւ դրա հետեւանքով քաղաքական մտածողությունից զուրկ լինելը։

Դավիթ Անանուն. «Մենք պատմության ուղեւորն էինք, որ գիտեինք, թե այսինչ կետում մի դարանակալ գազան կա։ Եվ փոխանակ շեղելու մեր ուղին՝ ասպետորեն եւ տխմարաբար, աղմուկով ու ցուցարարությամբ ուղղակի կիրճն էինք մտնում։ Գազանը ծիտ չէր, որ փախչեր մեր աղմուկից։ Նա դունչն ու թաթերը մեկնեց իր որջից եւ պատմության ուղեւորն անհայտացավ նրա երախում...» (նույն տեղում, էջ 559-560)։

Վահան Փափազյան (Կոմս). «Երկար, երկա՜ր տարիներ մեր դժբախտ դատը պտտեցուցինք աշխարհի չորս անկյունները։

Բախեցինք գոց դուռները աշխարհի զորեղներու։ Ծով արյուն հոսեցավ մեր սիրտերեն. դեզերով թուղթեր լեցուցինք բողոքի ու ցասումի արյունով ու արցունքով ցողված։

Որո՞ւ չդիմեցինք. դիմեցինք աղերսով ե՛ւ «մայր» Ռուսաստանի, ե՛ւ Անգլիո, ե՛ւ Գերմանիո, ե՛ւ Ամերիկայի ու սատանային. ստացանք միայն առատ, սնամեջ խոստումներ «դժբախտ հայերուն»...

Ուզեցինք, «Մեծ Հայաստան» խոստացան, ուրախությամբ ընդունեցինք «վիլսոնյան սահմանները», խոստացան։ Բավականացանք «Ալաշկերտի հովիտով», թուրքերն իսկ խոստացած էին։ Ապա ամրապես եւ համառորեն կառչեցանք «Հայկական օջախին». ան ալ խոստացան ու... այդ շրջմոլիկ օջախը տեղե տեղ փոխադրվելով, այդ ալ հանգավ հովերեն. ի՞նչ մնաց՝ երազ միայն։

...Գութ ու աղերս հայցեցինք դաժան պայքարներու մեջ, իսկ արյունով ներկեցինք մեր սրբազան երկիրը. սպառեցանք։ Ու այժմ, ձեռքերնիս միայն թղթե շերեփ մը կը մոտենանք «հերիսայի կաթսային», որուն պղնձյա խուփը ամրապես եւ «վերջնականապես» փակվեցավ մեր առջեւ... (հ. Գ, էջ 234- 235)։

Լեւոն Չորմիսյան. «Այս պատճառով է, որ հայ կյանքի մեջ կուսակցությունները կրոնական աղանդի մը նկարագիր ստացած են, որուն կարելի է հավատալ կամ չհավատալ, բայց կարելի չէ անոր անհրաժեշտության բանավոր հիմքեր եւ արդարացում փնտրելու մտավորական ճիգ կատարել (նույն տեղում, էջ 479)։

Հովհաննես Քաջազնունի. «Փաստն այն է սակայն, ու սա է էականը, որ թուրքական տիրապետության դեմ տասնյակ տարիներ առաջ սկսված պայքարը հանգեց թուրքահայ ժողովրդի տարագրության եւ բնաջնջման եւ Թուրքահայաստանի ամայացման։ Այս է ահռելի իրականությունը» («ՀՅ Դաշնակցությունը անելիք չունի այլեւս, Երեւան, 1994, էջ 8)։

«Զայրացած ու սարսափած, որոնեցինք հանցավորներին եւ գտանք իսկույն. ռուս կառավարության նենգ քաղաքականությունը։ Քաղաքականապես տհաս ու մտքով անհավասարակշռված մարդկանց հատուկ անհետեւողականությամբ, մի ծայրահեղությունից ընկանք իսկույն մյուս ծայրահեղության մեջ։Կարծես հոգեկան մի առանձին մխիթարանք էինք գտնում այն համոզմունքի մեջ, թե ռուսները սրիկայորեն էին վարվել մեր հանդեպ (հետագայում հերթը պիտի գար ֆրանսիացիներին, ամերիկացիներին, անգլիացիներին, վրացիներին, բոլշեւիկներին, ամբողջ աշխարհին). կարծես մի մեծ առաքինություն էր ու մի մեծ քաջություն, որ ինքներս այնքան միամիտ անհեռատես ենք եղել, որ դրել ենք մեզ (կամ թույլ ենք տվել մեզ դնելու) այնպիսի դրության մեջ, որ ամեն ցանկացող կարողանա խաբել, լքել, դավաճանել, կոտորել կամ կոտորել տալ մեզ» (նույն տեղում, էջ 10)։

«Ամենից հիմնական, ամենից մեծարժեք ու պատասխանատու խնդիրներում իսկ՝ մենք չենք ունեցել մեր հաստատուն կամքը, չենք վարել գործերը ըստ մեր հասկացողության, չենք գնացել մեր սեփական ճամփով, այլ թույլ ենք տվել, որ ուրիշները տանեն մեզ իրենց հետեւից, ուր կամենան» (նույն տեղում, էջ 40)։

«Եթե ճիշտ է, որ կառավարել՝ ասել է նախատեսել, ապա ուրեմն մենք միանգամայն անպետք կառավարիչներ ենք եղել, որովհետեւ հենց այդ նախատեսելու ընդունակությունն է, որ չենք ունեցել բնավ։

Մենք շարունակ սխալված ենք եղել մեր հաշիվների մեջ ու շարունակ անակնկալների հանդիպած, անակնկալների միայն մեզ համար, որովհետեւ չենք գիտեցել նախատեսել։

Մեր ամենամեծ թուլությունը այդ է եղել։

Ապա չենք ունեցել որոշ ու հստակ գիտակցությունը մեր անելիքի մասին, չենք ունեցել մեր ղեկավարող սկզբունքը ու տեւողական հետեւողական սիստեմ, գործել ենք կարծես հանկարծակի ու պատահական ներշնչումների տակ, տատանվել ենք, պատից պատ ընկել՝ կեսկուրորեն շոշափելով ոտներիս տակի հողը։

Չենք ճանաչել ու հաճախ գերագնահատել ենք մեր կարողության չափը, չենք հասկացել դժվարությունների մեծությունը, արհամարհել ենք հակառակ ուժերը եւ թեթեւամտության աստիճանի անփույթ ենք եղել մեզ սպառնացող վտանգների հանդեպ։

Կտրուկ ենք եղել, ուր պետք էր ծայրահեղ զգուշություն, ու անվճռական այնտեղ, ուր պետք է կտրուկ լինեինք։

Չենք կարողացել տարբերել պետությունը կուսակցությունից ու կուսակցական մտայնություն ենք մտցրել պետական կյանքի մեջ։

Պետական մարդիկ չէինք մենք։

Թող ոչ ոք չվիրավորվի այս խոսքերից. անբարյացկամ մարդու չարախնդություն չէ սա, այլ մի պարզ ինքնագնահատում։ Չէ՞ որ անկարողների առաջին շարքում՝ ձեր կողքին ու ձեր հետ միասին՝ եղել եմ ես. ես ձեր գործակիցն եմ եղել, ձեզ հետ ու ձեզ չափ պատասխանատու մեր պարտության։

Պատասխանատու, ասի... քաջություն չունեմ ավելացնելու, որ մենք ոչ միշտ ու ոչ հարկավոր չափով գիտակցել ենք, թե ինչ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա. ապա նաեւ, թե ոչ միշտ եւ ոչ հարկավոր չափերով բարեխիղճ ենք եղել մեր պարտականությունների հանդեպ... Քաջություն չունեմ, որովհետեւ վախենում եմ, թե անարդար լինեմ։ Բայց, ո՞վ գիտե, գուցե ինձանից ավելի անաչառ մի մարդ այդ էլ ասի եւ անիրավացի չլինի...(նույն տեղում, էջ 42-43)։

Լեո. «Ո՞վ էր, ուրեմն, իսկական հեղինակը հայ ժողովրդի կորստյան. գաղութահայությունը, որ իր այս գործով վերջացնում էր այն, ինչ սկսել էր Միքայել Նալբանդյանի ժամանակից... Ռուսաստանի գաղութահայությունն էր այդ գործի իսկական տերը, եւ ամեն ինչ նրան է պարտական իբրեւ ռուսական ազգության արդյունք, իբրեւ բակունինիզմի ահռելի հաղթանակ։ Եթե բոլոր «հեղափոխական» կոչված ձեռնարկումները մաղենք եւ քամենք, կստանանք մի կազմակերպչական եւ տակտիկական միավոր։ Դաշնակցությունը շատ ուժեղ կերպով էր ներկայացնում այդ ռուսական կառուցվածքը։ Եթե չլիներ նա, հայությունը չէր խեղդվի արյան ծովի մեջ» (նույն տեղում, էջ 119)։

«Այս մի չափազանց կարեւոր հանգամանք է, որ մենք պարտավոր ենք քննել ամենայն լրջությամբ եւ անկողմնակալությամբ՝ պատասխանատուները եւ նրանց պատասխանատվության չափը ճշտելու համար։ Մենք պիտի միանգամայն անբավարար համարենք այն վերաբերմունքը, որ պատասխանատու եւ մեղավոր է հռչակում միմիայն թուրքերին։ Չպետք է ստվերի մեջ թողնել հակառակ կողմը, որի պատասխանատվությունը պակաս ահռելի չէ» (նույն տեղում, էջ 140)։



3

Ուրացումի շրջան

Ահավոր եղելությունից հետո անգամ, ցեղասպանությանն ու դրա հետեւանքներին ականատես դաշնակցական գործիչները ցանկացած պայմանով իրենց իշխանությունը Հայաստանում պահպանելու համար պատրաստ էին ընդունել Թուրքիայի գերիշխանությունը, նրան ազատել ցեղասպանության մեղադրանքից, Հայաստանի եւ հայության փրկված մասն էլ նետել նրա ոտքերի տակ, երբ ցեղասպանությունը... դեռ շարունակվում էր:

Լեո. «Եվ այս բոլոր սարսափների մեջ ամենամեծը, մղձավանջայինը, որ ընդունակ էր հարյուրապատկել մեր ժողովրդի ցավերն ու տանջանքները, թշնամու անողորմ սուրը չէր, այլ նրանից էլ հարյուրապատիկ հատու եւ անողորմ այն իրողությունը, որ Դաշնակցությունն իր բերանով խոստովանում էր, թե թուրքահայ հեղափոխությունը երեսուն տարվա ընթացքում ուրիշ բան չի եղել, բայց միայն ոճիր ժողովրդի դեմ, մի չարագործություն հիմնված հիմարությունների, տգետ անհասկացողությունների վրա: Անարգ սյունին էր բեւեռվում ամբողջ թուրքահայ հեղափոխության գաղափարախոսությունը, եւ բեւեռվում էր ո՞ւմ ձեռքով՝ Դաշնակցության, որ գլխավոր ոճրագործն էր: Այս մի ինքնասպանություն էր, որ, տարաբախտաբար, ժամանակին չէր կատարվում, որպեսզի բնաջնջված ժողովրդից գոնե մի երկու բուռն ավելի ազատվեր: Սակայն շատ տարօրինակ դրդումներով էր, որ Դաշնակցությունը դիմում էր ինքնասպանության: Այդ գործը նա կատարում էր ոչ թե մեռնելու եւ անհայտանալու համար, այլ ընդհակառակը՝ նորից ապրալու եւ տիրող մնալու հույսով: Կորցնելով ամեն ինչ՝ նա ուզում էր կենսական հյութեր գտնել ստեղծված սարսափելի պայմանների մեջ: Թշնամին՝ գրավելով Ալեքսանդրապոլն ու Իգդիրը, սպառնում էր Երեւանին. ուրիշ ելք չէր մնում. իշխանությունը պահելու համար պետք էր անձնատուր լինել հոգով եւ մարմնով, նախապատրաստել այնպիսի արդարացումներ, որոնք հասկանալի դարձնեին ամենախայտառակ պարտությունն անգամ: Հայ մարտական կառավարության անունով հոխորտացող կազմակերպությունն այդ օրհասական օրերին դառնում էր սաստիկ ծեծված մի երեխա, որ լաց ու կոծով հավատացնում է, թե ինքը մեղավոր չէ, չէ իմացել: Եվ հանձն էր առնում այնպիսի մեղքեր, որոնց համար աշխարհի վրա չի կարող լինել որեւէ արդարացում, եւ որոնց համագումարը կազմում է ոչ այլ ինչ, բայց միայն խայտառակ ինքնասպանություն» (Նույն տեղում, էջ 235-236):

«Հառաջ», 1920, թ.255. «Իր փրկության համար Հայաստանն ունի մի ճանապարհ - գտնել անմիջական կերպով մի ընդհանուր լեզու իր հարեւանի, թուրքի հետ: Եթե հայ ժողովուրդը կամենում է ապրել եւ ապահովել իր պետական ու ֆիզիկական գոյությունը հարատեւորեն, նա պետք է ունենա ոչ թե ռուսական, այլ թրքական օրիենտացիա: ...Եվ եթե հայ ժողովուրդը վերջին համաեվրոպական պատերազմի ժամանակ չունենար ռուսական օրիենտացիա, այլ լիներ թուրքերի հետ առանց վերապահության, ամենայն հավանականությամբ նա խուսափած կլիներ կոտորածներից եւ նրա դրությունը վրացիներից էլ լավ կլիներ»: Ալեքսանդրապոլի պայմանագիր (հատված, որ բացակայում է հայերեն բնագրում). «Ինչպես որ թուրք, ռուս եւ բոլոր աշխարհի վիճակագրությունները եւ հաստատյալ ընկերային կացությունը ցույց կու տան, այս առթիվ ալ կվավերացվի, թե Օսմանյան սահմանի վրա հայ մեծամասնություն ունեցող որեւէ հողամաս չկա» (տե՛ս Լեո, նույն տեղում, էջ 243):

Ռուբեն Տեր-Մինասյան. «Ռադեկը գիտացորեն խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով, թե թուրքահայերի բնաջնջումը պետական անհրաժեշտություն էր Թուրքիայի համար: Հայկական կոտորածները պետական անհրաժեշտություն էին Ռուսաստանի համար՝ ի վնաս Թուրքիայի եւ հայերի» (նույն տեղում, էջ 83):

Սիմոն Վրացյան (1921թ.). «Բոլշեւիզմի դեմ կռվելու եւ, ընդհանրապես, մեր երկրում խաղաղ կյանք վրսկսելու համար մենք մեծապես պետք ունինք հարեւան Թուրքիայի բարեկամությանը, նույնիսկ աջակցությանը: Ամեն մի քայլ՝ թե՛ այստեղ, թե՛ արտասահմանում, որ հակառակ է մեր եւ թուրքերի մեջ բարյացկամ կապեր հաստատելուն, կարող է ճակատագրական լինել մեզ համար: Այսօր մենք երկու իրական ուժ ունենք մեր կողքին. մեկը խորհրդային Ռուսաստանն է, մյուսը՝ Թուրքիան: Մյուս ուժերը մեզնից շատ հեռու են: ԱՌԱՋԻՆԻ ՀԵՏ, ԻՆՉՊԵՍ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԴԱՌԸ ՓՈՐՁԸ, ՀԱՇՏՎԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ, ՄՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԲԱՐԵԿԱՄԱՆԱՆՔ ՄՅՈՒՍԻ ՀԵՏ: Այդ անհնարին չէ, որովհետեւ մենք եւ թուրքերն ունինք ընդհանուր շահեր, որ ամենայն համերաշխությամբ կարող ենք պաշտպանել ընդհանուր ուժերով... Մեր իրական դրությունը պահանջում է հաշտ եւ իրական կենակցություն մեր հարեւան Թուրքիայի հետ: Ուրեմն՝ մեր արտասահմանի բարեկամները, եթե նրանք իրոք բարեկամ են մեզ, չպիտի դնեն Թուրքիան այնպիսի դրության մեջ, ուր նա նկատի մեզ իբրեւ իրա դժբախտության պատճառը ու լցվի ատելության եւ վրիժառության զգացմունքներով հանդեպ մեզ: Կոնֆերանսի որոշումները մեր վերաբերմամբ ընդունելի պիտի լինին Թուրքիայի համար, ահա՛ մեր պահանջը» (մեջբերված՝ Ավետիս Ահարոնյան, Հայաստանի Հանրապետություն, Եր.-1993, էջ 657-658):

«Ազատ Հայաստան», 1921, թ. 35. «Իր ազատագրական պայքարի այս տաժանելի օրերին հայ ժողովուրդը քաղաքական իմաստություն պիտի ունենա թոթափելու իրենից անցյալի դառն հուշերը եւ ավանդությունները եւ ոչինչ չխնայելու հայ եւ թուրք ժողովուրդների, Հայաստանի եւ Տաճկաստանի բարեկամությունը հաստատելու համար: Թուրք ժողովրդի, Տաճկաստանի գործոն բարեկամությամբ է միայն, որ հայ ժողովուրդը պիտի դուրս գա իր ներկա ծանր տագնապից եւ թուրք ժողովրդի հետ միասին է, որ հայ ժողովուրդը պիտի կարողանա վերջապես ձեռք բերել տեւական ապահովություն: Ուրիշ ճանապարհ չկա»:

Զավեն Մսրլյան. «18 մարտ 1921-ին, Սիմոն Վրացյան Թուրքիո Ազգային մեծ ժողովու կառավարության, որ ճանչցած էր «Հայրենիքի փրկության կոմիտեն» որպես միակ իշխանությունը Հայաստանի մեջ, ուղղեց դիմում մը: Դիմումի մեջ Ս. Վրացյան կխնդրեր, որ իր բանակը համալրելու համար թուրքեր վերադարձնեն իրենց մոտ եղող հայ պատերազմական գերիները, եւ ցույց տան ռազմական օգնություն Հայաստանի Հանրապետության: Սիմոն Վրացյան իր դիմումը կհիմներ Ալեքսանդրապոլի դաշնագիրին վրա: Վրացյան կգրեր. «Սույն դիմումն անելով Հայաստանի կառավարությունը հիմնվում է այն բարեկամական հարաբերությունների վրա, որոնց հիմք են դրված Ալեքսանդրապոլի դաշնագրից սկսած եւ որոնք խանգարված էին բոլշեւիկյան իշխանության ժամանակ» («Երեք դաշնագիր», Բեյրութ, 1979, էջ 119-120):

Վրացյանի հեռագիրը Լոնդոնի խորհրդաժողովին. «Հայաստանը կուզե ապրիլ խաղաղությամբ ու բարեկամությամբ իր հարեւան Թուրքիո հետ: Ան կուզե ուրեմն, որ Լոնդոնի խորհրդաժողովին տալիք որոշումները փոխադարձ անվստահություն չբերեն Թուրքիո եւ Հայաստանի միջեւ եւ կամ դժգոհություն: Վերջ:» (Հեռագրի առիթով Օսբորնի մակագրությունը՝ «Այնպես կթվի, թե զենքով թուրք մը կեցած էր պ. Վրացյանի կռնակը, երբ ան այս հեռագիրը ղրկեց» (տե՛ս Զ. Մսրլյան, էջ 120-121):

«Հայրենիքի փրկության կոմիտեի» օրգան «Ազատ Հայաստան» պաշտոնաթերթ. «Իրերի պատմական բերումով Անդրկովկասի ժողովուրդների իրական պաշտպանը կարող է դառնալ միայն Տաճկաստանը: Որովհետեւ Տաճկաստանն է միակ իրական, մերձավորագույն քաղաքական ուժը, որն անմիջապես եւ կենսապես շահագրգռված է Անդրկովկասի ժողովուրդների կատարյալ ազատագրությամբ» (տե՛ս Զ. Մսրլյան, էջ 120):

Հայաստանում իշխանությունը կորցնելուց հետո, արդեն արտասահմանում, անտեսելով եւ ուրանալով ահավոր ցեղասպանության փաստը, ՀՅԴ-ն շարունակել է ապավինել ու ծառայել թուրքերին. վրաց մենշեւիկների, ադրբեջանական մուսավաթի եւ Թուրքիայի հետ 1921-26թթ. մշակել եւ կնքել է «Պրոմեթեյան ուխտ» դաշինքը՝ Անդրկովկասը Ռուսաստանից անջատելու եւ Թուրքիայի հովանավորության տակ դնելու նպատակով:

Մ. Սերոբյան. «Այս աթոռազուրկ ատրպեճանցի, վրացի, դաղստանցի եւ հայ նախարարները մեկ նպատակ միայն կհետապնդեն. տիրանալ իրենց կորցրած աթոռներին: Եվ հոն, մութին մեջ կկազմեն «Պրոմեթեական» խմբակը: ...1926-ին, երբ Սուլթանով Պոլսի մեջ «Կովկասյան համադաշնակցությունը» վերջապես կազմակերպելե հետո Քեմալի հովանավորության տակ, 1926 նոյեմբերին Փարիզի մեջ կպարզե Վրացյան խմբակի հետ 1921-են ի վեր կազմած համագործակցության փուլերը, եւ կպահանջե, որ «Կովկասյան համադաշնակցության» Պոլսո կենտրոնական կոմիտեի մեջ հայերուն համար բաց թողված երկու աթոռներ գրավեն Ս. Վրացյան եւ Ռուբեն փաշա (Դարբինյան): ...Այլեւս դիմակները ինկած են Վրացյան-Դարբինյան խմբակին երեսեն: Այ այսուհետեւ ճակատաբաց Վրացյան-Դարբինյան կրնան հայտարարել իրենց դավանանքը` «Կովկասի ժողովուրդների պաշտպան կարող է լինել Տաճկաստանը» («Հայաստանի անկախության առիթով», Կահիրե, 1950, էջ 49-50):

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ՀՅԴ-ն օժանդակել է ֆաշիստական Գերմանիային եւ նրա դաշնակիցներին, որոնց մեջ էր նաեւ Թուրքիան: ՀՅԴ-ի կողմից «կոտորածների» 20-ամյա ուրացման փաստի հանդիման Հիտլերն իրոք իրավունք ուներ հռետորական հարց տալու. «Ո՞վ է հիշում այսօր հայկական կոտորածները»: Քանզի այն չէր հիշում նաեւ ՀՅԴ-ն:

Գրիգոր Մերճանով. «Դաշնակցության Պյուրոյի հետ իմ ունեցած սկզբունքային գլխավոր տարակարծություններես մեկը եղավ կուսակցության գործակցությունը Նացի Գերմանիո հետ, 2-րդ համաշխարհային պատերազմի օրերուն: Չէի կրնա հաշտվիլ այն մտքի հետ, որ կուսակցությունը իր սեփական հատվածական նպատակներեն տարված, կրնա ու պետք է գործակցի ցեղային խտրությունը եւ աշխարհակալությունը նշանաբան դարձուցած այս տերության հետ: ... Նացի Գերմանիո դաշնակից դարձեր էր Թուրքիան, որ իմ աչքին կպատկերացներ Գայզերական Գերմանիո եւ Իթթիհատական Թուրքիո միջեւ կնքված զինակցությունը, որուն ավանդության շարունակությունն էր այս մեկը: Գոնե այսպես կնկատեի ես: Որով, գերմանական հաղթանակի մը պարագային, Հայաստանի բախտով մտահոգվելու պետք չունեին ուրիշները: Թուրքիան կբավեր, որուն բանակները տարիներ առաջ շարված մնացին Արաքսին արեւմտյան եզերքին վրա, անհամբեր սպասելով Ստալինկրաթի անկումին: Բարեբախտաբար դիմադրեց Ստալինկրաթը: Գերմանիան պարտվեցավ: Իմ համոզումս է, որ անով վերապրեցավ նաեւ հայությունը: Այլապես թուրքերը հին բարեկամ գերմաններուն հետ, Մեծ եղեռնեն ճողոպրած հայության վերջին կտորին հաշիվը մաքրած պիտի ըլլային այսօր: ...Փարիզի Կենտրոնական կոմիտեի ժողովներուն մեջ ես գլխովին հակառակեցա այս ծրագրին, որ աղետալի էր պարզապես: Մեծամասնությունը հավանություն տվավ գործակցության թեզին, եւ որոշումը վավերացվեցավ» («Իմ կտակը», Բեյրութ 1972, էջ 90-92:

«Սառը պատերազմի» տարիներին Դաշնակցությունը գտնվում էր Թուրքիայի հետ նույն բլոկում՝ ընդդեմ Խորհրդային Միության, որի մեջ էր Հայաստանը:

Ռուբեն Դարբինյան. «Միջազգային ներկա կացության մեջ Թուրքիո՝ ազատ աշխարհին հետ ըլլալը ոչ թե չարիք մը, այլ բարիք մըն է ազատատենչ հայության համար» («Ազդակ», 21.11.1954):

Դաշնակցությունը հօգուտ Թուրքիայի լրտեսական գործունեությամբ է զբաղվել ընդդեմ Հայաստանի եւ այն երկրների, որոնք ապաստան են տվել եղեռնից մազապուրծ տասնյակ հազարավոր հայերի:

Սիրիայի պետական ապահովության բարձրագույն ատյանի դատապարտման որոշումը. Դաշնակ կուսակցության լրտեսություն կատարելը ի շահ Իսրայելի եւ օտար երկրներու դատին (թարգմանություն արաբերենից. «Հետեւյալ էջերուն մեջ մանրամասնորեն պիտի հստակեցնենք յուրաքանչյուր խնդիր առանձին, մատնանշելով յուրաքանչյուր ամբաստանյալի դերը այս դատական գործի մեջ հետեւյալ շարքով:

Խնդիր առաջին. Կուսակցության լրտեսությունը Բեյրութի եւ Հալեպի մեջ ի շահ Թուրքիո եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներու:

...Ամբաստանյալ Արթին Պազրպաշյան...անդամակցած է դաշնակ կուսակցության 1933թ. եւ աստիճանաբար բարձրացած է պատասխանատու պաշտոններու, ըլլալով երբեմն Հալեպի հանձնախումբի եւ երբեմն ալ Կոմիտեի անդամ: 1952թ. ան նշանակվեցավ որպես պետ Սուրիո «հետախուզական հանձնախմբի»: Իր հետ խոսած է Սուրիո կուսակցապետ Հրաչ Փափազյանը, որ միեւնույն ժամանակ կուսակցության բարձրագույն կոմիտեի անդամ էր: Ան պատմած է այն համաձայնության մասին, որ ինքը կայացուցած է Թուրքիո հետ՝ Թուրքիո մեջ, թուրք պատասխանատուներու հետ միասին, ըստ որի կուսակցությունը եւ Թուրքական պետությունը պիտի գործակցեին համայնավարներուն դեմ, այն պայմանավ, որ կուսակցությունը ի շահ Թուրքիո տեղեկություններ հավաքե Սուրիո զինվորական, քաղաքական, երկրագործական կացության մասին, փոխան Թուրքիո օգնության համար, որպեսզի հայերը Սովետական Հայաստանը ազատագրեին համայնավարներեն ընդհանուր պատերազմի մը ընթացքին» (տե՛ս «Արմատ», թ. 64):

Որպես վերջաբան

1923թ.-ին, աչքի առաջ ՀՅԴ 30-ամյա գործունեությունը, Առաջին հանրապետության առաջին վարչապետ Հ. Քաջազնունին, արդեն անվիճելի «դաժան իրականության» հանդիման, սթափված աղաղակեց. «Հայաստանն ու հայ ժողովուրդը հում նյութ չեն ՀՅ Դաշնակցությունն ապրեցնելու համար: Անորակելի ոճիր կլիներ, եթե մենք մի վայրկյան անգամ թույլ տայինք մեզ վարվել այնպես, ինչպես կվարվեր (գիտակցորեն, թե անգիտակցորեն) կուսակցական ֆանատիզմով բռնկված հիվանդը: ՀՅ Դաշնակցությունն անելիք չունի այլեւս, ո՛չ ներկայումս, ո՛չ ապագայում. նա վերջ պիտի դնի իր գոյության» (նույն տեղում, էջ 58, 61): ՀՅԴ-ն իր հերթին Քաջազնունուն հայտարարեց «հոգեկան հիվանդ» եւ, կուսակցական նույն ֆանատիզմով բռնկված, շարունակեց «անորակելի ոճիրը» իրեն որպես «հում նյութ» պահող հայ ժողովրդի նկատմամբ:

50 տարի ՀՅԴ-ն ուրացավ հայոց ցեղասպանությունը: Միայն 1965թ.-ից, երբ Հայաստանում աննախադեպ ցույցեր եղան ցեղասպանության ճանաչման եւ «հողերի» պահանջով, հանկարծ «հասկացավ», որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որ այն իրականացրել է ոչ թե Ռուսաստանը, այլ Թուրքիան, եւ արժե այն շահարկել իր գոյությունը սփյուռքում արդարացնելու նպատակով: Ուստի սկսեց թուրքական դեսպաններ որսալ եւ Ռուսաստանի ձեռքերով կորցրած հողերը հետ բերելու ծրագրեր կազմել:

Ինչի՞ համար էր 50-ամյա լռության, ավելի ճիշտ՝ ուրացումի, պարտակումի շրջանը: Դրա համար ՀՅԴ-ն ուներ առնվազն երկու կենսական ու հավասարազոր պատճառ.

ա) Դաշնակցությունը պետք է որոշեր, թե ո՞վ է ավելի շատ չարիք բերել՝ Թուրքիան, թե՞ Ռուսաստանը: Հարցին պատասխանելու համար պետք է ընտրվեր ելակետ. չարիքը պատճառվել է Հայաստանին ու հայ ժողովրդի՞ն, թե՞ Դաշնակցությանը: Առաջին ելակետի դեպքում, իհարկե՛ Թուրքիան էր չարագործը՝ իր գործած ցեղասպանությամբ, ողջ Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի մի մասի զավթմամբ: Երկրորդ ելակետի դեպքում, իհարկե՛ Ռուսաստանը, որի շնորհիվ հայ ժողովրդի փրկված այս հատվածը գեթ ազատվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից, սակայն իշխանությունից զրկեց եւ դուրս քշեց Դաշնակցությանը: Մինչդեռ Թուրքիան թույլ էր տալիս մնալ եւ իշխել: «Կուսակցական ֆանատիզմը», բնականաբար, ընտրեց երկրորդ ելակետը:

բ) Եթե ՀՅԴ-ն սկզբից եւեթ սկսեր ցեղասպանության համար մեղադրել Թուրքիային (ինչը նա արեց 1965-ից հետ), ապա ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր մարդիկ հարյուրավոր բնական հարցեր եւ մեղադրանքներ կուղղեին նրան: Գուցե եւ հենց նրանք վերջ տային ՀՅԴ-ի գոյությանը, որին այդպես անմնացորդ վստահել էին իրենց ճակատագիրը, իսկ նա լքել էր, խաբել, մատնել, փախել: Ուրեմն՝ պետք էր ժամանակ շահել, մինչեւ սերունդը փոխվեր, մինչեւ կենդանի հիշողությունը մարեր եւ մեջտեղ գային նորահյուս հեքիաթներն ու առասպելները: 50 տարին դրան բավարար էր:

1965-ից հետո, երբ ուրիշները արդեն դրեցին ցեղասպանության եւ Թուրքիայի մեղավորության հարցը, ՀՅԴ-ն կտրուկ շրջադարձով «սեփականաշնորհեց» այն, հակառակ դեպքում անխուսափելիորեն դրվելու էր նաեւ իր մեղավորության եւ պատասխանատվության հարցը: Իսկ եթե ինքն է հարցի միակ «տերը», բնականաբար դա թույլ չի տա: Ինչպես որ երբեւէ թույլ չի տա, որ հարցը դրվի բանական, լուծելի, հեռանկարային ճանապարհի վրա: Եվ ինչպես հինգ տասնամյակ առաջ, այնպես էլ այժմ՝ այն պետք է ծառայեցվեր «գերագույն արժեքին»՝ Դաշնակցությանը, ոչ թե «հում նյութին»՝ հայ ժողովրդին: Այսինքն՝ պետք է հետապնդվեր ճիշտ այնպես, ինչպես ժամանակին «61-րդ հոդվածը»:

Ցեղասպանությունը մարդկության դեմ գործված հանցագործություն է եւ վաղեմության ժամկետ չի ճանաչում:

Հայոց ցեղասպանությունը ունի երեք պատասխանատու՝ յուրաքանչյուրը հանցանքի եւ պատասխանատվության իր չափով:

Առաջինը Թուրքիան է, որն իրականացրել է այն, եւ որեւէ պատճառ չի կարող որպես արդարացում ծառայել:

Երկրորդը Ռուսաստանը եւ եվրոպական երկրներն են, որ չեն կանխել, իսկ հաճախ օժանդակել են նրան:

Երրորդը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, որի քաղաքական արկածախնդրության հետեւանքով հայությունը մատնվել է ցեղասպանության:

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ու դատապարտվի, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Դա պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Ճանաչումը, դատապարտումը եւ պատասխանատվությունը պետք է իրականանան վերը բերված ցուցակի հակառակ հերթականությամբ: Որովհետեւ դա է բանական, արդյունավետ եւ մինչեւ վերջ հասնելու միակ հնարավոր ճանապարհը:

Որպեսզի այս «Հայկական հարցն» էլ չունենա նախորդի ճակատագիրը՝ կրկին խաղալիք չդառնա ուրիշների ձեռքին, ինչպես որ է այսօր, եւ նոր արհավիրք՝ Հայաստանի ժողովրդի գլխին:

Որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատվի բոլոր երեք՝ «հում նյութ» լինելու, օտարին ապավինելու եւ զոհի կործանարար եւ ազգասպան բարդույթներից, շրջի վերջապես իր պատմության տխուր եւ ամոթալի էջը, փայփայի իր պետականությունը եւ կարողանա շարունակել վստահ ապրել իր երկրում:




Արտատպված է` "Չորրորդ իշխանություն"-ից

No comments:

Post a Comment

նշագրեր /// պիտակներ

DIY (5) handmade (2) ImYerevan.com (4) lifehack (1) no comment (1) Re:Post: (9) Respect: (42) SOS (1) Довлатов (7) СССР (8) ազգային ներկապնակ (32) ազգային-ազատագրական (10) ազգի թերմացք (17) ակնարկ (4) ամառային դահլիճ (6) ամփոփում (9) անկախություն (3) աննամուս (1) անՆասուն (5) Արթուր Մեսչյան (13) արձակ (24) արձակոտն (25) արվեստ (4) արտատպում (26) բանավեճ (1) բելի վաստակ (16) բլՕգ (2) բնապահպանական (21) Գառնի (5) գիրք (7) գրականություն (5) Դովլաթով (4) եկեղեցի (5) եղեռն (4) երաժշտություն (36) երգիծահումոր (28) ԵՐԵՎԱՆ ամսագիր (3) Երևան (34) Երվանդ Քոչար (1) Զորաց քարեր (4) Զվարթնոց (2) էսսե (1) Թամանյան (9) թատրոն (2) թարգմանություն (10) թուքումուր (63) ինֆոգրաֆիկա (2) Լավ էլի (1) Լեռ Կամսար (4) լիկ.բեզ (9) լորամրգի (1) լուսանկար (15) լուսանկարչություն (13) կայք (1) կիսամարաթոն (2) համերգ (2) հայոց լեզու (11) հեղափոխություն (10) Հին Երևան (13) հնագիտություն (2) հոդված (3) հուշարձան (4) ճանապարհորդական (35) ճարտարապետություն (15) մանիֆեստ (4) մշակույթ (4) մոբիլոգրաֆիա (31) մոտո (5) մուլտֆիլմ (1) մտավորական (7) նամակագրություն (1) նոթեր (55) ոսկե ծիրան (5) ոտանավոր (8) որմզդեղն (6) ուժըսի նաշէվա գառադկա (17) պարապ-սարապ (14) պեղումներ (1) պոռնո (1) ռազմահայրենասիրական (3) Ռաֆայել Իսրայելյան (1) ռետրո (1) ռոք (3) Սարոյան (5) սոցիալական (16) սոցռեալիզմ (1) սփյուռքահայ նեգռ (4) սֆաթադավթար (1) Վրաստան (2) տեսանյութ (6) քաղաք (9) քաղաքացի պոետ (1) քարտեզ (1) ֆիլմ (59) ֆոլկլոր (1) ֆոտոպատմություն (14)